ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ Նրանք օգտվեցին խոսքի ազատության իրավունքից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության հետ իրականացրեց Հայաստանում ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձեւերի դեմ կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրության վավերացմանն ուղղված քարոզարշավ: Երեկ այցելեցինք ԱՆ «Վարդաշեն» եւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկներ: Դատապարտյալների շրջանում անցկացրած էսսեների մրցանակաբաշխության արդյունքներով հաղթողներ էին ճանաչվել նաեւ այս հիմնարկի դատապարտյալները, որոնց՝ կազմակերպության նախագահ Լիլիթ Պետրոսյանը հանձնեց ռադիոընդունիչներ, թեյնիկներ, հեռախոսի քարտեր, «Առավոտ» օրաթերթը եւ պատվոգրեր: «Պայմաններն այնքան լավ են, որ այստեղ պետք է միմիայն անմեղ մարդկանց բերել»,- կատակով նկատեց ժյուրիի անդամ, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը: Վերջինս իր գրքերը նվիրեց «Բեն Լադեն» մականունով Գնել Քարամյանին եւ «Չալավեկ» մականունով Մարտիրոս Աճեմյանին: Գ. Քարամյանը քրեակատարողական հիմնարկի գրադարանավարն էր: Այնտեղ բազմաթիվ գրքեր կային. Տոլստոյի, Գոգոլի, Դոստոեւսկու հատորները, «Առավոտ» եւ «Շողակն» թերթերը: Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ սպորտդահլիճում, ուր կային թենիսի երկու սեղան, մարզասարքեր: 83 դատապարտյալների համար գործում էր վստահության հեռախոսը՝ 44-22-73: Դատապարտյալներին հեռախոսազանգերի տրամադրման համար (ըստ խցերի) փակցված էր գրաֆիկ, իսկ գրաֆիկի կողքին Սեն Սիմոնի հետեւյալ խոսքերն էին. «Պատվի հասկացությունը բարոյականության ավելի ուժեղ խթան է, քան պատիժների ամեն մի օրենսգիրք»: Հաղթողների մեջ էր նաեւ «Մարդը եւ օրենքը» հաղորդաշարի նախկին հեղինակ Ալեքսանդր Գալոյանը, որը չցանկացավ լուսանկարվել: Շնորհակալագրեր եւ ռադիոընդունիչներ հանձնվեցին Արտյոմ Սարգսյանին, Հայկ Վարդանյանին, Վրեժ Ստեփանյանին, Աշոտ Ավետիսյանին: «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը հնարավորություն տվեց, որ իրենց հարազատներին արտահերթ զանգեն հաղթող դատապարտյալները: Դատապարտյալ Արտյոմ Սարգսյանն այնքան էր հուզվել, որ կարողացավ միայն ասել. «Մեր հույզերն ենք տալիս թղթին»: Իսկ հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանն իր հերթին նկատեց. «Մենք ենք ձեզանից շնորհակալ, որ գրագետ մարդիկ եք»: Տեղեկացնենք, որ այս հիմնարկում գործում են սոցիալական, իրավական բաժիններ, իսկ հոգեբանը՝ երիտասարդ մի աղջիկ, որ երկու տարի է՝ աշխատում է այստեղ, նշեց, որ դատապարտյալներն իրենք են ցանկանում իրենց հոգեվիճակը ներկայացնել լիարժեք փոխվստահության մթնոլորտում: ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ում գործող ռադիոհանգույցի միջոցով դատապարտյալները հրավիրվեցին դահլիճ, ուր լավագույն մասնակցության համար մրցանակներ հանձնվեցին «Պոետ» մականունով Մեսրոպ Ներսիսյանին (88-ի առաջին հացադուլավորներից է), Վալերի Դանիելյանին, Վաչագան Սահակյանին, Սամվել Տոնյանին, Աղասի Անանյանին (վերջինս ասաց, որ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը իր հորեղբայրն է): Վերջիններս «Առավոտի» էսսեների արդյունքների ամփոփման մասին համարը ունեցան, իսկ առանձին դատապարտյալներ շնորհակալություն հայտնեցին մեր թերթին՝ ազատազրկվածներին էջեր հատկացնելու համար: Անհայտ մի բանաստեղծ մեզ նվիրեց մի հետաքրքիր բանաստեղծություն. «Լցված է հոգիս այսօր ահավոր, ախր սիրում եմ, շուտ-շուտ դու արի, այսպես կարոտով ու մտածմունքով սիրտս նեղվում է առանց քեզ այսօր»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ