Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՆԿԱՐԾ ԲՈԼՈՐՍ ԴԱՌՆԱՆՔ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Նոյեմբեր 12,2005 00:00

ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՆԿԱՐԾ ԲՈԼՈՐՍ ԴԱՌՆԱՆՔ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Մտահոգված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, որը պարզաբանումներ է ներկայացնում «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագծի շուրջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում այս օրինագիծը հունվարի կեսից կդրվի պաշտոնական շրջանառության մեջ: Փորձեցինք պարզել, թե ովքեր են «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագծի հեղինակները: «Մեր խմբակցությունն է մշակում,- պարզաբանեց Լեւոն Մկրտչյանը:- Նաեւ ունենք փորձագետներ: Առայժմ խորհրդակցական մակարդակով ենք անում հանդիպումները: Անպայման պիտի նաեւ դիմենք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգնությանը, քանի որ ինքն ունի ե՛ւ միջազգային ամփոփ փորձը, ե՛ւ պատկերացումներ օրենքի շուրջ»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտնեց, թե ինչպես են պատկերացնում երկքաղաքացիների համար ընտրական իրավունքի խնդրի լուծումը. «Նա կարող է ընտրել կամ ընտրվել, ով մեզ հետ հավասար կատարում է քաղաքացու պարտավորությունները, բավարարում ընտրական ցենզի բոլոր պահանջներին. ունի նստակեցության իրավունք, հարկերը վճարում է, գալիս եւ կատարում է իր պարտականությունները բանակում: Այդ ամենի դեպքում միայն նա կարող է ստանալ ընտրելու եւ ընտրվելու իրավունք»: Հիշեցնենք, որ երկքաղաքացու որեւէ իրավունք սահմանված չէ Սահմանադրության փոփոխությունների նախագծում: Ուստի օրենսդիրը հետագայում պետք է որոշի, թե Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացուն վերապահված իրավունքներից որը պետք է սահմանի երկքաղաքացիների համար: Թերեւս այս նպատակով է վերափոխվել գործող Սահմանադրության 15 հոդվածը, ըստ որի՝ բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, դավանանքից եւ այլն, «ունեն Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները»: Եվ ըստ Սահմանադրության փոփոխությունների 14.1 հոդվածի՝ ոչ թե քաղաքացիները, այլ «մարդիկ հավասար են օրենքի առջեւ», իսկ խտրականությունն արգելվում է: Ավելին՝ թեեւ սահմանադրական փոփոխությունների նախագծում խոսքը երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականություններն օրենքով սահմանելու մասին է՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը չի բացառում բազմաքաղաքացիության ընձեռման հնարավորությունը. «Ինքը՝ երկքաղաքացիություն տերմինը, միջազգային իրավունքի տեսակետից ենթադրում է բազմաքաղաքացիություն: Կան երկրներ, որտեղ անսահմանափակ է տարբեր երկրների քաղաքացիություն ստանալու իրավունքը»: Օրենքով կարգավորելիք խնդիր է դիտում, թե արդյոք երկքաղաքացիության իրավունքը վերաբերելու է միայն հայերի՞ն, թե՞ բոլորին. հայերն ուղղակի ունենալու են պարզեցված կարգով ստանալու իրավունք: Լեւոն Մկրտչյանը չափազանցված գնահատեց մտահոգությունները, թե քաղաքացիության նման համակարգի դեպքում Սփյուռքի մեր հայրենակիցները «կվերցնեն իշխանությունը, կգցեն իրենց ազդեցության տակ եւ այլն: Այդպիսի բան չի՛ կարող լինել: Մի հասարակ օրինակով ապացուցեմ. մենք ունենք Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ պահել են այստեղ ընտրելու ու ընտրվելու իրենց իրավունքը: Սակայն բոլոր տիպի ընտրություններին նրանցից մի քանի հազարն են մասնակցում միայն: Այսինքն՝ այդ վտանգը, կարծում եմ, իրական չէ»: Փոխարենը Լեւոն Մկրտչյանը լուրջ է համարում մեկ այլ վտանգ. «ՀՀ քաղաքացիները, որոնք բնակվում են այստեղ՝ իրավունք ունենալո՞ւ են ստանալ երկքաղաքացիություն: Եվ կարո՞ղ է հանկարծ պատահի, որ մենք բոլորս հանկարծակի դառնանք նաեւ մեկ այլ երկրի քաղաքացի: Սա միանգամից կարող է թուլացնել երկրի անվտանգությունը»: Ազգային անվտանգությանն առնչվող մեկ այլ հարցադրում: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ «Պիտի լինեն պաշտոններ, որտեղ պիտի արգելվի երկքաղաքացիությունը: Այս բոլոր հարցերը կարգավորված են երկքաղաքացիությունն ընդունած երկրներում: Օրինակ, երկրներ կան, որոնք նախագահի, նախարարների, դատական իշխանության բարձրագույն աստիճանների համար ուղղակի ասում են՝ նա, ով երկքաղաքացի է՝ իրավունք չունի զբաղեցնել այս պաշտոնը: Պիտի հրաժարվի, դառնա մի երկրի քաղաքացի՝ նոր առաջադրվի: Կարող ենք մենք էլ օրենսդրությամբ նախատեսել այս սահմանափակումները»: Եվս մի կարեւոր հարցադրում. նրանք, ովքեր հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, որ դառնան այլ երկրի քաղաքացի՝ կարո՞ղ են վերականգնել այն. «Մի զգալի զանգված, քանի որ երկքաղաքացիության արգելք կար՝ ստիպողաբար հրաժարվել է քաղաքացիությունից: Մեր կարծիքով՝ նրանց եւս պետք է հնարավորություն տալ պարզեցված կարգով վերականգնել իրենց քաղաքացիությունը»: Լեւոն Մկրտչյանն անհնարին է համարում, որ գոնե առավել կարեւոր նման հարցերը կարգավորվեին հենց հիմնական օրենքով. «Չի կարելի ամեն ինչ գրել Սահմանադրության մեջ: Դրանով շատ կթուլացնենք հիմնական օրենքը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել