Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մրցույթ՝

Նոյեմբեր 12,2005 00:00

Մրցույթ՝ հեռախոսներով ու զանգերով Հայ աղջիկները նախընտրում են «պուճուր-մուճուր», իսկ տղաները՝ «բացովի-փակովի» բջջային հեռախոսներ Բջջային հեռախոսների վաճառքը վերջին ամիսներին բավականին շահեկան բիզնես է դարձել: Այդ մասին է վկայում այն, որ քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «բջջայինների խոշոր տեսականի», «հեռախոսներ» եւ այլ ցուցանակներով խանութների: Վերջերս էլ այդ բիզնեսով սկսել են զբաղվել բջջային ծառայություններ մատուցող 2 օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելը»: Խանութներից մեր հարցումների ընթացքում պարզեցինք, որ Հայաստանում ավելի մեծ համբավ են վայելում «nokia» հեռախոսները, բայց գնում են հիմնականում «motorola» եւ «sony ericson»: Նկատենք, որ այս հեռախոսների գները Հայաստանում բավականին բարձր են, բայց խնդիրը ոչ թե պահանջարկ-առաջարկի հետ է կապված, այլ՝ որ դրանք թանկ հեռախոսներ են նաեւ համաշխարհային շուկայում, ինչը, բացի որակից ու հեղինակությունից, պայմանավորված է նաեւ շատ ֆունկցիաներով: Սակայն Հայաստանում դրանցից շատերը չեն օգտագործվում, քանի որ նման ծառայություններ առայժմ օպերատորները չեն մատուցում: Ստացվում է, որ հայերը միայն ձեւին ու գնին են ուշադրություն դարձնում՝ հեռախոսը հասարակության մեջ դարձնելով ինքնահաստատման միջոց եւ «լոպազանալու» հեշտ տարբերակ: Երբ մուտք գործեց բջջային ծառայություններ մատուցող երկրորդ օպերատորը, հեռախոսների գները կտրուկ բարձրացան, ավելացավ նաեւ մաքսանենգ եւ օրինական ճանապարհով ներմուծվող հեռախոսների թիվը: Օրինակ՝ Մաքսային պետական կոմիտեի վերջին ստուգումների արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված մոտ 500 բջջային հեռախոս: Շուկայի մասնակիցների գնահատմամբ՝ բջջային հեռախոսների շուկայի մինչեւ 98 տոկոսը հանդիսանում է մաքսանենգ ապրանք, իսկ շուկայի ծավալը Հայաստանում բջջային կապի շուկայի ապամենաշնորհումից հետո կազմում է ամսական մոտ 20 հազար հեռախոս: Այս օրերին, ներկրման հետ կապված, բջջայինների գներն անհամեմատ իջել են, որի առնչությամբ հեռախոս վաճառողները սկսել են դժգոհություններ հայտնել: Մասնավորապես նրանցից մեկի մեկնաբանությամբ՝ «հիմա էնքան որ ջրի գնով ծախում ենք, որովհետեւ, եթե ճանապարհածախսը, մաքսային տուրքերը հանես, մեզ բան չի մնում»: «Երկու օրը մեկ մի հատ ծախում ենք՝ հացի փող ենք անում: Եթե էժան չտաս, խանութները թափած են, առնողը 10 մետր կքայլի, կողքի խանութից կառնի: Իսկ էժան են ծախում նրանք, ովքեր կա՛մ մեծ խմբաքանակով եւ զեղչերով են գնել, կա՛մ մաքս չեն մուծել»,- «Առավոտին» բիզնեսի նորությունները ներկայացրեց «Երիտասարդական» մետրոյի անցումում տեղակայած կրպակներից մեկի տերը: Նկատենք, որ շատացել են նաեւ հեռախոսային ծառայություններ մատուցող կետերը, որտեղ հատկապես երեկոյան ժամը 9-ից հետո հերթեր են գոյանում: Ըստ նման կետերի պատասխանատուների, մատուցվող ծառայություններից՝ հեռախոսների կոդավորում-ապակոդավորում, թարգմանություն եւ այլն, հիմնականում «երգ-երաժշտություն գցելու համար են դիմում»: Սա նաեւ ամենաէժան ծառայությունն է՝ յուրաքանչյուր երգը՝ 100 դրամ, սակայն շատ մեծ նշանակություն ունի երիտասարդների իմիջի վրա, որովհետեւ այսօր նրանք իրար հետ մրցում են ոչ միայն հեռախոսներով, այլեւ՝ «ռաբիս» զանգերով: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել