Ակցիան տապալեցին Մանուկ Գասպարյանը ուսանողների հետ է Երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդը» տարբեր բուհերից եկած ուսանողական խմբերի հետ պետք է կազմակերպեր հերթական հավաքը՝ ընդդեմ բուհական խորհուրդների կազմը ձեւավորելու մասին կառավարության որոշման: Ինչպես հայտնեցին կազմակերպիչները, դեռ մեկ օր առաջ դեկանատներից մտել եւ ֆակուլտետներում զգուշացրել են, որ եթե որեւէ մեկը մասնակցի նմանատիպ հավաքների, անհապաղ կհեռացվի բուհից: Այս իմանալով, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որ եկել էր աջակցելու ուսանողներին, ասաց. «Ես էլ ձեզ խոստանում եմ, եթե կանեք հանրահավաք, ձեր պահանջները կներկայացնեք եւ եթե ինչ-որ մեկին կհեռացնեն, այդ հեռացնողը հետո անպայման հետեւանքներ կունենա, էնքան կհետեւեմ իրեն, մինչեւ իրե՛ն կհեռացնեն: Ինչպես ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի դեպքում. մի տարի ամբիոնի հետեւում խոսեցի՝ մինչեւ հեռացրին»: Երեկ ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի ուսանողներին եւս որոշ մարդիկ (ըստ ուսանողների՝ նրանք անվտանգության աշխատակիցներ են եղել) չէին թողնում գալ կենտրոնական մասնաշենք. շատերին պարզապես ապատեղեկացնում էին՝ ասելով, թե իբր հավաքը հետաձգվել է: Կազմակերպիչները որոշեցին երկուշաբթի նիստ հրավիրել, գծել հետագա 2 օրերի պլանը, ավելի մանրակրկիտ վերլուծել խնդիրները: Մանուկ Գասպարյանն էլ որոշակի խորհուրդներ տվեց ուսանողներին եւ խոստացավ մնալ իրենց կողքին, անել ամեն ինչ, որպեսզի «քաղաքականությունը չմտնի ինստիտուտներից ներս: Այսինքն՝ հիմնական իշխող կուսակցություններից «Օրինաց երկիրն» ու «Հանրապետականը» իրենց ձեռքն են վերցնում համակարգը: Դասախոսական կազմն էլ պետք է պարի քաղաքական կառույցների դուդուկի տակ: Հետո իշխանությունը, կուսակցությունները փոխվելու են, բուհերի կազմն էլ հետն է փոխվելու: Կործանեցին նախադպրոցական հիմնարկները, դպրոցները, հիմա էլ կկործանեն բուհերը»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ