Իշխանազուրկ կդառնաս «Ես իսկապես
մտահոգված եմ Ձեր քաղաքական ապագայով, պրն Բաղդասարյան: Մեր քաղաքական պատմությունից
հայտնի է, թե շամպայն խմելն ի՜նչ վատ նշան է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շամպայն խմեց՝
1,5 տարի հետո զրկվեց իշխանությունից: 1,5 տարի հետո մեզանում տեղի են ունենալու
խորհրդարանական ընտրություններ: Մի՞թե դուք իմ ընկերական, բարեկամական մտահոգությունը
չեք գնահատում եւ չեք ցանկանում ընդառաջել իմ հորդորներին»,- այսպիսի սրտակեղեք կոչով
Հմայակ Հովհաննիսյանը երեկ դիմեց ԱԺ նախագահին՝ առիթ տալով, որ Վիկտոր Դալլաքյանը
վերջինիս առաջարկի թաշկինակ նվիրել Հմայակին՝ նման լացակումած ելույթների համար:
Այս ամենի առիթն էլի ավանդների վերադարձման մասին օրենքն էր: Հմայակ Հովհաննիսյանը
2006 թ. պետբյուջեում ավանդների վերադարձման համար 1 միլիարդ դրամ նախատեսելուց հետո
էլ հորդորում էր ԱԺ նախագահին վճռական եւ հետեւողական լինել եւ քննարկել այդ օրենքը:
Ա. Բաղդասարյանն ի պատասխան հա՛ կրկնում էր, թե բյուջեի մասին օրենքը նույնպես օրենք
է, եւ որ դրանում արդեն իսկ հիմնականում ներառված են շրջանառության մեջ գտնվող օրինագծի
դրույթները. «Խելագարության կանխավարկածով չառաջնորդվենք՝ մի օրենքը 2 անգամ չենք
կարող ընդունել»: Եվ ի վերջո հայտարարեց. «Որոշ պատգամավորներ մայրենիի չիմացությամբ
բռնաբարում են հայրենի ուղղագրությունը»: Հմայակ Հովհաննիսյանն ավանդների
փոխհատուցման համար նախատեսված գումարի առնչությամբ դժգոհել էր. «Այդ շնից պոկված
մազը՝ ծախսային մասից 0,2% խղճուկ գումա՛րը գոնե ավելացվեր»: Սա էլ կառավարության
հասցեին վիրավորանք որակեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ
նախագահողին հորդորեց հակազդել նման ելույթներին: Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց,
որ նախագահողը, որ այդ պահին Վահան Հովհաննիսյանն էր, իրավունք չունի մեկնաբանել
որեւէ ելույթ: «Բա սա կյա՞նք է, ելույթ մեկնաբանել էլ չի կարելի: Որ չմեկնաբանեմ՝
սիրտս կճաքի»,- դժգոհեց Վահան Հովհաննիսյանը, ու Վիկտոր Դալլաքյանը նահանջեց. «Քանի
որ ես շատ եմ մտածում ձեր առողջության մասին՝ աչք կփակեմ, թեկուզ ինձ մեղադրեն անսկզբունքայնության
մեջ, որ Դուք մեկնաբանեք Հմայակ Հովհաննիսյանի բառերը»: Ա.
Ի.