Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԾԻԳԻՆ

Նոյեմբեր 12,2005 00:00

ԾԻԳԻՆ ՈՒ ՋԻՆԱՆ ԿՌՎԵՑԻՆ Իսկ այդ շների տերերին դատեցին Օրերս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսել է «հետաքրքիր» մի գործ. երկու հարեւանների շների խաղը առիթ է դարձել, որ այն դառնա միջհարեւանական կռիվ եւ լուծվի դատարանում: Իրականում շները միայն առիթ էին: Չարենցի փողոցի թիվ 35 երկհարկանի առանձնատունը, որտեղ ապրում են Արմենուհի Ավետիսյանն իր քրոջ՝ Ամալյայի հետ եւ Գագիկ Պետրոսյանի ընտանիքը, կառուցվել է 1948թ., Արմենուհու հոր եւ հորեղբոր ձեռքերով: Արմենուհին տան առաջին հարկը ժառանգել է հորից, իսկ հողեղբոր բաժինը՝ 2-րդ հարկը, վաճառվել է: Վերջին գնորդը Գագիկ Պետրոսյանն է՝ հայցվորը, որը տունը գնել է 2000թ.: Ըստ «Առավոտին» հյուրընկալված Ա. Ավետիսյանի, իրենց հարեւանությունը չի ստացվել հենց սկզբից, որովհետեւ նորեկը նպատակ է ունեցել տունն ամբողջությամբ ձեռք բերել ու շահավետ վաճառել: «Էլ գլխիս կեղտաջուր էին թափում, էլ հոգեբուժարանից բժիշկ էին կանչում, անընդհատ հայհոյում էին ու հրահրում կռվի»,- պատմեց Արմենուհին եւ որպես ապացույց ներկայացրեց բողոք-դիմումներ՝ ուղղված ոստիկանությանն ու դատախազությանը: Սակայն ոչինչ չի փոխվել՝ հարեւանների միջեւ լարվածությունը չի վերացել: Իսկ հուլիսի 9-ին կատարված դեպքը առիթ է դարձել, որ հարեւանները հարցերը պարզեն դատարանում: Անցյալ տարվանից Գ. Պետրոսյանի ընտանիքում հայտնվել է նոր անդամ՝ պիտբուլտերյեր տեսակի շուն՝ Ծիգին: Իսկ մինչ այդ, արդեն 11 տարի Ավետիսյանների տանը ապրում էր փոքրիկ մի շնիկ՝ Ջինան: Քանի որ բակն ընդհանուր է, Ծիգին ու Ջինան հաճախ են առիթ ունեցել միմյանց հանդիպելու եւ «կռվշտվելու», հատկապես որ երկուսն էլ էգ են: Ընդ որում, «հանդիպումներն» ավարտվել են, բնականաբար, Ծիգիի հաղթանակով, որովհետեւ պիտբուլտերյերը ամերիկյան մարտական ցեղատեսակ է: Դեպքի օրը, երեկոյան, ըստ Գ. Պետրոսյանի ընտանիքի անդամների տված ցուցմունքների, գործով տուժող իննամյա Վաղինակը իր քույրերի եւ ավագ քրոջ երեխաների հետ խաղում էր բակում, երբ իր շան հետ տնից դուրս է եկել Ա. Ավետիսյանը: Ծիգին սկսել է խաղալ Ջինայի հետ, իսկ Ջինայի տիրուհին պլաստմասսայե շշով, այնուհետեւ գետնից վերցրած փայտով սկսել է խփել Ծիգիին: Վաղինակը լաց է եղել եւ խնդրել, որ շանը չխփի, բայց Արմենուհին փայտով հարվածել է նաեւ Վաղինակի գլխին, ինչից Ծիգին գազազել է եւ առանց հրահանգի հարձակվել ու կծել Արմենուհու ոտքը: Վաղինակի մայրը Արմենուհուն տեղափոխել է հիվանդանոց, իսկ ավելի ուշ պարզելով, որ իր տղան էլ է վատ զգում, նրան էլ են տարել հիվանդանոց: Ըստ ներկայացված փաստաթղթերի, երեխան ուղեղի ցնցում է ստացել: «Ճիշտ չեն ասում: Երբ ես շանս հետ մտա այգի, Ծիգին չէր երեւում: Ջինան վազեց առաջ եւ այն պահին, երբ թփերի հետեւից Ծիգին անսպասելի հարձակվեց վրաս, Ջինան հեռու էր: Ես ձեռքիս պոլիէթիլենային շշով խփեցի շանը, իսկ փայտը ձեռքին նրա ետեւից եկող Վաղինակը փայտով հարվածեց ինձ: Ուշադրությունս շեղվեց ու Ծիգին ոտքս բռնեց: Նարինեն՝ Վաղինակի մայրը ինձ օգնեց, տարան հիվանդանոց, որտեղ 16 կար դրեցին վերքիս վրա: Եթե ես փայտով խփած լինեի, մայրը երեխային թողած ի՞նձ կտաներ հիվանդանոց»,- Արմենուհու այս բացատրությունը դատարանը համարել է անհիմն եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու փորձ: Դատավոր Ս. Արամյանի վճռով Արմենուհին դատապարտվել է 1 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման: «Դատապարտյալը» մտադիր է բողոքարկել: Հետաքրքիր է, որ դատարանն ուշադրություն չի դարձրել եւ պատասխանատվության չի ենթարկել Գ. Պետրոսյանին՝ մարտական շանը առանց դնչկալի ու վզկապի ընդհանուր բակ թողնելու համար: «Ապրիլին էլ նույն շունը կծել էր քրոջս ոտքը, բայց չբողոքեցինք: Հիմա էլ համ տուժել եմ, համ էլ՝ դատապարտվել»,- բողոքեց Արմենուհին: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել