Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղետյալ» քաղաքացուն չեն օգնում

Նոյեմբեր 12,2005 00:00

«Աղետյալ» քաղաքացուն չեն օգնում Փոխանակ երկրաշարժից քանդված տան համար փոխհատուցում տան՝ եղած նպաստից էլ են զրկում Արարատի մարզի բնակիչ Լուսինե Խառատյանի՝ իշխանություններից ստացած միակ շոշափելի արդյունքը 15 տարիների ընթացքում տարբեր գերատեսչություններ հղած դիմում-բողոքների պատասխանների տրցակն է: Միայն իգական սեռից բաղկացած Լուսինե Խառատյանի ընտանիքը (մայրը եւ անչափահաս դուստրը) արդեն 17 տարի բնակվում է կոմունալ հարմարություններից զուրկ, փլված բնակարանում: Հողե աղյուսից կառուցված տունը փլուզվել է 1988-ի երկրաշարժից: Այդ օրից ի վեր անմխիթար վիճակում հայտնված ընտանիքը ծվարել է տան քիչ թե շատ բարվոք մի սենյակում եւ ամեն օր վախը սրտում սպասում է, թե մի օր էլ տան մնացած մասը կփլվի: Բարվոք ասվածը կիսականգուն, լայն ճաքերով ու հողե հատակով մի սենյակ է, որտեղ, ընտանիքի անդամներից բացի, նաեւ բնակվում են կարիճներ եւ այլ միջատներ: Մարդավարի ապրելու համար Լ. Խառատյանն ուր ասես չի դիմել, սակայն ընտանիքի վիճակն օրեցօր ավելի է վատացել: Մարզի ղեկավարությունից սկսած մինչեւ երկրի նախագահ՝ բացի խոստումներից ոչինչ չեն արել: «Ոչ փոխհատուցում են տալիս, ոչ էլ բնակարանով են ապահովում: Ասում են՝ միջոցներ չունենք, լավ, ես ո՞ւմ դիմեմ, Հայաստանի Հանրապետության աղետյալ քաղաքացի եմ: Եթե իմ երկրում իգական սեռին չեն կարողանում օգնել, տարիներով ես, մայրս, աղջիկս անմարդկային ու ստորացուցիչ պայմաններում ենք բնակվում, ես էլ ո՞ւմ դիմեմ: Հիմա էլ նպաստից են զրկում: Պատճառաբանում են, որ մի քանի օրից աղջիկս չափահաս է դառնում, սակայն անտեսում են, որ անօգնական վիճակում ենք, գլխներիս ծածկ չունենք: Ես գործազուրկ եմ, մորս թոշակն ու ընտանեկան նպաստը մեր միակ եկամուտն է, ինչը հազիվ հերիքում է էլեկտրաէներգիայի ու ջրի վարձերին»,- պատմում է Լ. Խառատյանը: Խառատյանների տան փլուզված լինելու մասին եզրակացություն է տվել մասնագիտական հանձնաժողովը: Փաստաթղթում նշվում է. «Երկրաշարժից հետո տան մի մասը փլուզվել է, պատերին առաջացել են երկայնական ու լայնական ճաքեր՝ բնակիչների համար վտանգավոր դարձնելով տան հետագա շահագործումը»: Լ. Խառատյանի տան անմխիթար վիճակի մասին վկայող փաստաթուղթն էլ կնոջ թղթապանակում է մնացել, ոչ Արարատի մարզպետարանը, ոչ էլ գյուղապետարանն այն բանի տեղ չեն դրել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել