ՈՉ ՊԱՂՊԱՂԱԿ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ, ՈՉ ԷԼ ՊԱՆԻ՞Ր Ըստ ներկրողների եւ արտադրողների ներկայացրած տվյալների, փաստորեն, Հայաստանում յուրաքանչյուր մարդ տարեկան ուտում է 60 գրամ պաղպաղակ եւ դրա կեսի չափ պանիր: Այս տարվա ընթացքում հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի եւ այլ շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ առկա են չարձանագրվող, որոշ դեպքերում՝ արձանագրվող ծավալները մի քանի անգամ գերազանցող հատվածներ: Պատկերն առավել տեսանելի է դառնում, երբ համեմատում ենք արտադրման, ներկրման եւ իրացման ծավալները: Այս աբսուրդ եւ տարօրինակ փաստի պատճառները, հանձնաժողովի գնահատմամբ՝ ավելի շատ օբյեկտիվ են: Մասնավորապես, չհաշվառվող հատվածը հիմնականում վերաբերում է գյուղատնտեսական արտադրության բաղադրիչ ունեցող կամ գյուղմթերքների վերամշակման շուկաներին: Խնդիրն այն է, որ գյուղացիական արտադրանքը Հայաստանում չի հարկվում, ազատված է հարկերից: Հետեւաբար հստակ հաշվառում չի իրականացվում: Այսինքն՝ պետական մարմինները չեն կարող այսօր հստակ արձանագրել, թե գյուղացիները շուկայում որքան միս, կաթ, մածուն, թթվասեր են վաճառում, կամ նրանցից որքան են վերամշակման կամ արդյունաբերական արտադրանք տալու համար այս ապրանքներից գնում: Պարզ է, որ տնտեսվարող սուբյեկտները շատ լավ իմանալով, որ այս հատվածը հստակ հաշվառում չունի, իրենք էլ չեն ջանում դա ցույց տալ փաստաթղթերում: Ներկայացնենք, օրինակ, ցորենի ալյուրի շուկայում ուսումնասիրության արդյունքները՝ թվերով. շուկայի ծավալը կազմել է մոտ 136 հազար տոննա: Այստեղ, որպես իրացման խոշոր ծավալներ ունեցող ընկերություններ, աչքի են ընկել «Ֆլիտֆուդ», «Մանանա գրեյն» ՍՊԸ-ները եւ «ՎԹ թրեյդ» ՓԲԸ-ն: Շուկայում գործող այս երեք խոշոր տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր բաժինը կազմում է շուկայի ծավալի մոտ 72 տոկոսը: Ինչ վերաբերում է ներկրմանը՝ նախորդ տարի հանրապետություն ներկրվել է մոտ 14 հազար տոննա ընդհանուր ծավալով ալյուր, որից կոմերցիոն նպատակով ներկրվել է մոտ 3000 տոննան: Տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տեղեկատվության համաձայն, հանրապետությունում արտադրվել է մոտ 141 հազար տոննա ցորենի ալյուր: Թվերը համեմատելով պարզ է դառնում, որ գոյություն ունի որոշակի անհամապատասխանություն՝ իրացման, ինչպես նաեւ արտադրության ծավալների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների եւ Հարկային պետական ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության միջեւ: Ըստ տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տվյալների՝ նախորդ տարի ընդհանուր առմամբ հանրապետությունում իրացվել է մոտ 130?հազար տոննա ալյուր, ըստ հարկայինի՝ մոտ 53 հազար տոննա: Տարբերությունը կազմում է մոտ 77000 տոննա: Նույնպիսի անհամապատասխանություն կա պարենային ցորենի շուկայում: Այստեղ գործող առաջին երեք խոշոր տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր բաժինը կազմում է շուկայի ծավալի մոտ 71 տոկոսը: Հանձնաժողովին տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ ցորենի ալյուրի եւ էթիլային սպիրտի սեփական արտադրության մեջ վերջիններիս կողմից 2004-ին օգտագործվել է մոտ 155 հազար տոննա պարենային ցորեն: Հանրապետությունում իրացված մոտ 171?հազար տոննա պարենային ցորենից 51 հազար տոննա եւս օգտագործվել է ցորենի ալյուրի եւ էթիլային սպիրտի արտադրության մեջ: Բացի այն, որ իրացման ծավալների վերաբերյալ հարկայինի ու տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած թվերը չեն համընկնում, ըստ այդ տեղեկատվության ստացվում է, որ 126 հազար տոննա ցորեն է իրացվել շուկայում, բայց չի օգտագործվել ո՛չ ալյուրի, ո՛չ էլ սպիրտի մեջ: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանն անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, եւ շուտով՝ 2009 թվականից, կազմակերպության պահանջով գյուղատնտեսությունը հարկումից ազատելու Հայաստանի արտոնությունը վերանում է: Ուստի, հանձնաժողովի տեսակետով, հաշվառման ծավալները կարող են իրականին մոտ լինել 2009 թվականից, երբ գյուղատնտեսությունը եւս մտնի հարկային դաշտ: Իսկ մինչ այդ, եղած ծավալների համաձայն, ընդհանրապես իրականությունից հեռու թվեր են ստացվում: Օրինակ՝ որ հանրապետությունում յուրաքանչյուր մարդ տարեկան ուտում է 30 գրամ պանիր, 60 գրամ պաղպաղակ եւ այլն: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ