Եվ
այսպես, Իսրայելի Բեեր-Շեվա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային վեցերորդ
առաջնությունը: Մարզական առումով առաջնությունն անցավ անչափ հետաքրքիր, լարված,
հաճախ էլ՝ խաղատախտակների վրա ծավալվող անհավանական թվացող իրադարձություններով հագեցած
պայքարում: Հայաստանի հավաքականը կրկին գերազանց հանդես եկավ ու երրորդ անգամ
անընդմեջ նվաճելով աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալը՝ ապացուցեց, որ մեր
երկիրն արժանիորեն տեղ է զբաղեցնում շախմատային գերտերությունների շարքում: Լեւոն
Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Աշոտ
Անաստասյան կազմով մեր ընտրանին Բեեր-Շեվայում անցկացրած ութ տուրերում տարավ 4 թիմային
հաղթանակ, արեց 3 ոչ-ոքի եւ միայն 1-ում պարտություն կրեց, այն էլ ապագա չեմպիոնից:
Ինչ վերաբերում է մեր շախմատիստների անհատական մրցելույթներին, վեց հոգուց չորսը
ոչ մի անգամ մրցավայրից գլխիկոր հեռանալու առիթ չունեցավ: Առաջին խաղատախտակի առջեւ
հանդես եկած մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, մասնակցելով բոլոր ութ տուրերին,
տարավ երկու հաղթանակ, վեց պարտիայում բաժանեց միավորը եւ իր անվան դիմաց գրանցեց
բավականին բարձր ցուցանիշ՝ 5 միավոր, Վլադիմիր Հակոբյանը (+1, =6, -0) եւ Կարեն Ասրյանը
(+2,=5, -0), հանդես գալով 7-ական տուրերում, համապատասխանաբար, վաստակեցին 4,0 7
4,5 միավոր: Հինգ տուրի մասնակցեց Աշոտ Անաստասյանը՝ տանելով 1 հաղթանակ, 3 պարտիա
ավարտելով ոչ-ոքի, կրելով 1 պարտություն: Սմբատ Լպուտյանի արդյունքն է (+1, =2, -0)՝
2,0 միավոր: Այս անգամ չստացվեց մեր ամենափորձառու գրոսմայստերի՝ Ռաֆայել Վահանյանի
խաղը: Նա անցկացրած երկու պարտիաներից մեկում հաշտություն կնքեց մրցակցի հետ, մյուսում
պարտվեց ու վաստակեց ընդամենը 0,5 միավոր: Առաջնության սկզբից մինչեւ վերջին
պահը մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում էին Չինաստանի տղամարդիկ, որոնց
մրցակիցներն սկզբում այնքան էլ լուրջ չէին վերաբերվում: Նրանք եզրափակիչ տուրից առաջ
երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի հավաքականին գերազանցում էին ամբողջ 2,5 միավորով:
Վճռորոշ պարտիայում, որում, ասես, ճակատագրի հեգնանքով միմյանց դեմ էին ելել հենց
այս թիմերը, չեմպիոն դառնալու համար Ռուսաստանի քառյակից պահանջվում էր անել գրեթե
անհավանականը՝ առավելության հասնել 3,5:0,5 հաշվով: Քչերն էին հավատում դրան, բայց
ոչ ռուսները: Ու նրանք արեցին դա՝ իրենց վերադարձնելով երկար տարիներ առաջ կորցրած
աշխարհի թիվ մեկ հավաքականի տիտղոսը: Այստեղ հարկ է անպայման շեշտել, որ նրանք դրա
համար պարտական են Հայաստանին, որը նախավերջին տուրում գեղեցիկ ոճով 2,5:1,5 հաշվով
պարտության մատնեց չինացիներին՝ կրճատելով նրանց ու ռուսների միջեւ եղած միավորների
այն ժամանակ անհաղթահարելի տարբերությունը: Աշխարհի առաջնության ամփոփիչ
մրցաշարային աղյուսակը. Ռուսաստան 22,0 Չինաստան (տղ.) 21,5 Հայաստան
18,5 Ուկրաինա 17,5 ԱՄՆ 16,5 Իսրայել 14,5 Կուբա 13,0
Չինաստան (կանայք) 7,0 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ