Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաժակս կնայե՞ք

Նոյեմբեր 12,2005 00:00

Բաժակս կնայե՞ք Մինչ «հավատքի» մեջ մտնելը՝ մեր հարեւանուհի Ջուլիկ տատիկը հաճախ էր նայում ցանկացողի բաժակը։ Հիմա արդեն դա մեղք է համարում։ Նա սիրողական «բաժակ նայող» էր, բայց կան նաեւ պրոֆեսիոնալներ, որոնք «բաժակ են նայում» միայն որոշ գումար վճարելուց հետո։ Ծանոթները կարող են ծախսերից խուսափել սուրճով կամ շոկոլադե սալիկով։ Ոչ միայն բաժակ նայելը, այլ նաեւ գուշակությունների տարբեր եղանակները տարածված են հատկապես հայ աղջիկների մեջ։ Երբ մոտենում է քննաշրջանը, բազմաթիվ գուշակների կարելի է հանդիպել բուհերի շրջակայքում։ Գուշակությունների տարբեր եղանակները հայ ժողովրդի մեջ տարածված են եղել հին ժամանակներից։ Այսօր հայկական որոշ գյուղեր ունեն տարվա մեջ մեկ «Ուխտի օր», երբ գյուղի ողջ բնակչությունը գնում է եկեղեցի, մոմ է վառում, աղոթք ուղղում առ Աստված։ Տոնի նախօրյակին գյուղի գուշակները հավաքվում են եկեղեցու բակում ու յուրաքանչյուր ցանկացողի «բախտը նայում»։ Այս տարի ապրիլի վերջին կիրակի օրը մենք այցելեցինք Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղ։ Հենց եկեղեցու բակում հավաքվել էին գյուղի «հայտնի եւ անհայտ» գուշակները եւ ցանկացողի «բախտն էին նայում»։ Գուշակներից մեկի մոտ հերթ էր գոյացել, իսկ մեկ ուրիշը «պարապ-սարապ» նստած էր։ Նրանցից մեկը մեր հարցին, թե որտեղ կամ ինչպես է սովորել գուշակել, պատասխանեց. «Բալես, էդ ես չեմ սովորել, էդ իմ մեջ Աստված ա դրել։ Ես մի բան գիտեմ, որ մարդուն նայում եմ՝ իրա ապագան տեսնում եմ։ Ոնց ա լինում՝ չգիտեմ»։ «Բախտ նայողները» ընդհանրապես խուսափում են մեկնաբանություններ տալ իրենց կարողությունների մասին։ Նրանք դա համարում են աստվածատուր շնորհք։ Իրականում ապագայի գուշակությունը տրվում է ի վերո՞ւստ, թե՞ դա այլ ուժի միջամտություն է։ Այս հարցով դիմեցինք Կաթողիկե եկեղեցու քահանա տեր Ավետիսին։ «Գուշակությունները ե՛ւ Հին, ե՛ւ Նոր կտակարաններում համարվում են խորթ երեւույթներ մարդկանց մեջ, որովհետեւ թե՛ գուշակությունները, թե՛ դիախոսությունները եւ այլն, տալիս են չարիք։ Գուշակությունները հեթանոսական, կռապաշտական շրջանից եկող երեւույթներ են։ Այսօր դա արվում է եկեղեցու եւ Քրիստոսի անունով։ Ավետարանական ճշմարտությամբ Քրիստոսն ասում է՝ շատերը կգան, կմոլորեցնեն, կասեն՝ ես եմ Քրիստոսը, սակայն ոչ մեկը չի գա գայլի տեսքով, այլ կգա գառան տեսքով։ Քրիստոսի կանխատեսումը այսօր իրականանում է։ Մի անգամ ընկերներիցս մեկը ուզում էր այցելել գուշակի։ Նա նախապես չասաց, թե ուր է գնում եւ խնդրեց ինձ իրեն ընկերակցել։ Միայն վերջին պահին ես տեղեկացա, որ նա գնում է գուշակի մոտ, եւ ինձ հետաքրքիր էր, թե այդ կինն ինչ պիտի ասի։ Բայց հենց ներս մտա՝ գուշակն ինձ դուրս հրավիրեց։ Եթե դու Աստծո մարդն ես, եթե դու մարգարեանում ես Աստծո ճշմարիտ հավատքով եւ աստվածապաշտ ես, ինչո՞ւ պետք է եկեղեցականից կամ հավատավոր մարդուց փախչես, խրտնես։ Պարզ է, որ քեզ ղեկավարող, քեզ իշխող ուժը չարն է»։ Չար թե բարի, բայց «անունով» գուշակները այցելուների պակաս չեն ունենում։ Երբեմն նրանց դռների մոտ նույնիսկ հերթ է գոյանում։ Առավել ճանաչվածներին «բախտ նայելու» նպատակով արդեն տուն են հրավիրում։ «Նրա մասին մենք շատ էինք լսել։ Կանչեցինք մեր տուն։ Ինքը տարօրինակ լեզվով էր խոսում, այդպիսի լեզու գոյություն էլ չունի։ Հետո իր ասածը կարծես թե հայերեն էր թարգմանում։ Նա մեր մասին նախապես ոչինչ չգիտեր, բայց մամայիս բաժակը նայելու ընթացքում նույնիսկ մեր բարեկամների անուններն ասաց։ Նրա բոլոր ասածները ճիշտ դուրս եկան»,172 պատմեց մեր ծանոթներից մեկը: Գուշակները հմուտ խաբեբանե՞ր են, թե՞ անհասկանալի աղբյուրից եկող ուժով օժտված մարդիկ: Սովորաբար ասում են, որ գուշակելու մենաշնորհը գնչուներինն է։ Տեր Ավետիսի բնորոշմամբ՝ «գնչուները հեթանոսական մարդիկ են, դեռ չեն ձերբազատվել կռապաշտական ախտերից»։ Այսօր արդեն հարկավոր չէ ընկնել «սար ու ձոր»՝ գնչու գտնելու նպատակով։ Եթե ոչ ձեր, ապա հարեւան շենքում հաստատ կբնակվի մի գուշակ։ ՄԱՐԻԱՆՆԱ ՓԱՅՏՅԱՆԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել