Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղետյալ» քաղաքացուն չեն օգնում

Նոյեմբեր 12,2005 00:00

Փոխանակ երկրաշարժից քանդված տան համար փոխհատուցում տան՝ եղած նպաստից էլ են զրկում

Արարատի մարզի բնակիչ Լուսինե Խառատյանի՝ իշխանություններից ստացած միակ շոշափելի արդյունքը 15 տարիների ընթացքում տարբեր գերատեսչություններ հղած դիմում-բողոքների պատասխանների տրցակն է:

Միայն իգական սեռից բաղկացած Լուսինե Խառատյանի ընտանիքը (մայրը եւ անչափահաս դուստրը) արդեն 17 տարի բնակվում է կոմունալ հարմարություններից զուրկ, փլված բնակարանում: Հողե աղյուսից կառուցված տունը փլուզվել է 1988-ի երկրաշարժից: Այդ օրից ի վեր անմխիթար վիճակում հայտնված ընտանիքը ծվարել է տան քիչ թե շատ բարվոք մի սենյակում եւ ամեն օր վախը սրտում սպասում է, թե մի օր էլ տան մնացած մասը կփլվի: Բարվոք ասվածը կիսականգուն, լայն ճաքերով ու հողե հատակով մի սենյակ է, որտեղ, ընտանիքի անդամներից բացի, նաեւ բնակվում են կարիճներ եւ այլ միջատներ: Մարդավարի ապրելու համար Լ. Խառատյանն ուր ասես չի դիմել, սակայն ընտանիքի վիճակն օրեցօր ավելի է վատացել: Մարզի ղեկավարությունից սկսած մինչեւ երկրի նախագահ՝ բացի խոստումներից ոչինչ չեն արել:

«Ոչ փոխհատուցում են տալիս, ոչ էլ բնակարանով են ապահովում: Ասում են՝ միջոցներ չունենք, լավ, ես ո՞ւմ դիմեմ, Հայաստանի Հանրապետության աղետյալ քաղաքացի եմ: Եթե իմ երկրում իգական սեռին չեն կարողանում օգնել, տարիներով ես, մայրս, աղջիկս անմարդկային ու ստորացուցիչ պայմաններում ենք բնակվում, ես էլ ո՞ւմ դիմեմ: Հիմա էլ նպաստից են զրկում: Պատճառաբանում են, որ մի քանի օրից աղջիկս չափահաս է դառնում, սակայն անտեսում են, որ անօգնական վիճակում ենք, գլխներիս ծածկ չունենք: Ես գործազուրկ եմ, մորս թոշակն ու ընտանեկան նպաստը մեր միակ եկամուտն է, ինչը հազիվ հերիքում է էլեկտրաէներգիայի ու ջրի վարձերին»,- պատմում է Լ. Խառատյանը: Խառատյանների տան փլուզված լինելու մասին եզրակացություն է տվել մասնագիտական հանձնաժողովը: Փաստաթղթում նշվում է. «Երկրաշարժից հետո տան մի մասը փլուզվել է, պատերին առաջացել են երկայնական ու լայնական ճաքեր՝ բնակիչների համար վտանգավոր դարձնելով տան հետագա շահագործումը»: Լ. Խառատյանի տան անմխիթար վիճակի մասին վկայող փաստաթուղթն էլ կնոջ թղթապանակում է մնացել, ոչ Արարատի մարզպետարանը, ոչ էլ գյուղապետարանն այն բանի տեղ չեն դրել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել