ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՐՈԶ Երեկ Երեւանի պետական ագրարային համալսարանում (նախկին գյուղակադեմիա) արդեն երկրորդ անգամ կազմակերպվեց հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ՝ սահմանադրական «այո»-ի շրջանակներում: Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հավաստմամբ՝ նմանատիպ հանդիպումները կազմակերպվում են բուհի նախաձեռնությամբ, եւ դրանք ոչ թե «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզ են, այլ նպատակ ունեն մեկնաբանել, մատչելի դարձնել Սահմանադրության առանձին դրույթներ: Այս անգամ հրավիրվել էին Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը եւ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերջինս հանդես եկավ լուռ քարոզով. նա պարզապես նստեց բեմում՝ հանդիպման սկզբից մինչեւ վերջ եւ իր անխոս ներկայությամբ «այո»-ի կոչ արեց ներկաներին: Այդ ընթացքում Արմեն Հարությունյանը ամբիոնից բացատրեց սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայությունը՝ այն նույն տեքստով, ինչ ասել էր մի քանի օր առաջ՝ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Բուհի պրոֆեսորներն ու դասախոսները հարցերով դիմելիս (որոնք շատ հաճախ կրկնվում էին) նաեւ ձեռքի հետ փնովում էին «ոչ» ասող ընդդիմությանը: Նրանցից մեկի կարծիքին, թե ոչ ասողները օրենք են խախտում (չմանրամասնեց, թե հատկապես որ օրենքը), Ա. Հարությունյանը պատասխանեց, որ դա իրենց իրավունքն է, եւ հենց բազմակարծությունների վրա է կառուցվում ժողովրդավարությունը: Իսկ բուհի դասախոսները այնքան են խանդավառված սահմանադրական փոփոխություններով, որ «այո»-ին դասաժամեր են նվիրում: Այս մասին կարդացեք մեր հաջորդ համարում: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ