Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՌԱԿԻ

Նոյեմբեր 12,2005 00:00

ԵՌԱԿԻ ԵՐՐՈՐԴՆ ԵՆՔ Եվ այսպես, Իսրայելի Բեեր-Շեվա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային վեցերորդ առաջնությունը: Մարզական առումով առաջնությունն անցավ անչափ հետաքրքիր, լարված, հաճախ էլ՝ խաղատախտակների վրա ծավալվող անհավանական թվացող իրադարձություններով հագեցած պայքարում: Հայաստանի հավաքականը կրկին գերազանց հանդես եկավ ու երրորդ անգամ անընդմեջ նվաճելով աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալը՝ ապացուցեց, որ մեր երկիրն արժանիորեն տեղ է զբաղեցնում շախմատային գերտերությունների շարքում: Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Աշոտ Անաստասյան կազմով մեր ընտրանին Բեեր-Շեվայում անցկացրած ութ տուրերում տարավ 4 թիմային հաղթանակ, արեց 3 ոչ-ոքի եւ միայն 1-ում պարտություն կրեց, այն էլ ապագա չեմպիոնից: Ինչ վերաբերում է մեր շախմատիստների անհատական մրցելույթներին, վեց հոգուց չորսը ոչ մի անգամ մրցավայրից գլխիկոր հեռանալու առիթ չունեցավ: Առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկած մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, մասնակցելով բոլոր ութ տուրերին, տարավ երկու հաղթանակ, վեց պարտիայում բաժանեց միավորը եւ իր անվան դիմաց գրանցեց բավականին բարձր ցուցանիշ՝ 5 միավոր, Վլադիմիր Հակոբյանը (+1, =6, -0) եւ Կարեն Ասրյանը (+2,=5, -0), հանդես գալով 7-ական տուրերում, համապատասխանաբար, վաստակեցին 4,0 7 4,5 միավոր: Հինգ տուրի մասնակցեց Աշոտ Անաստասյանը՝ տանելով 1 հաղթանակ, 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի, կրելով 1 պարտություն: Սմբատ Լպուտյանի արդյունքն է (+1, =2, -0)՝ 2,0 միավոր: Այս անգամ չստացվեց մեր ամենափորձառու գրոսմայստերի՝ Ռաֆայել Վահանյանի խաղը: Նա անցկացրած երկու պարտիաներից մեկում հաշտություն կնքեց մրցակցի հետ, մյուսում պարտվեց ու վաստակեց ընդամենը 0,5 միավոր: Առաջնության սկզբից մինչեւ վերջին պահը մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում էին Չինաստանի տղամարդիկ, որոնց մրցակիցներն սկզբում այնքան էլ լուրջ չէին վերաբերվում: Նրանք եզրափակիչ տուրից առաջ երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի հավաքականին գերազանցում էին ամբողջ 2,5 միավորով: Վճռորոշ պարտիայում, որում, ասես, ճակատագրի հեգնանքով միմյանց դեմ էին ելել հենց այս թիմերը, չեմպիոն դառնալու համար Ռուսաստանի քառյակից պահանջվում էր անել գրեթե անհավանականը՝ առավելության հասնել 3,5:0,5 հաշվով: Քչերն էին հավատում դրան, բայց ոչ ռուսները: Ու նրանք արեցին դա՝ իրենց վերադարձնելով երկար տարիներ առաջ կորցրած աշխարհի թիվ մեկ հավաքականի տիտղոսը: Այստեղ հարկ է անպայման շեշտել, որ նրանք դրա համար պարտական են Հայաստանին, որը նախավերջին տուրում գեղեցիկ ոճով 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց չինացիներին՝ կրճատելով նրանց ու ռուսների միջեւ եղած միավորների այն ժամանակ անհաղթահարելի տարբերությունը: Աշխարհի առաջնության ամփոփիչ մրցաշարային աղյուսակը. Ռուսաստան 22,0 Չինաստան (տղ.) 21,5 Հայաստան 18,5 Ուկրաինա 17,5 ԱՄՆ 16,5 Իսրայել 14,5 Կուբա 13,0 Չինաստան (կանայք) 7,0 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել