Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՄԱՂԲԸ՝

Նոյեմբեր 12,2005 00:00

ԳՈՄԱՂԲԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽԹԱՆ Էկոգյուղատնտեսությամբ զբաղվողները բացառում են թունաքիմիկատների օգտագործումը եւ բույսերը մշակում են միայն օճառաջրով, սոխի, սխտորի եւ տաքդեղի հյութերով: Բնության դեմ երկարատեւ պայքարից հետո, երբ այլեւս քիչ բան մնաց փչացնելու, մարդկությունը սկսում է հասկանալ, որ ժամանակն է ոչ միայն կանգ առնելու, այլեւ՝ վերադառնալու նախկին վիճակին: Էկոլոգիական աղետների եզրին կանգնած մարդիկ այսօր ուտում են քիմիական տարբեր նյութերով եւ հորմոններով հարստացված, ըստ էության, թունավոր սնունդ: Ամեն տեսակի «ֆաստ-ֆուդերը» (ամերիկացիներն ասում են «ջանկ-ֆուդ»՝ աղբ-սնունդ), որ այդքան սիրում են մեր երեխաները, պատրաստվում են առողջության համար վտանգավոր մթերքներից՝ քիմիայով «հարստացված» երշիկեղենից, անհայտ ծագման մայոնեզներից եւ սոուսներից, դրան ավելանում են նաեւ գազով հյութերը, որոնց բաղադրության մեջ քիմիան կրկին մեծ դեր ունի: Հասկանալով, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, մարդիկ շարժում են սկսել՝ հանուն մաքուր եւ բնական սննդի: «Էկոլոգիական գյուղատնտեսություն» հասկացությունը նոր է մտնում հայաստանցիներիս բառապաշարի մեջ, սակայն արդեն հասցրել է իր լուրջ տեղը գրավել համաշխարհային գյուղատնտեսության բնագավառում: Սա գյուղատնտեսական մեթոդ է, որն ընդհանրապես բացառում է քիմիկատների եւ հանքային պարարտանյութերի օգտագործումը: «Էկոլոգիական գյուղատնտեսությունը», որը երբեմն կոչում են «օրգանական գյուղատնտեսություն», տարբերվում է գյուղատնտեսության «էկոլոգիապես մաքուր» անվանվող ճյուղից: Վերջինս ամբողջովին չի բացառում պարարտանյութերի եւ քիմիկատների օգտագործումը, սակայն՝ միայն նորմավորված եւ խիստ վերահսկելի պայմաններում: Այնինչ՝ էկոգյուղատնտեսությունը լիովին մերժում է դրանց օգտագործումը: Այս ոլորտում հողը պարարտացվում է միմիայն էկոլոգիական եւ բակտերիական պարարտանյութերով, իսկ միջատների դեմ պայքարում են ոզնիների, դոդոշների բուծման, թութունի, սոխի, սխտորի հանուկների, օճառաջրի միջոցով եւ այլ պապենական մեթոդներով: Նոյեմբերի 17-18-ը ՀՀ-ում կմեկնարկի Էկոգյուղատնտեսությանը նվիրված կոնֆերանսը, որը կազմակերպել է «Ֆուտֆուլ Արմենիա» շահույթ չհետապնդող ընկերությունը: Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բեղյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ կոնֆերանսի նպատակն է մեկտեղել եւ ճանաչել Հայաստանում էկոգյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր մասնագետներին եւ շահագրգիռ անձանց՝ նրանց բիզնեսի զարգացմանն աջակցելու, տեղական եւ արտասահմանյան շուկայում հայկական մաքուր բնամթերքի վաճառքը խթանելու համար. «ՀՀ տնտեսության 42%-ը եւ ՀՆԱ-ի 1/3-ը կազմում է գյուղատնտեսությունը: Հայաստանի բնական պայմանները, բուսական եւ կենդանական աշխարհի բազմազանությունը, քիմիական նյութերի սահմանափակ օգտագործումն ու հմուտ մարդկային ռեսուրսները նպաստավոր պայմաններ են ստեղծում այստեղ էկոլոգիական սննդի արտադրությունը բարելավելու համար: Քանի որ էկոգյուղատնտեսությունը նոր բան է ՀՀ-ի համար, պետք է աշխատել երկու ուղղությամբ միաժամանակ. կրթել սպառողներին, որ հասկանան էկոմթերքի արժեքը, եւ՝ այդ մթերքն արտադրողներին օգնել հնարավոր ամեն ինչով»: Մեր հարցին, թե ի՞նչ գործնական քայլեր կարող են հետեւեն կոնֆերանսին, պարոն Բեղյանը պատասխանեց. «Արդեն 200 մասնակից է գրանցվել: Կարծում եմ՝ նրանց մեծ մասն արդեն իսկ գործնական քայլեր ձեռնարկել է, այլապես հետաքրքրված չէր լինի մասնակցելու կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցելու են ինչպես միջազգային լուրջ կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում այդ ոլորտի զարգացմամբ՝ Համաշխարհային բանկը, FIBL, CARD ընկերությունները, Միացյալ թագավորության հողերի ընկերությունը եւ այլն, այնպես էլ՝ քաղաքական գործիչներ, սննդարդյունաբերողներ, ներդրողներ, գյուղմթերքների սպառմամբ զբաղվող անհատներ եւ ընկերություններ: Հրավիրված են նաեւ մասնագետներ աշխարհի շատ երկրներից՝ Արգենտինա, Իտալիա, ԱՄՆ, Ճապոնիա, Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Շվեյցարիա եւ այլն: Այս շրջանակները թույլ են տալիս ենթադրել, որ գործնական հիմքերը կապահովվեն»: Պարոն Բեղյանը տեղեկացրեց նաեւ, որ կոնֆերանսի ֆինանսավորման ծանր գործն իր ուսերին է վերցրել Էդուարդո Էռնեկյանը, որը նույնպես շահագրգիռ է գյուղատնտեսական այս ոլորտը ՀՀ-ում զարգացնելու հարցում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել