Ըստ այցեքարտ պատրաստող ընկերությունների՝ պատվիրատուները երբեմն պնդում են այցեքարտում տպագրել անձնագրային կամ կենսագրական տվյալներ:
Արտասահմանում ծանոթանալուց ու ձեռքսեղմումից անմիջապես հետո փոխանակում են այցեքարտեր, որ անունները սխալ արտաբերելու դեպքում դիմացինին վատ վիճակի մեջ չդնես, բացի այդ, շարունակես կապ պահպանել: Իսկ մեզ մոտ այցեքարտ «հրամցնելն» ավելի շատ տպավորություն թողնելու համար է: Այդ մասին են վկայում «հայկական» այցեքարտերում զետեղված սեփական անձի մասին ուռճացված տեղեկատվությունները: Քանի որ այցեքարտը փաստաթուղթ չէ ու դրա համար չեն կարող պատասխանատվության ենթարկել, անգամ զինծառայություն չանցած մարդն իրեն կարող է գեներալ-լեյտենանտ ներկայացնել:
Այցեքարտեր տպագրողների հավաստիացմամբ՝ հայերը այցեքարտ պատվիրելիս որպես պարտադիր դետալ նշում են զինանշանի ոսկեգույն խորհրդանիշի ու պաշտոնի առկայությունը: Մինչդեռ զինանշանով այցեքարտն ավելի շատ ուժային կառույցների աշխատակիցների «մենաշնորհն» է: Մասնագետների դիտարկմամբ՝ այցեքարտ պատրաստելու համար կան որոշակի կանոններ, որոնք ամենաշատը խախտվում են Հայաստանում. պարզապես հայերը ուրիշներից տարբերվելու համար խախտում են այցեքարտի չափսը, ձեւը, գույնը, նյութը: Չափսի առումով կան միլիմետրերով գծված համաշխարհային չափանիշներ, դրանք խախտելու դեպքում այն չի տեղավորվի կամ դժվարությամբ կտեղավորվի ծոցագրպանում կամ այցեքարտապանակում: Ուստի, մեծ ու փոքր չափսերից դատելով՝ հայաստանյան այցեքարտերի մեծ մասին սպառնում է հայտնվել աղբարկղում: Տպագրողները նշեցին, որ Հայաստանում այցեքարտերը հիմնականում սպիտակ գույն ունեն: Ճիշտ է, դա ավելի էժան է նստում պատվիրատուի վրա, քան գունավորը, բայց շուտ է կեղտոտվում: Բացի այդ, տիպիկ հայկական այցեքարտերում հեռախոսահամարներից առաջ հիմնականում նշվում են նաեւ կոդեր, մինչդեռ դրանք ոչ թե ուղղորդում են ուրիշներին ճիշտ հեռախոսահամարով զանգահարել, այլ վկայում են այն մասին, որ տիրոջ կապերը սահմանափակվում են միայն Հայաստանով:
Այցեքարտ պատրաստողները, իրենց ներկայացմամբ՝ խնդրին ստեղծագործաբար են մոտենում, իսկ պատվիրատուների կողմից հիմնական դժգոհություններն առնչվում են անուն-ազգանունները փոքր տառերով գրելուն կամ պաշտոնը լավ չընդգծելուն: Նախ, գումար տնտեսելու համար հայերը հաճախ պատվիրում են երկլեզու եւ երկկողմ այցեքարտեր: Ըստ մասնագետների, առաջինի դեպքում այցեքարտը նմանվում է թարգմանական թղթի, եթե նույնիսկ անհրաժեշտ է անգլերեն կամ ռուսերեն տարբերակը, դրանք պետք է առանձին տպեն: Իսկ երկկողմ այցեքարտեր պատվիրում են, որովհետեւ ձեռնտու է. 96 օրինակ այցեքարտ տպելն արժե 6000 դրամ, իսկ երկկողմ այցեքարտերի 100 օրինակը՝ 12 հազար դրամ: Վերջերս ընդունված է այցեքարտերում գրասենյակների «քարտեզներ» զետեղելը կամ տեղը գծապատկերով բացատրելը, մինչդեռ մասնագետները հավաստիացնում են, որ դա այցեքարտը հասարակ է դարձնում, բացի այդ, մարդիկ դրանցով հազվադեպ են կողմնորոշվում: Արտերկրում եթե ուզում են, որ իրենց այցեքարտը երբեւէ աղբարկղ չնետվի՝ ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղից են այն պատրաստում: Հայաստանում առայժմ կան միայն ոսկեջրած այցեքարտեր, բայց այստեղ տիրոջը ոսկե այցեքարտով հիշելու նպատակը չի իրականանա, քանի որ այն շատ շուտ մատանի, օղ կամ ապարանջան կդառնա:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ