Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնեցին հեղափոխական կոչերը

Նոյեմբեր 12,2005 00:00

Կրկնեցին հեղափոխական կոչերը Ընդդիմությունը իշխանափոխության նոր ժամկետ է նշանակել «18+1» ընդդիմադիր կուսակցությունների միավորումը երեկ սահմանադրական փոփոխություններին «ոչ» քարոզելու նպատակով եղավ Եղվարդում ու Աշտարակում: Եղվարդի կենտրոնում՝ մարզպետարանի ու ոստիկանության բաժնի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկի հարակից փոքրիկ հրապարակում հավաքված շուրջ 500 հոգու ընդդիմադիր գործիչները փորձեցին փաստարկել, թե ինչու են իրենք այդ փոփոխություններին «ոչ» ասում: Եվ Եղվարդում, եւ Աշտարակում ընդդիմադիր գործիչները խոսեցին ոչ միայն հանրաքվեն իշխանությունների «ոչ»-ի եւ այդ «ոչ»-ը նոյեմբերի 27-ի՝ Երեւանում տեղի ունենալիք հանրահավաքի ժամանակ իշխանափոխության սկիզբ ու վերջ դարձնելու, այլեւ սահմանադրական փոփոխություններում առկա վտանգներ պարունակող դրույթների մասին: ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը մասնավորապես ակնարկեց, որ հանրաքվեին «այո» ասելը նույնն է, թե քարտ բլանշ տալ Ռ. Քոչարյանին երրորդ ժամկետում առաջադրվելու համար: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ավելի շատ խոսեց այն մասին, թե ընդդիմությունն ինչու է ուզում հանրաքվեին «ոչ» ասելով հասնել իշխանափոխության. «որովհետեւ մենք ուզում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն 2003թ. ընտրությունները կեղծողները, որովհետեւ այսօր ժողովրդին բանի տեղ դնող չկա, որովհետեւ մենք վերանայելու ենք անցած տարիներին կատարված ապօրինի սեփականաշնորհման գործընթացը, նաեւ բոլոր անօրինական դատավարությունները՝ սկսած «ՏԷՑ-ի կրուգից», վերջացրած «Հոկտեմբերի 27»-ով: Մարդիկ, ովքեր ՏԷՑ-ում ժամերով կրակել, մարդ էին սպանել, բանտից ու դատարանից դուրս են գալիս ու «Համմեր» ավտոմեքենա են նվեր ստանում, «Պապլավոկում» մարդ են սպանում ու մեկ ժամ մեղադրյալի աթոռին չեն նստում»: Ա. Սարգսյանը եղվարդցիներին կոչ արեց հավաքվել ու արդար ընտրությունների երաշխավորը դառնալ, որովհետեւ ՀՀ նախագահը դա չի երաշխավորում: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն անդրադարձավ իշխանությունների այն պնդումներին, թե երկրում հեղափոխություն անելու նախադրյալ չկա, ու պատմական էքսկուրս արեց. «1916թ.-ին ռուսական ցարին ասում են, որ ժողովրդի մեջ հեղափոխության մասին են խոսում: Ցարը զարմանում է՝ ի՞նչ հեղափոխության մասին եք խոսում, պատերազմ է գնում, ոչ մի հիմք հեղափոխության համար գոյություն չունի: 1917թ.-ին պայթեց այդ հեղափոխությունը: Բոլոր իշխանություններն էլ՝ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում, նույն բանն էին ասում»: Ա. Կարապետյանը նաեւ հռետորական հարցադրում արեց՝ «Այդ ինչի՞ն «այո» ասենք: «Այո» ասենք այն մարդուն, որը ասել է, թե «27»-ի գործն ուչաստկովիի գործ է ու չի՞ բացահայտել, «այո» ասենք այն մարդուն, որը հայտարարել էր, թե 40 հազար աշխատատեղ է բացելու: Հիմա կանգնածներդ այդ աշխատատեղերում աշխատո՞ւմ եք, ժողովուրդ,- Եղվարդում հավաքվածներին դիմեց Ա. Կարապետյանը ու շարունակեց հարցադրումների շարքը:- «Այո» ասենք այն «ջիփերին», որոնք մարդկանց վրայով անցնում ու չե՞ն նստում: Իսկ ի՞նչ է, գործող Սահմանադրության պայմաններում չի՞ կարելի կարգ ու կանոն հաստատել: Ի՞նչ են մեզ խոստանում այդ փոփոխությունները, որ մենք էլ «այո» ասենք: 5 տարի նախագահ է՝ ի՞նչ է փոխվել: 2003-ին բախտը բերեց. չկար հեղափոխությունների կուլտուրան: 2003-ին հավաքվեցին, թող ներեն ընդդիմության լիդերները, բայց նրանց մի մասը ճանապարհի կեսին կանգնեց: Այս անգամ հավաքվելու ենք նոյեմբերի 27-ին, կանգնելու ենք միահամուռ, գնալու ենք Բաղրամյան, ու ձեզ խոստանում եմ, այս անգամ լիդերներից ոչ մեկը ճանապարհի կեսին չի կանգնելու»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել