Հոտերից
դատելով՝ տապակվողը խոզի, գառան կամ տավարի միս չէ Ագաթանգեղոսի փողոցով անցնելու
համար այս օրերին պետք է առնվազն հակագազ հագնել՝ «Ղարսի խորովածանոցների», «պոնչիկ-պերաշկու»
ձեթային անտանելի հոտերին դիմակայելու համար: Նման անանուն սննդի կետերի վրա փակցված
«ախորժաբեր» հորդորներով ցուցանակները իրենց ուժը կորցնում են ճիշտ այն ժամանակ,
երբ աշխատողները վառում են գազօջախն ու դաղում «բուրումնավետ» էժանագին ձեթը: Հետո
կողքի կրպակից դրան միանում է ինչ-որ կենդանու՝ համենայնդեպս ոչ սովորական տավարի,
գառան կամ խոզի տապակած մսի հոտ ու անցորդների՝ այդ մի քանի մետրով քայլելիս ուշաթափվելու
հավանականությունն ապահովված է: Բնականաբար, իրենց՝ խոհարարների ներկայացմամբ, «նման
անարատ, մաքուր, համով խաչապուրիներ, պոնչիկ-պերաշկիներ աշխարհում գոյություն չունեն»,
սակայն հենց միայն խոհարարների՝ ձեւի համար հագած գոգնոցի ու խալաթի գույնը ճիշտ
հակառակ տպավորությունն է ստեղծում: Սննդի մի քանի կետեր այցելելիս՝ խոհարարներն
իրենց ասած «մաքրությունն ու անաղարտությունը» ապացուցելու համար վաճառքի հանված
թասի միջից վերցնում էին ցանկացած կարկանդակ կամ փքաբլիթ ու կծում. «Ըհը, տես, եթե
վատը լինեին մենք կուտեի՞նք, համ մենք ենք ամեն օր սրանցով կշտանում, համ էլ մեր
երեխեքը: Կարող ա՞ մենք մեր երեխու թշնամին ենք, ոնց որ տանն ենք պատրաստում, ըտենց
էլ ստեղ, ի՞նչ տարբերություն»: Սակայն առաջին բանը, որ նկատում ես գլուխդ սննդի կետերի
փոքրիկ պատուհաններից ներս մտցնելիս՝ գազօջախի ու թավայի վրա կուտակված փոշու եւ
յուղի նստվածքն է: Նախ, հիմնականում թավաները «բոլտուգայկաներով» կամ այլ հարմարանքներով
հավերժորեն միացած են լինում գազօջախին, որ չսղան, շուռ չգան: Սա նշանակում է, որ
եթե անգամ լվացարարները շատ ուզեն՝ չեն կարող թավան լվանալ կամ ձեթը փոխել: Մինչդեռ,
մասնագետների հավաստիացմամբ՝ վառված ձեթը շատ վնասակար է առողջությանը ու վատ է անդրադառնում
հատկապես աղեստամոքսային տրակտի խանգարումներ ունեցողների վրա: «Մենք ձեթը փոխելու
կարիք չենք ունենում, այն մինչեւ օրվա վերջ սպառվում է, եթե մի քիչ էլ մնում է՝ խմորները
թաթախում ենք մեջը, նոր շաղախում, որ ալյուր շատ չգնա ու խմորը չպնդանա»,- արդարացավ
մի խոհարար: Ինչ վերաբերում է մսով պատրաստվող բլիթներին ու կարկանդակներին,
վաճառողներից մեկի հավաստիացմամբ՝ «մեր տնօրենը նախկին մսավաճառ ա, մսից շատ լավ
ա հասկանում ու ամեն առավոտ թարմ-թարմ բերում ա, մենք ուրիշների նման չենք, գերադասում
ենք մի քիչ թանկ մեր վրա նստի, քան էն աղացած-մաղացած փտած մսերը բերենք ու հաճախորդին
վանենք»: Բացի այդ, գաղտնիք չէ, որ շատ խոհարարներ պատրաստելու ընթացքում տնօրենից
թաքուն միսը տնտեսում են ու խմորի վրա միայն համեմված մսաջուր քսելով՝ թխում ու վաճառում:
Խոհարարները սա նույնպես բացառեցին. «Բա եղա՞վ, մի բուռ հայ ենք, սաղս իրար ճանաչում
ենք, ո՞նց կխաբենք: Ես հաճախորդիս չեմ կարա դատարկ խմորով խաբեմ, ավելի լավ ա գինը
ոչ թե 50, այլ 70 դնեմ, մի քանի հատ ծախեմ, բայց՝ պատվով ծախեմ»: Ինչ վերաբերում
է «Ղարսի խորովածանոցներին», հիմա ցանկացած մարդ կարող է սպիրալաձողերը հարմարեցնել
երկաթե սյուներին, այն տեղադրել փողոցի ամենաբանուկ հատվածում ու «խորովածանոց» բացել:
Նման կետ այժմ տեղադրված է, օրինակ՝ Ագաթանգեղոսի փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի
խաչմերուկում, որտեղ 2 երիտասարդ տղաներ ձեռքերով միսը «շշում» են ու բուտերբրոտը
200 դրամով վաճառում. մոտակայքում ոչ լվացարան կա, ոչ սառնարան, ոչ խոհանոցային որեւէ
պարագա՝ նորմալ, հիգիենիկ պայմաններում աշխատելու համար: Հաշվի առնելով խոզի մսի
այսօրվա շուկայական գները՝ կիլոգրամը 1800-2500 դրամ, ամենատարբեր հաշվարկների դեպքում
վաճառողներին ձեռնտու չէր լինի մսի թեկուզ շատ փոքր պատառը վաճառել այդքան էժան՝
չհաշված էլեկտրաէներգիան, հացը, կանաչին եւ մյուս համեմունքները: Ակնհայտորեն սպառողներին
«համեղ խորոված» անվան տակ հրամցվում են մսային, ավելի շուտ՝ ճարպային «թափոններ»,
որոնց թարմության մասին մատնում է մի քանի մետրից բուրող հոտը: Այս եւ այլ
սննդի կետերը, որոնք նույնիսկ անուն չունեն, վերահսկվում են թաղապետարանի, քաղաքապետարանի,
ինչպես նաեւ առողջապահության նախարարության կողմից: Նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային
տեսչությունը, նրա մասնագետների հավաստիացմամբ՝ տարվա ընթացքում 1 անգամ ստուգումներ
իրականացնում է, բայց՝ բողոքների հիման վրա: Եվ եթե նույնիսկ ստուգումների ընթացքում
հիգիենիկ պայմանների շատ կոպիտ խախտումներ է հայտնաբերվում, խախտող ընկերության տուգանքը
չի գերազանցում 30 հազար դրամը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ