Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆԱԿԻ ՀԱՄ ՈՒ ՀՈՏԻՆ ՄԻ ԽԱԲՎԵՔ

Նոյեմբեր 12,2005 00:00

ՊԱՀՊԱՆԱԿԻ ՀԱՄ ՈՒ ՀՈՏԻՆ ՄԻ ԽԱԲՎԵՔ Տղամարդկանց նախընտրած մրգային, հատապտղային կամ այլ հոտերով ու համերով պահպանակները կարող են վնասել առողջությանը: Հայ տղամարդիկ հիմնականում գնում են էժանագին պահպանակներ. համենայնդեպս՝ այդպես հավաստիացրին մայրաքաղաքի մի քանի տասնյակ դեղատների աշխատակիցները: Մինչդեռ նրանց առաջարկվող տեսականին բավականին լայն է ու բազմազան: Եթե ելակի, բանանի, հաղարջի, ցիտրուսների եւ այլ գայթակղիչ հոտերով պահպանակները օգտագործողին էսթետիկական հաճույք են պատճառում, ապա գնդիկներով, բեղիկներով պահպանակները զգայական հաճույքը կրկնապատկելու ու երկարացնելու նպատակ են հետապնդում: Պահպանակ արտադրողները հոգացել են նաեւ քաղցրի սիրահարների մասին. դեղատներում այսօր առկա են նաեւ շոկոլադե համով «ապահովիչներ»: Շոկոլադե պահպանակների համն ու հոտը միակ առավելությունը չէ. սրանք էժանագինների համեմատությամբ ավելի որակյալ ու վստահելի են, բացի այդ, ըստ պահպանակի վրայի գրառման՝ «ստիմուլ» են տալիս: Այս շուկայում նորամուծություն է սեւ եւ վառ գույներով պահպանակները, սակայն դեղատան աշխատակիցների խոսքերով՝ հայ տղամարդիկ ավելի շատ գնում են մարմնագույնը՝ «պարտնյորի առաջ ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար»: Դեղավաճառների ներկայացմամբ՝ «մեր տղամարդիկ կոմպլեքսավորվում են, երբ ոչ ստանդարտ, ասենք՝ կարմիր կամ մեկ այլ վառ գույնի պահպանակ ենք առաջարկում»: Նորություն են նաեւ «contex» ֆիրմայի 750 դրամ արժողությամբ շահովի պահպանակները: Տուփի վրա պատկերված կենցաղային իրերը շահելու համար սպառողը պետք է մատնանշված հասցեով «sms» ուղարկի եւ ֆիրմայի համակրանքին արժանանալու դեպքում պահպանակով սառնարան, մեքենա կամ արդուկ կշահի: Աստղակերպի նշաններով պահպանակներն էլ օգտագործողին եւ հակառակ սեռին խոստանում են «հասցնել հաճույքի գագաթնակետին» ու «պարգեւել անմոռանալի պահեր»: Հայ տղամարդկանց մի քանի րոպե թագավոր զգալու երազանքն էլ կիրականացնի «King» անունը կրող պահպանակը: Սա եւս համարվում է վստահելի ու որակյալ, քանի որ թանկարժեքներից է: Դեղատներում վաճառվող 30-40 տեսակի պահպանակների գներն ընդհանուր առմամբ 30-1000 դրամ է: Թանկարժեքների առավելություններից է պահպանակի չափսերի առկայությունը. ամենաերկարը XXL-ն է: Ամենափոքրն ու բարակը՝ «light»-ը: Տղամարդու սերմը ոչնչացնող հատկությամբ ու ցավազրկող պահպանակները եւս էլիտարների շարքին են դասվում: Պատռվելու դեպքում անգամ այս պահպանակներն անվտանգ են: Չնայած պահպանակների շուկայի բազմազանությանն ու օր օրի ավելացող նորամուծություններին, այնուամենայնիվ, սեքսապաթոլոգները գտնում են, որ համերով, հոտերով եւ այլ քիմիական նյութերով «օծված» պահպանակները առողջության համար այնքան էլ անվտանգ չեն եւ որոշ դեպքերում կարող են ալերգիկ երեւույթներ առաջացնել՝ հատկապես կանանց մոտ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց սեքսապաթոլոգ Գեղամ Վարդանյանը. «որքան պահպանակը զերծ լինի համահոտային արհեստական նյութերից՝ այնքան ավելի լավ»: Գ. Վարդանյանի մեկնաբանմամբ՝ օրինակ, սերմնասպանիչ հատկությամբ պահպանակները ճնշող ազդեցություն են գործում կնոջ օրգանիզմի տեղային նորմալ միկրոֆլորայի վրա՝ դրանով իսկ նպաստելով բորբոքումներին: Մեր զրուցակցի խոսքերով՝ նման խնդիրներ ունեցողները հազվադեպ են դա պահպանակներին վերագրում: Նկատենք, որ վերջերս շուկայում հայտնվել են հայ արտադրողների կողմից տարբեր ֆիրմաների ապրանքանիշը կեղծած պահպանակներ, որոնք որակով զիջում են օրիգինալին եւ չեն համապատասխանում տուփի վրա նշված «չափանիշներին»: Մինչդեռ պահպանակների շուկայում առայժմ ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել եւ ներկրողների, արտադրողների վրա դրանց իրացման հետ կապված ոչ մի արգելք դրված չէ: Առողջապահության նախարարությունը չի տարբերակել, թե որոնք են վտանգավոր եւ անվտանգ պահպանակները, ինչը հաստատեց նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլաննա Գեւորգյանը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել