Լրահոս
Օրվա լրահոսը

Ասա որքան ես ծախսում՝ ասեմ քարոզարշավդ ինչ հալի է

Նոյեմբեր 12,2005 00:00

Ասա որքան ես ծախսում՝ ասեմ քարոզարշավդ ինչ հալի է Ըստ այդմ՝ իշխանությունը լավ է ծախսում, իսկ ընդդիմությունը չի ծախսում ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչություն ծավալելու նպատակով, համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի հոդված 21-ի, փոփոխություններին եւ «այո», եւ «ոչ» ասող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով հիմնադրամ են ստեղծել ու ՀՀ Կենտրոնական բանկում հատուկ հաշվեհամարներ բացել: Նույն օրենքի համաձայն, այդ հիմնադրամները ձեւավորվում են անձնական միջոցներից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր մուծումներից: Ընդ որում, հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ՀՀ-ում հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը, ասել է թե՝ 10 մլն դրամը: Քարոզչության ընթացքում հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը, ըստ օրենքի, արգելված է: Հայտնի է, որ ԿԲ-ում քարոզչության նպատակով հիմնադրամների հաշվեհամարներ են բացել «Հասարակական երկխոսությունների եւ զարգացումների կենտրոնը»՝ 405 հազար դրամ, ՀՅԴ-ն՝ 2 մլն 650 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 2 մլն 500 հազար դրամ, ՕԵԿ-ը՝ 300 հազար դրամ: ԿԸՀ-ում չմանրամասնեցին, թե որքան սկզբնական գումար է փոխանցել մասնավորապես «այո» քարոզող եւ ԿԲ-ում հաշվեհամար բացած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, որը ղեկավարում է ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, նաեւ «ոչ» քարոզող ընդդիմադիրները՝ ԱԺԴ-ն, ԱԺՄ-ն, «Հանրապետություն» եւ ՀԺ կուսակցությունները: Նման տեղեկատվություն չկա նաեւ «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի» հաշվեհամարում առկա մուտքերի մասին: Այդուհանդերձ, մեր տվյալներով, որոնք համընկնում են նաեւ պաշտոնականի հետ, երեկվա դրությամբ հիշյալ բոլոր կազմակերպությունների հաշվեհամարներում ընդհանուր առմամբ մոտ 26 մլն դրամի մուտքեր են եղել եւ մոտ 18,5 մլն դրամի ելքեր: Երեկ մենք փորձեցինք ճշտել, թե հիշյալ ծախսերը սահմանադրական փոփոխությունների քարոզիչներն ինչի՞ վրա են ծախսել: Կոալիցիայի ձեւավորած «Այո» շտաբի համակարգող խորհրդի քարոզչության պատասխանատու, ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ մասնավորապես ՀՅԴ բացած հաշվեհամարում եղած ֆինանսական միջոցները կազմել են մոտ 7 մլն դրամ, որից մոտավորապես 6,8 միլիոնն արդեն ծախսված է թռուցիկների, պլակատների, բրոշյուրների, համակարգող խորհրդի մարզային շտաբների ցուցակների, նաեւ փողոցներում գովազդային մեծ «շիտեր» տեղադրելու նպատակով: Նույն գումարից հատկացումներ են եղել նաեւ ՀՀ ողջ տարածքում քարոզչական խմբերի ձեւավորման, նույն նպատակով` վառելիք գնելու եւ մեքենաներ ու նաեւ` «Այո»-ի նախագահության շտաբի տարածքի վարձակալության համար: Իսկ ահա մարզերում անասունների մորթի համար գումարներ նախատեսված չեն եղել: Կոալիցիոն մյուս կուսակցության՝ ՀՀԿ-ի քարոզչական հիմնադրամում շուրջ 4 մլն դրամ է եղել, որից մոտ 2 մլն-ը օգտագործվել է թռուցիկներ ու քարոզչական այլ նյութեր պատրաստելու ու տրանսպորտային ծախսերի համար: Հասկանալի է, որ տվյալ դեպքում ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հիմնադրամներում ներդրված գումարները համատեղ են օգտագործվում, թեեւ ՕԵԿ ներկայացուցիչ եւ համակարգող խորհրդի անդամ Մհեր Շահգելդյանն ասաց, որ կան ծախսեր, որոնք կուսակցություններն իրենք են տնօրինում իրենց հայեցողությամբ, որովհետեւ նրանք, բացի կոալիցիա լինելուց ու համատեղ քարոզչություն անելուց, նաեւ առանձին աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ծախսերին, ապա երեկ մեզ չհաջողվեց դրանց մասին տեղեկություններ ստանալ, որովհետեւ, ինչպես կուսակցության նախագահ Գ. Իսագուլյանն ասաց՝ ինքը դրանցից տեղյակ չէ, իսկ կուսակիցները մեկնել են Կապան՝ «այո» քարոզելու: Ամենահետաքրքիրը, սակայն, ընդդիմադիր դաշտի կուսակցություններում քարոզչությանն ուղղված ծախսերն են, որոնք, ըստ էության, չկան: Պարզվում է, որ նրանք՝ ԱԺԴ, ԱԺՄ, ՀԺԿ, «Հանրապետություն», ճիշտ է` ԿԲ-ում սահմանված կարգով հաշվեհամարներ բացել են, բայց չեն ծախսել կամ քիչ են ծախսել: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ երեկ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն ասաց, թե իրենց հիմնադրամից առայժմ գումարներ չեն ծախսվել: Ըստ նրա, ե՛ւ «18+1»-ի, ե՛ւ «Արդարություն» դաշինքի հետ ԱԺԴ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ու պարտավորություն է ստանձնել նոյեմբերի 27-ին՝ հանրաքվեի օրը, «մինի ԿԸՀ» բացել: Ինչպես պարոն Սադոյանն ասաց, իրենց հիմնադրամում կուտակված ու կուտակվելիք միջոցներն ուղղվելու են այդ օրը ԿԸՀ-ին զուգահեռ ընտրողների մասնակցության, խախտումներ արձանագրելու, դիմում-բողոքները, ստացված ահազանգերը կենտրոնացնելու, ի վերջո` նաեւ քվեարկության արդյունքները հաշվարկելու համար ձեւավորվելիք կենտրոն բացելու, դրա համար տարածք վարձակալելու ու աշխատանքները կազմակերպելու գործին: Ընդ որում, պարոն Սադոյանի ասելով, շահագրգիռ անձինք, նաեւ՝ լրագրողները, այդ կենտրոնից ժամը մեկ կարող են թարմ տեղեկատվություն ստանալ քվեարկության ընթացքի ու արդյունքների մասին: «Հանրապետություն» կուսակցությունում էլ ասացին, որ իրենց հաշվեհամարում այնքան գումար կա, որքան պահանջվում է օրենսդրությամբ, բայց առանձնապես գումարներ չեն ծախսել, որովհետեւ հեռուստաընկերությունները քարոզարշավի գովազդ չեն տեղադրում, որի համար նախատեսված էր որոշակի գումար, կուսակցությունը դեռեւս պլակատներ չի պատրաստել, իսկ քարոզարշավի նպատակով մարզեր մեկնելիս ամեն մեկն ինքն է իր մեքենան լիցքավորում: Քարոզարշավի ժամանակ դահլիճներ վարձակալելու անհրաժեշտություն չի եղել, որովհետեւ ընդդիմության հանդիպումներն անցնում են բաց երկնքի տակ ու ընտրակաշառքներ էլ չեն բաժանվում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել