Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գտիր

Նոյեմբեր 12,2005 00:00

Գտիր տարբերությունը Մինչ հայ քաղաքական միտքը ինտելեկտուալ լուրջ բարձունքներ է նվաճում, ասենք՝ «հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են» կարգի արձանագրումների տեսքով, իրականությունը մեզ նորանոր ապացույցներ է հրամցնում առ այն, որ մենք ոչ միայն նման ենք ադրբեջանցիներին, այլեւ՝ գուցե միայն նրանց ենք նման: Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ադրբեջանական «Զերկալո» օրաթերթի երեկվա համարում տպագրված մի ուշագրավ հրապարակումից եւ առաջարկում տարբերություններ գտնել հոդվածում նկարագրված «հերոսների» եւ նրանց հայկական համարժեքների միջեւ: Խորհուրդ ենք տալիս նաեւ շատ չտանջվել. տարբերություններ բացարձակապես չկան: Համոզվեք ինքներդ: «Մեր նորահարուստների անունները արտասահմանյան պոպուլյար հանդեսների, ասենք՝ «Ֆորբս»-ի էջերում չեք գտնի, մինչդեռ նրանցից շատերի համար մի քանի միլիոն դոլարն ընդամենը գրպանի ծախս է: Ընդ որում, հաճախ իմանում ենք, որ այդ ընդհատակյա միլիոնատերերի մեծ մասը, որքան էլ տարօրինակ է, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են: Կարելի է միայն երեւակայել, թե որքան է կազմում այդպիսիների իրական կարողությունը: Իհարկե, ցանկացած պետծառայողի, ով կհամարձակվի ակնարկ իսկ անել այս կամ այն կոմերցիոն կառույցի՝ այս կամ այն բարձրաստիճան պետպաշտոնյային պատկանելու մասին, լուրջ տհաճություններ են սպասվում: Միեւնույն ժամանակ՝ բացարձակապես բոլոր քաղաքացիները հրաշալի տեղեկացված են երկրի չինովնիկ-մուլտիմիլիոնատերերի (իսկ գուցեեւ՝ միլիարդատերերի) մասին: Այդուհանդերձ, նրանցից ոմանց մասին հասարակությանը, ժամանակ առ ժամանակ, տեղեկացվում է պաշտոնապես: Իհարկե, դա տեղի է ունենում միայն այն դեպքերում, երբ «դավաճան» պաշտոնյային պատին են դեմ տալիս: Հետաքրքիր է, չէ՞: Մի՞թե տնտզարգացման կամ առողջապահության նախկին նախարարների գործընկերները չգիտեին նրանց միլիոնների, ամառանոցների ու մնացյալ ունեցվածքի մասին մինչ այն պահը, քանի դեռ այդ նախարարները պիտանի էին իրենց: Ծիծաղելի է, ախր ո՞ւմ եք հիմարացնում: Ամենասարսափելին այն է, որ այս արատավոր համակարգի պատճառով դեգրադացվում է ողջ երկրի տնտեսությունն ու բարոյալքվում հասարակությունն ինքը: Պաշտոնապես ներկայացվում են տնտեսության մեծ առաջընթացը հիմնավորող ցուցանիշներ, մինչդեռ բնակչության գերակշիռ մասի աղքատացումն էլ ավելի է խորանում: Իսկ իրավիճակի մեծագույն զավեշտն այն է, որ իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով ժողովրդին անընդմեջ պատմում են այն մասին, թե ինչքան լավ է ինքը ապրում…»: Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր եւ նրանց միջեւ տարբերություններ չկան: Իհարկե, կան: Ասենք՝ ադրբեջանցիներն ո՞ւր էին, երբ հայերը թատրոն եւ ճարտարապետություն ունեին: Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել