Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփյանին չուզեցի՞ն լսել

Նոյեմբեր 12,2005 00:00

Հովսեփյանին չուզեցի՞ն լսել Սահմանադրական բարեփոխումների քարոզչությունը ձախողվեց Երեկ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, գրող Ռուբեն Հովսեփյանը պետք է հանդիպեր Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին, որպեսզի նրանց հետ խոսեր սահմանադրական բարեփոխումներից: Սակայն, հանդիպումը տեղի չունեցավ: Պատճառն այն էր, որ ուսանողները շատ էին զբաղված եւ չկարողացան գոնե մեկ ժամ տրամադրել նոր սահմանադրությանը: Հանդիպումը պետք է սկսվեր ժամը 14-ին, սակայն 14.30-ի դրությամբ դահլիճում ընդամենը մի քանի ուսանող էր նստած, այն էլ տխուր դեմքերով: Ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էմին Թորոսյանը միջանցքներում կանգնած ուսանողներին փորձում էր համոզելով, երբեմն ստիպողաբար դահլիճ էր տանում: Սակայն նրա ջանքերը զուր էին, քանի որ դահլիճն այդպես էլ կիսադատարկության սահմանը չանցավ: Ուսանողներից շատերի շրջանում ոգեւորության ալիք բարձրացավ, երբ լսեցին, թե Ռուբեն Հովսեփյանը ելույթ չի ունենալու: Կարծիքներ էլ կային, որ նա հրաժարվել է խոսել կիսադատարկ դահլիճում: Սակայն բուհի ուսխորհրդի փոխնախագահ Նորայր Նազարյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ուսխորհուրդն է առաջարկել հետաձգել հանդիպումը: Նաեւ խոստացավ, որ մյուս շաբաթ իրենք կապահովեն լիքը դահլիճ, իսկ չորեքշաբթի կամ հինգշաբթի հանդիպումն անպայման կկայանա: Մինչ ուսխորհրդի անդամները դեսուդեն էին գնում, որ գործը գլուխ բերեն, 4-5 ուսանող բուհի ցուրտ դահլիճում նստած ծափ էր տալիս: Հավանաբար, տաքանալու նպատակով: Շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե ինչ հանդիպում էր նախատեսված: Մեծամասնության պատասխանն էր. «Դասից հանեցին, ասացին գնացեք դահլիճ»: Ոմանք չէին թաքցնում, որ իրենք ո՛չ սահմանադրական բարեփոխումներով են հետաքրքրված, ո՛չ էլ Ռուբեն Հովսեփյանին են ճանաչում: «Պատճառը ինֆորմացիայի եւ կազմակերպվածության պակասն է»,- իր ընկերների կողմից փորձեց արդարանալ մի ուսանող: Մի խումբ ուսանողներ էլ դժգոհեցին, որ «իզուր տեղն» են իրենց ազատել մասնագիտական առարկաներից: Իսկ այս ամենի պատասխանը՝ ըստ ուսխորհրդի նախագահ Էմին Թորոսյանի, սա է. «Քանի որ փորձեր կային, մենք չէինք կարող դրանք հետաձգել: Մասնագիտական տեսանկյունից անհնար էր: Իսկ ուսանողներին չցանկացանք ստիպողաբար դահլիճ տանել, որովհետեւ այդ դեպքում քննարկումը ձեւական բնույթ կստանար»: Ուսխորհրդի անդամները խորհուրդ տվեցին նույն հարցը դասախոսներին չուղղել, քանի որ շենքում գտնվող հատուկենտ դասախոսները փորձերով են զբաղված ու չարժե նրանց անհանգստացնել: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել