Արմավիրի
մարզի Բամբակաշատ եւ Ջանֆիդա գյուղերի 101 հողագործներ, չստանալով լոլիկի բերքի ակնկալվող
քանակությունը, միջին հաշվարկով կրել են մոտ 52 մլն դրամի վնաս: Գյուղացիները
պնդում են, որ պատճառը անորակ սերմն է, իսկ սերմ վաճառողները հերքում են՝ ասելով,
որ ոչ մի գյուղացի ճիշտ չի իրականացրել ագրոտեխնիկական միջոցառումները: «Պոմիդորի
թուփը չմեծացավ, վրան էլ 2-3 հատ փափուկ, անդիմացկուն պոմիդոր կար: 2000մ հողամասից
պետք է առնվազն 12 տոննա բերք ունենայի, բայց հազիվ 2 տոննա հավաքեցի, որը կատարածս
ծախսերն անգամ չփոխհատուցեց»,- բողոքեց բամբակաշատցի Խաչիկ Պողոսյանը: Ջանֆիդա
եւ Բամբակաշատ գյուղերի բնակիչները 2005-ի ցանքի համար լոլիկի սերմ ձեռք են բերել
շուկայում հայտնի «United Genetics» ամերիկյան ընկերությունից: Նախորդ տարիներին
նրանք օգտագործել են այս ընկերության լոլիկի սերմերն ու լավ բերք ստացել՝ 1 հա-ից
մինչեւ 100 տոննա լոլիկ: Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիայի (ԳԱՖ) նախագահ Վարդան
Համբարձումյանի պատմելով՝ երբ հողագործները «United Genetics»-ի լոլիկի «պակմոր»
եւ «սիրա 12» տեսակների սերմ ձեռք բերելու համար դիմել են իրենց գյուղերում գործող
գյուղացիական ասոցիացիաներին, «United Genetics» ընկերության Երեւանի ներկայացուցիչ
Մեսրոպ (Արման) Ստեփանյանը մերժել է փաստաթղթով, այսինքն՝ երաշխիքով այդ սերմը վաճառել,
ասոցիացիան էլ հրաժարվել է գյուղացիների համար առանց փաստաթղթի գործարք կնքել: Գյուղացին
ստիպված որոշել է այլ ճանապարհով գնել այդ սերմերից: Գյուղացիները կարող էին «United
Genetics» ընկերության սերմերը գնել մի քանի խանութներից եւ գյուղերում երկար տարիներ
սերմի վաճառքով զբաղվող մարդկանցից: Բամբակաշատցիները լոլիկի սերմերը գնել են Արման
Ստեփանյանից՝ «Այրարատ» կինոթատրոնի ետնամասում գտնվող սերմերի խանութից: Ջանֆիդայի
հողագործները լոլիկի սերմը գնել են վերավաճառողներից. Էջմիածին քաղաքից՝ Արթուր Վարդանյանից,
եւ Արմավիր քաղաքից՝ Ֆելիքս Ղազարյանից: Սակայն այս վերավաճառողները նույնպես «United
Genetics» ընկերության լոլիկի սերմը ձեռք են բերել Արման Ստեփանյանից: Վերջինիս պարզաբանմամբ՝
ինքը ԳԱՖ-ին մերժել է սերմ վաճառել, որովհետեւ 1-2 կգ են ուզել. «Ես ունեմ պահեստ
եւ զբաղվում եմ միայն սերմերի մեծածախ վաճառքով: 1-2 կգ-ն ինձ համար մեծածախ չէ:
Ես ոչ մի գյուղացու չեմ ճանաչում, ու ոչ մեկն ինձնից սերմ չի առել: Կարող է գյուղացիներով
հավաքվել են, իրենց ուզած քանակն արդեն մեծածախ է եղել, ես էլ տվել եմ սերմ: Գուցե,
բայց չեմ հիշում՝ ում եմ տվել ու ինչքան»: Նա նաեւ ասաց, որ «Այրարատ» կինոթատրոնի
ետնամասում գտնվող խանութում ինքը հաճախ է լինում, ու այնտեղ կա «United Genetics»-ի
սերմերի վաճառք, բայց այդ խանութն իր հետ կապ չունի, դա «United Genetics»-ի իտալական
գրասենյակի անդամ Արթուր Շիշմանյանի խանութն է. «Ես վստահեցնում եմ, որ այնտեղ էլ
վաճառվող սերմերն անորակ չեն կարող լինել, որովհետեւ այդ վերավաճառողը մեր ֆիրմայի
սերմերը գնում է ինձնից, եւ ես նրան լիովին վստահում եմ»: Բամբակաշատ գյուղի
մի քանի բնակիչներ էլ «United Genetics» ընկերության սերմեր են ձեռք բերել իրենց
համագյուղացի, տարիներ շարունակ սերմի վերավաճառքով զբաղվող Տոլիկից (Հրաչյա Հարությունյան):
Նրանից նույն սերմից գնել են նաեւ Հոկտեմբեր գյուղի հողագործները, որոնք կրկին կանգնել
են փաստի առաջ: «Ես ի՞նչ մեղք ունեմ, իրենք էդ ֆիրմայի սերմ են ուզել, ես էլ տվել
եմ: Ես ի՞նչ իմանամ, թե բանկայի մեջ ինչ է եղել: Ես էլ եմ նույն սերմից ցանել ու,
այո, փաթեթի մեջ ուրիշ, խառը սերմ էր, բայց էլի լոլիկի սերմ է եղել, չէ՞: Ուղղակի
գյուղացու ուզած սորտը չէր, գյուղացին էլ չմշակեց ու բերք չունեցավ: 5 տարի գյուղացին
էդ սերմից է բերք ստացել, ես ի՞նչ անեմ, որ էս տարի սերմի բանկայի մեջ ուրիշ տեսակ
է եղել»,- գյուղացիների մեղադրանքներից վրդովվեց Հրաչյա Հարությունյանը: Նրա ասելով՝
այս տարի ինքը վաճառել է «United Genetics» ընկերության լոլիկի ամենաշատը 5 կգ սերմ
եւ որ այդ սերմը ձեռք է բերել Արման Ստեփանյանից: Միայն մեկ հոգու վաճառած 5 կգ սերմից
տուժել է մի քանի տասնյակ գյուղացի, քանի որ 5 կգ սերմը ցանում է մոտ 50 հա հողատարածք:
Ընդ որում՝ ըստ Ա. Ստեփանյանի, «այս ամբողջ պատմությամբ ինչ-որ մարդիկ ուզում են
«United Genetics» ֆիրմայի վարկանիշը գցել, բայց դա իրենց չի հաջողվի»: Գյուղացիական
ասոցիացիաների նախաձեռնությամբ լոլիկի հողատարածքներ են հրավիրվել համապատասխան մասնագետներ,
որոնք փաստել են, որ դաշտերը համապատասխանել են ընդունված ագրոկանոններին, պարզապես
այս տարվա սերմի բույսերը գաճաճ են եղել, թույլ աճեցողությամբ, պտուղները՝ մանր,
փափուկ, պատված ճաքերով եւ առանց ապրանքային տեսքի: Նրանց կարծիքով՝ ակնհայտ է եղել
խառնասորտությունը: «Մենք պիտի դիմենք դատարան, այլ ճանապարհ չկա, պետք է գնանք մինչեւ
վերջ»,- ասաց «Ջանֆիդա գյուղացիական ասոցիացիայի» նախագահ Մանվել Ամիրջանյանը: Հողագործները
տարեսկզբին վարկեր են վերցրել տարբեր կազմակերպություններից ու բանկերից, որպեսզի
կարողանան սերմ ու պարարտանյութ գնել, տեխնիկա աշխատեցնել եւ հողատարածքի ու ջրի
վարձերը մուծել, մարդիկ կան, որ անգամ հողատարածքն են վարձակալել: Տարեվերջին ստացած
բերքով նրանք պետք է փակեին այդ վարկերն ու ապրեին մինչեւ մյուս բերքահավաք: ԱՂԱՎՆԻ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ www hetq.am