Հայ
աղջիկները նախընտրում են «պուճուր-մուճուր», իսկ տղաները՝ «բացովի-փակովի» բջջային
հեռախոսներ Բջջային հեռախոսների վաճառքը վերջին ամիսներին բավականին շահեկան
բիզնես է դարձել: Այդ մասին է վկայում այն, որ քաղաքում ամեն քայլափոխի կարելի է
հանդիպել «բջջայինների խոշոր տեսականի», «հեռախոսներ» եւ այլ ցուցանակներով խանութների:
Վերջերս էլ այդ բիզնեսով սկսել են զբաղվել բջջային ծառայություններ մատուցող 2 օպերատորները՝
«ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելը»: Խանութներից մեր հարցումների ընթացքում պարզեցինք, որ
Հայաստանում ավելի մեծ համբավ են վայելում «nokia» հեռախոսները, բայց գնում են հիմնականում
«motorola» եւ «sony ericson»: Նկատենք, որ այս հեռախոսների գները Հայաստանում բավականին
բարձր են, բայց խնդիրը ոչ թե պահանջարկ-առաջարկի հետ է կապված, այլ՝ որ դրանք թանկ
հեռախոսներ են նաեւ համաշխարհային շուկայում, ինչը, բացի որակից ու հեղինակությունից,
պայմանավորված է նաեւ շատ ֆունկցիաներով: Սակայն Հայաստանում դրանցից շատերը չեն
օգտագործվում, քանի որ նման ծառայություններ առայժմ օպերատորները չեն մատուցում:
Ստացվում է, որ հայերը միայն ձեւին ու գնին են ուշադրություն դարձնում՝ հեռախոսը
հասարակության մեջ դարձնելով ինքնահաստատման միջոց եւ «լոպազանալու» հեշտ տարբերակ:
Երբ մուտք գործեց բջջային ծառայություններ մատուցող երկրորդ օպերատորը, հեռախոսների
գները կտրուկ բարձրացան, ավելացավ նաեւ մաքսանենգ եւ օրինական ճանապարհով ներմուծվող
հեռախոսների թիվը: Օրինակ՝ Մաքսային պետական կոմիտեի վերջին ստուգումների արդյունքում
հայտնաբերվել է չհայտարարագրված մոտ 500 բջջային հեռախոս: Շուկայի մասնակիցների գնահատմամբ՝
բջջային հեռախոսների շուկայի մինչեւ 98 տոկոսը հանդիսանում է մաքսանենգ ապրանք, իսկ
շուկայի ծավալը Հայաստանում բջջային կապի շուկայի ապամենաշնորհումից հետո կազմում
է ամսական մոտ 20 հազար հեռախոս: Այս օրերին, ներկրման հետ կապված, բջջայինների
գներն անհամեմատ իջել են, որի առնչությամբ հեռախոս վաճառողները սկսել են դժգոհություններ
հայտնել: Մասնավորապես նրանցից մեկի մեկնաբանությամբ՝ «հիմա էնքան որ ջրի գնով ծախում
ենք, որովհետեւ, եթե ճանապարհածախսը, մաքսային տուրքերը հանես, մեզ բան չի մնում»:
«Երկու օրը մեկ մի հատ ծախում ենք՝ հացի փող ենք անում: Եթե էժան չտաս, խանութները
թափած են, առնողը 10 մետր կքայլի, կողքի խանութից կառնի: Իսկ էժան են ծախում նրանք,
ովքեր կա՛մ մեծ խմբաքանակով եւ զեղչերով են գնել, կա՛մ մաքս չեն մուծել»,- «Առավոտին»
բիզնեսի նորությունները ներկայացրեց «Երիտասարդական» մետրոյի անցումում տեղակայած
կրպակներից մեկի տերը: Նկատենք, որ շատացել են նաեւ հեռախոսային ծառայություններ
մատուցող կետերը, որտեղ հատկապես երեկոյան ժամը 9-ից հետո հերթեր են գոյանում: Ըստ
նման կետերի պատասխանատուների, մատուցվող ծառայություններից՝ հեռախոսների կոդավորում-ապակոդավորում,
թարգմանություն եւ այլն, հիմնականում «երգ-երաժշտություն գցելու համար են դիմում»:
Սա նաեւ ամենաէժան ծառայությունն է՝ յուրաքանչյուր երգը՝ 100 դրամ, սակայն շատ մեծ
նշանակություն ունի երիտասարդների իմիջի վրա, որովհետեւ այսօր նրանք իրար հետ մրցում
են ոչ միայն հեռախոսներով, այլեւ՝ «ռաբիս» զանգերով: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ