Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 12,2005 00:00

ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ
առաջին Գլուխ երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ չորրորդ
Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդ Գլուխ իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ
քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ
քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ
Գլուխ քսանչորսերորդ Գլուխ
քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ
Գլուխ քսանյոթերորդ Գլուխ
քսանութերորդ Գլուխ քսանիններորդ
Գլուխ երեսուներորդ Գլուխ
երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ
Գլուխ երեսուներեքերորդԳիրք
երկրորդ
Գլուխ
առաջին Գլուխ
երկրորդ ¶ÉáõË
»ññáñ¹
Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ
Գլուխ վեցերորդ Գլուխ
յոթերորդԳլուխ ութերորդ ԸՆԿԵՐԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Աշոտը մեր բառախաղի վանդակները շատ կոկիկ էր գծել եւ թղթի
աջ կողմում էլ հինգ սյունակներ էր գծել, որոնց վերեւներում նշել էր մեր անունների
սկզբնատառերը: – Հիմի խաղո՞ւմ ենք, թե՝ չէ,- ասաց Ռուբոն: – Խաղում
ենք,- ասաց Սերգեյը.- դե սկսի՛, Աշո՛տ: – Ինչի՞ պիտի առաջինն ինքը սկսի,-
բողոքեց Ռուբոն:- Էդ խի՞ ես առաջինը քո անունը գրել, Աշո՛տ. էլի ախալքալաքցիությունդ
բռնե՞ց: – Հերթականությամբ եմ գրել,- արդարացավ Աշոտը: – Այբբենական
կարգով ա գրել,- ասաց Սերգեյը.- իրա ազգանունն Ավետիսյան ա: – Բա ի՞մը խի
ա վերջինը գրել,- հարցրեց Ռուբոն: – Քո ազգանունն էլ Ֆիլյան ա,- ասաց Սերգեյը:-
Փաստորեն, ճիշտ ա արել, որ քեզ վերջինն ա գրել: – Բայց խի՞ ա ազգանուններով
գրել,- բողոքեց Ռուբոն:- Թող անուններով գրեր: – Անուններով էլ որ գրեր, էլի
ինքն էր առաջինն սկսելու,- ծիծաղեց Սերգեյը.- իրա անունը Աշոտ ա: – Էս ախալքալաքցիների
բախտն ամեն տեղ ա բերում,- ասաց Ռուբոն: – Ռուբո ջան, ուզում ես՝ դո՛ւ սկսի,-
ասաց Աշոտը:- Ես ո՛չ անուններով եմ գրել, ո՛չ էլ՝ ազգանուններով. էսպես՝ մեր նստելու
հերթականությամբ եմ գրել: Համ էլ՝ առաջինն սկսելը հեչ ձեռնտու չի: – Բա Արմենի
սյունա՞կը որն ա,- հարցրեց Սերգեյը: – Հես ա,- սյունակս մատնացույց արեց Աշոտը:
– Բա էդ ի՞նչ տառ ես գրել,- հարցրեց Սերգեյը: – Շ եմ գրել,- ասաց Աշոտը.-
Արմենի ազգանունը Շեկոյան չի՞: – Շեկոյանը Շեկոյան ա, բայց դո՞ւ որտեղից գիտես,-
զարմացավ Սերգեյը.- առաջին անգամ չե՞ք իրար տենում: – Աշոտը մանկավարժական
ավարտածներին սաղին անգիր գիտի,- ասաց Ռուբոն: – Արմոյի բանաստեղծությունները
«Գարունում» կարդացել եմ,- ասաց Աշոտը: – Ինքը մանկավարժականավարտների ոտանավորները
ծերից ծեր կարդում ա,- ասաց Ռուբոն: – Արմոյի տպածները ոտանավոր չէին, իսկական
բանաստեղծություններ էին,- ասաց Աշոտը: – Հավանեցի՞ր,- հարցրեց Սերգեյը: –
Շատ,- ասաց Աշոտը: – Դե որ հավանել ես, իրար հետ մարդավարի ծանոթացեք,- ասաց
Սերգեյը: – Աշոտ,- ձեռքն ինձ մեկնելով՝ ասաց Աշոտը: – Արմեն,- ասացի
ես՝ Աշոտի ձեռքը սեղմելով: Խաղը սկսվեց, եւ շուտով պարզ դարձավ, որ պայքարը
հիմնականում իմ ու Աշոտի միջեւ է ընթանալու, որովհետեւ ընդամենը մի քանի բառ գրելուց
հետո մենք միավորներով ահագին պոկվել էինք մյուսներից: – Թարգենք էս հիմար
խաղը,- իր բառի վրա երկար մտածելով՝ ասաց Ռուբոն.-իզուր ժամավաճառ ենք ըլնում: –
Բա չիմանա՞նք՝ ով ա գրազը կրվում,- ասաց Հայկը: – Արդեն պարզից էլ պարզ ա,
որ Աշոտին ու Արմենին աչոկներով չենք կարա հասնենք,- ասաց Սերգեյը: – Որ պետք
ըլնի՝ լավ էլ կհասնենք,- ասաց Ռուբոն.- ուղղակի հավես չկա: – Որ խաղը կիսատ
թողենք, ուրեմն՝ Արմենն ու Աշոտը գրազը կրում են,- ասաց Սերգեյը: – Ես իմ
կրված խաչապուրուն տեր եմ,- ասաց Հայկը: – Ես էլ իմ կրվածին եմ տեր,- ասաց
Սերգեյը: – Ես ինձ կրված չեմ հաշվում, բայց որ պետք ըլնի՝ հարուր հատ խինկալին
հենց հիմի էլ կառնեմ,- ասաց Ռուբոն: – Հարուր հատ դժվար թե ուտենք,- ասաց
Հայկը: – Ինչքան կարաք՝ էնքան կերեք,- ասաց Ռուբոն: – Ե՞րբ,- հարցրեց
Սերգեյը: – Երբ որ քեֆներդ ուզի. թեկուզ հենց հիմի,- ասաց Ռուբոն: –
Ճիշտ ես ասում,- ասաց Հայկը.- հենց հիմի էլ էթանք: – Ափսոս՝ Աշոտը կուշտ ա,
թե չէ՝ հենց հիմի էլ կարայինք էթայինք,- խորամանկ ժպտաց Ռուբոն: – Հա,- ասաց
Աշոտը.- լավ կերած-խմած եմ: – Ափսոս,- ասաց Ռուբոն.- թե չէ՝ հենց հիմի էլ
կէթայինք: – Էնքան կուշտ ես, որ մի տասը հատ էլ չես կարա ուտե՞ս,- Աշոտին
հարցրեց Հայկը: – Ձեզ ոնց հարմար ա՝ ընենց էլ որոշեք,- ասաց Աշոտը.- տասը
հատ չեմ ուտի՝ հինգ հատ կուտեմ: Ընենց որ՝ դուք ձեր հարմարությանը նայեք: –
Փաստորեն, մենք էլ մի քիչ առաջ խաչապուրի կերանք,- ասաց Սերգեյը: – Էն մի
թիքա խաչապուրին հեչ,- ասաց Հայկը:- Մինչեւ տեղ հասնենք, մինչեւ խինկալին ըլնի՝ լավ
էլ կսովածանանք: – Էդ էլ ես ճիշտ ասում,- ասաց Սերգեյը:- Մինչեւ խինկալին
ըլնի՝ էդ ընթացքում Աշոտն էլ կսովածանա: – Դուք ձեր հարմարությանը նայեք,
Սերգո ջան,- ասաց Աշոտը: – Շուտ որոշեք. եթե էթալու ենք՝ էթանք,- ասաց Ռուբոն:
– Ես համաձայն եմ,- ասաց Սերգեյը: – Հիմի ո՞ւր ենք էթում,- հարցրեց
Ռուբոն: – «Ավանգարդի» տակ լավ չի՞,- ասաց Հայկը: – Շատ լավ ա,- ասաց
Սերգեյը: – Որ ըտենց ա՝ մի հատ տաքսի բռնենք ու իջնենք,- ասաց Ռուբոն: –
Ավտոբուսով էլ կարանք իջնենք,- ասաց Աշոտը: – Հերիք չի՝ կրել ես, հիմի էլ
ուզում ես ավտոբուս նստացնե՞ս,- ասաց Ռուբոն: – Ոտով լավ ա,- ասաց Հայկը.-
ոտով մինչեւ տեղ հասնենք, Աշոտը լավ կսովածանա: – Մինչեւ խինկալին ըլնի՝ սաղս
էլ լավ կսովածանանք,- ասաց Սերգեյը: – Էդ «Ավանգարդի» տակ մինչեւ խինկալին
բերում են՝ ծնացնում են,- ասաց Ռուբոն: – Էլ ատկազ գալ չկա, Ռուբո՛ ջան,-
ասաց Հայկը.- արդեն ասել ես: – Բա էլ ո՞ւր եք նստել,- գոռաց Ռուբոն,- թե էթալու
ենք՝ էթանք: – Քեզ ենք սպասում,- ասաց Սերգեյը: – Ես էլ ձե՛զ եմ սպասում,-
ասաց Ռուբոն: – Կարեւորը դու ես,- ասաց Սերգեյը.- դո՛ւ ես հաշիվը փակելու:
– Պարզ ա, որ ես եմ փակելու,- տեղից վեր կենալով՝ ասաց Ռուբոն.- կարող ա՞
ձեր հույսին եմ: – Պիվեքն իմ ու Սերգեյի վրա,- ասաց Հայկը.- փաստորեն, մենք
էլ ենք կրվել: – Մի հինգ բակալ պիվա էլ ե՛ս կառնեմ,- ասացի ես: – Մի
էդքան էլ ի՛մ կողմից,- ասաց Աշոտը: – Լվացք չենք անելու,- Աշոտին ասաց Ռուբոն.-
առանց էդ էլ՝ դու արդեն հարբած ես: – Հինգ տարի իրար հետ ենք սովորել, բայց
մոռացել ես, որ ես էդքան շուտ չեմ հարբում,- ասաց Աշոտը: – Խմելդ էլ չեմ հիշում,-
ասաց Ռուբոն.- չեմ հիշում, որ գոնե մի անգամ տղամարդավարի խմած ըլնես: – Էդ
վատ ա՞, որ մարդը իրա չափը ճանաչում ա,- ասաց Սերգեյը: Մենք նստեցինք օպերայի
խաչմերուկում շարված տաքսիներից առաջինը եւ քիչ անց «Ավանգարդի» մոտ էինք, եւ երբ
Ռուբոն մանեթանոցը տվեց վարորդին, ու տաքսուց իջանք, Հայկն ասաց. – Ռուբո՛,
էրկու ոտ տեղ էր. էդ շոֆերից զդաչին խի՞ չուզեցիր: – Խայտառակ չենք,- ասաց
Ռուբոն: – Էս քաղաքի սաղ շոֆերներին մեկ առ մեկ ինքն ա փչացրել,- ասաց Սերգեյը:
– Դուք որ տալու ըլնեք՝ զդաչին կուզեք,- ասաց Ռուբոն: Մեր բախտից,
մշտապես մարդաշատ էդ խինկալիանոցում ազատ սեղաններ կային, եւ մենք նստեցինք ձախ կողմի
անկյունում: – Չարենցն էս խինկալիանոցում շատ ա էղել,- ասաց Աշոտը: –
Էլի սկսեցի՞ր գիտելիքներդ ցույց տալ,- ասաց Ռուբոն:- Ավելի լավ ա ասեք՝ քանի՞ հատ
ենք ուտելու: – Ես տասը հատ հազիվ ուտեմ,- ասաց Սերգեյը: – Ես էլ,-
ասաց Հայկը: – Էդ հիմի եք ըտենց ասում,- ասաց Ռուբոն:- Հինգ հոգի ենք. յոթանասուն
հատը լա՞վ ա: – Յոթանասունը ծով ա,- ասաց Սերգեյը: – Էդքան դժվար թե
ուտենք,- ասաց Հայկը: – Յոթանասունը երեւի շատ ա,- ասաց Աշոտը: – Դու
Թեմուրանոցում լավ կերել ես,- ասաց Ռուբոն.- մեր կերածն առավոտից էդ էրկու կտոր խաչապուրին
ա էղել: – Պիվի հետ երեւի ուտվի,- ասաց Հայկը: – Հա. գինով կուտվի,-
ասաց Սերգեյը: – Երեւի քչություն էլ անի,- Աշոտին նայելով՝ ասաց Ռուբոն.-
ես իմ կադրերին լավ եմ ճանաչում: Հիմա ես սկսեցի խինկալիանոցի մեր էս խոսակցությունը
գրի առնել եւ անմիջապես հիշեցի սարիթաղցի Պարգեւի դիտողությունն էս վեպիս հասցեին.
«Ա՛յ Արմեն, մի գլուխ խինկալիանոցների ու խինկալու մասին ես գրում. կարդացողը կմտածի՝
ոչ մի անգամ խորոված չես կերել»: Չնայած ինքս էլ եմ նկատել, որ էս վեպիս մեջ
խինկալիանոցների տեսարանները չափից շատ են, բայց նաեւ հասկանում եմ, թե Պարգեւն ուր
է խփում: «Կարավանենց տան խորովածը նկատի ունե՞ս»,- հարցրի Պարգեւին: «Վաբշե եմ ասում,-
ասաց Պարգեւը.- կարդացողը կմտածի, թե կյանքում խինկալուց բացի ուրիշ բան չես կերել»:
«Մեր էն բանակի խորովածին մի օր կանդրադառնամ»,- վերջին անգամ խոստացա ես: «Ո՞նց
պիտի անդրադառնաս,- նեղացած ասաց Պարգեւը.- բանակի վախտերն արդեն գրել պրծել ես»:
«Կապ չունի. կվերադառնամ ու էդ խորովածը մանրամասն կհիշեմ»,- խոստացա ես: «Մեր ու
դեմբելների էն ամենամեծ կռվի մասին էլ մի տող չգրեցիր»,- ասաց Պարգեւը: «Կյանքը դեմներս
ա»,- ասացի ես: «Ո՞նց ա դեմներս,- սրտնեղեց Պարգեւը.- մեր ծառայությունից ուղիղ երեսուն
տարի ա անցել, բայց ոնց որ էրեկ ըլներ»: «Մեր ու դեմբելների էն մեծ կռվի մասին էլ
կգրեմ»,- խոստացա ես: «Քու համար եմ ասում,- ասաց Պարգեւը.- ուզում եմ, որ ընթերցողներիդ
համար հետաքրքիր ըլնի»: «Իմ ընթերցողներն, ընդհակառակը, ուզում էին, որ մեր էդ բանակի
պատմությունները շուտ վերջացնեմ»,- ասացի ես: «Ամեն մեկին իրա ապրածն ու տեսածն ա
հետաքրքրում,- ասաց Պարգեւը: «Երեւի»,- ասացի ես: «Փոխանակ հակառակն ըլներ»,- ասաց
Պարգեւը: Ուղիղ երեսուն տարի առաջ Պարգեւի՝ կուսակցության շարքերն անցնելու
առիթով մեր նվագախմբի տղերքով Կարավանի տանն իսկապես շատ ճոխ խորոված կազմակերպեցինք,
ընդ որում՝ երեք տեսակի խորոված, որովհետեւ Պարգեւի կուսակցական դառնալու հարցում
նաեւ պարտկոմի տեղակալ ադրբեջանցի մայոր Աբասովն էր շատ կարեւոր դեր խաղացել, այսինքն,
Աբասովին նկատի ունենալով, հիմնական խոզի մսից բացի, նաեւ ոչխարի միս էինք մի քիչ
առել, բայց խոզինն էնքան հաջող էր ստացվել, որ ոչխարինին նույնիսկ Աբասովը մատով
չկպավ, ու նաեւ երկու հատ շատ մեծ ասետրինա էինք խորովել, ու էդ ասետրինան հիմնականում
նվագախմբի տղերքով մեջմեջ արինք, որովհետեւ էդ կողմերում ինչն էր շատ՝ թառափը, ու
էն էլ՝ ջրի գնով, ու մեր սպայակազմի աչքը ասետրինայից շատ կուշտ էր, որովհետեւ Մացոն
նրանց առաջ համարյա ամեն օր էր ասետրինա դնում, ու մեր էդ խորովածի օրն իրենք հիմնականում
խոզինին էին վրա քշում, ու ղեկավարությունից Շկարուպետան, Կարավանը, Աբասովն ու Նովոսելցեւն
էին ներկա, ու չնայած Պարգեւը Նովոսելցեւին նախապես նկատի չէր ունեցել, բայց վերջին
պահին ստիպված հրավիրեց, որովհետեւ, չնայած Նովոսելցեւն ու Կարավանն էդ սպայական
շենքի տարբեր մուտքերում էին ապրում, բայց Նովոսելցեւի տնտեսական պատշգամբը Կարավանի
տնտեսական պատշգամբին կպած էր, եւ Մացոն ու Պարգեւը Մացոյի ինքնաշեն մանղալի վրա
հենց Կարավանի տնտեսական պատշգամբում էին խորովածն անում, ու խորովածի ծխի վրա Նովոսելցեւն
իր պատշգամբից գլուխը դուրս հանեց, երկարավուն վիզը ձգեց դեպի Կարավանի պատշգամբն
ու սկսեց հոտոտել, բայց էդ անգամ Պարգեւին ու Մացոյին բարեւելով՝ ուրիշ ոչինչ չասաց,
իսկ երբ խորովածի հոտը տարածվեց ողջ աֆիցերսկի գառադոկով մեկ, Նովոսելցեւը վերստին
գլուխը հանեց իր պատշգամբից, վիզը ձգեց դեպի Կարավանի պատշգամբը եւ խորովածի ծուխն
ագահաբար հոտոտելով՝ նայեց Պարգեւին ու Մացոյին եւ հարցրեց. «Էդ պաժառ ա՞, տղե՛րք»:
«Պաժառ չի, ընկե՛ր լեյտենանտ. խորոված ենք անում,- ասաց Պարգեւն ու ավելացրեց.- համեցե՛ք,
ընկե՛ր լեյտենանտ»: «Ի՞նչ առիթով եք հավաքվել. կոնկրետ առիթ կա՞»,- հարցրեց Նովոսելցեւը:
«Պարգեւի պարտիայի մեջ ընդունվելու առիթով ենք հավաքվել»,- ասաց Մացոն: «Շատ լավ
առիթ է»,- ասաց լեյտենանտը: «Համեցե՛ք, ընկե՛ր լեյտենանտ,- ասաց Պարգեւը.- սրտանց
եմ հրավիրում»: «Որ սրտանց ես հրավիրում՝ կգամ»,- ասաց Նովոսելցեւն ու ներս գնաց՝
իր սեխաձեւ գլուխը հետը տանելով: Սոխը կտրտելու գործը Մացոն Կարավանին էր
հանձնարարել, ու էդ պահին Կարավանն իր պատշգամբի պատի տակ խելոք նստած՝ սոխն էր կտրտում,
ու աչքերից էլ արցունքները չռռում էին, եւ երբ Պարգեւը Նովոսելցեւին հրավիրեց, Կարավանն
աչքերը թեւքով սրբելով՝ զարմացած նայեց Պարգեւին ու ասաց. «Չհասկացա. էդ առանց ինձ
հարցնելու՝ իմ տուն մարդ ե՞ս հրավիրում»: «Անկախ ինձանից ստացվեց, ընկե՛ր փոխգնդապետ,-
արդարացավ Պարգեւը.- էնքան հավեսով էր էս ծուխը հոտոտում, որ մեղքս էկավ»: «Կատակ
եմ անում,- ասաց Կարավանը.- ինքը ձեր ստորաբաժանման պետն է. շատ սխալ կանեիր, եթե
իրեն չհրավիրեիր: Համ էլ՝ ինքն էնքան վատ տղա չի, ինչքան ցույց է տալիս»: «Հեչ վատ
մարդ չի»,- ասաց Պարգեւը: «Ուղղակի մի քիչ՝ դուռաչոկ սինցիատիվըյ»,- ասաց Կարավանը:
Ես չգիտեմ, թե ինչու հիշեցի աֆիցերսկի գառադոկի մեր էդ խորովածը, ավելի ճիշտ՝
գիտեմ, որ Պարգեւի հուշելով հիշեցի, բայց չգիտեմ՝ Պարգեւի ինչի՞ն էր պետք, որ մեր
էդ խորովածը հիշեմ: Բոլոր դեպքերում, մեր էդ օրվա խորովածը բացառիկ էր առաջին հերթին
էն իմաստով, որ էդ զորամասի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ շարքայինները խորոված
անեին ու էն էլ՝ աֆիցերսկի գառադոկում, ու մեր էդ քեֆն իսկապես շատ ճոխ էր, որովհետեւ
հատուկ էդ կապակցությամբ Պարգեւենց տնեցիք հարյուր ռուբլի էին ուղարկել, ու Պարգեւն
էդ քեֆի վրա մինչեւ վերջին կոպեկը ծախսեց, ու ես երեւի պարտավոր էի էդ քեֆը հիշել,
որովհետեւ մեր վերջին հանդիպման ժամանակ Պարգեւը մի տեսակ նեղացած էր ու նեղացած
տոնով ինձ ասաց. «Ա՛յ ախպեր, էդ վեպիդ մենյուի մեջ խինկալուց բացի ուրիշ բան չկա՞»:
«Քո էն խորովածի մասին էլ կգրեմ»,- խոստացա ես: «Ու վաբշե՝ մեր բանակի մասին շատ
քյասար կապեցիր. ե՛ս պիտի գրող ըլնեի, որ մեկ առ մեկ էդ սաղ պատմությունները մանրամասն
գրի առնեի»,- ասաց Պարգեւը: Պարգեւը, փաստորեն, իմ սրտից էր խոսում, որովհետեւ
ես իսկապե՛ս որոշ ընթերցողներիս ուղղակի պարտադրանքով բանակային կյանքիս վրայով թեթեւորեն
թռա՝ ամենեւին չխորանալով Պարգեւի, իմ ու նվագախմբի մեր մյուս տղերքի մի ամբողջ տարի
շարունակված միանգամայն հիշարժան ու բովանդակալից կյանքի մեջ, չնայած, մյուս կողմից
էլ, մեր էդ մի տարվա կյանքի մասին, փաստորեն, մի ամբողջ հատոր գրեցի, եւ երբ էդ մասին
մեր վերջին հանդիպման ժամանակ Պարգեւին ասացի, ինքը քմծիծաղով ասաց. «Արմո ջան, էդ
ուրիշներին կարաս խաբես, թե մեր բանակի կյանքից մի հատոր գրել ես. մի էջ մեր բանակի
կյանքից էիր գրում, հարուր էջ Թիֆլիսներում ու խինկալիանոցներում ֆռֆռում էիր»: Այդուհանդերձ,
ես իսկապես բանակային կյանքովս արդեն շատերին էի ձանձրացրել, ու Պետրոսն էլ իր հեռուստահաղորդման
ժամանակ բացահայտ նամյոկ արեց, եւ ուրիշներն էլ էին բացահայտ նամյոկներ անում ու
շատ էլ ճիշտ էին անում, որովհետեւ երեւի ինձ պես իրենք էլ էին մտածում, որ եթե բանակիս
ընդամենը մի տարվա կյանքը մի ամբողջ հատոր ձգվեց, կնշանակի՝ իմ մնացած կյանքն առնվազն
տասը հատոր պիտի ձգվի: Բայց ես պիտի շտապեմ ձեզ հանգստացնել, ասելով, որ սպառնացող
էդ տասը հատորները հատկապես ձե՛զ չպիտի սարսափեցնեն հենց թեկուզ էն պատճառով, որ՝
եթե Աստված ինձ շատախոսության անսպառ ու դեռեւս չբացահայտված պաշարներով է լիուլի
օժտել, ձեզ էլ չկարդալու ու շատախոսությանս մեջ չխորանալու հնարավորություն ու իրավունք
է լիուլի շնորհել, բայց նաեւ «Առավոտի» ու անձամբ Արամի համբերության հարցն էլ կա,
ու էս գլխից հովանավորիս հնարավորությունների հարցն էլ է ծագում ու առաջ մղվում,
որովհետեւ ես բնավ մտադիր չեմ սահմանափակվել «Առավոտի» շաբաթօրյա էս երկու էջերը
լցոնելով, եւ եթե էս ամենից զատ իմ էս գրությունը գրքերի չվերածվի ու տասը եւ ավելի
հատորների տեսքով ձեր գրապահարաններում չշարվի, նպատակս, փաստորեն, առանձնապես չի
կայանա, ու հիմա էսպես՝ ուղեղիս մի մասով գրի եմ առնում էս ամենը, իսկ ուղեղիս մյուս՝
առողջ մասով իմ խելքի ու իմ ճաշակի տեր հովանավորի տարբերակ եմ մտմտում, ու իմ հովանավորը,
ի տարբերություն իմ ընթերցողների, պիտի ըմբռնի ու հասկանա, որ ես, փաստորեն, գրի
եմ առնում ոչ միայն այն ամենը, որ տեղի ունեցավ իմ կյանքում, այլեւ այն ամենը, որ
կարող էր իմ կյանքում տեղի ունենալ: Այսինքն, իմ էս գրածն ու գրելիքը տեղ-տեղ
նաեւ վիրտուալ են, բայց առայժմ ինձ չի հաջողվում նաեւ վիտուալ հովանավոր պատկերացնել,
չնայած, մեր մեջ ասած, դրա կարիքը չկա էլ, որովհետեւ, այսօրվա դրությամբ, ես մեկն
եմ է՛ն բախտավոր գրողներից, ովքեր հովանավորի հարցում առանձնապե՛ս են հաջողակ, ու
էդ հանգամանքը երեւի Աստծով է, որովհետեւ ես մեկն եմ է՛ն գրողներից, ովքեր հովանավորի
բացակայության պայմաններում երեւի ընդհա՛նրապես որեւէ բան չգրեին, այսինքն՝ ես մեկն
եմ է՛ն գրողներից, ում Աստված օժտել է ոչ թե անսպառ տաղանդով, այլ ընդամենը՝ շատախոսության
անսպառ պաշարներով, ու էս գրավոր շատախոսությանս հիմնական պատճառներից մեկն էլ էն
է, որ իմ շրջապատում առաջ էլ ու հիմա էլ կան մարդիկ, որոնք ինձ զրկել են ու շարունակում
են զրկել բանավոր արտահայտվելու իրավունքից ու հնարավորությունից: Այսինքն,
իմ դեպքում գործիս որակն ու մակարդակը հիմնավորապես են կախված հովանավորիս պահվածքից
ու տրամադրվածությունից, եւ շատ դեպքերում հովանավորիս պահվածքից ու տրամադրվածությունից
է կախված ո՛չ միայն գործիս որակը, այլեւ՝ ճակատագիրս, եւ եթե հազար ինը հարյուր յոթանասունվեց
թվականի օգոստոսի տասնվեցին Ֆիլյան Ռուբոյի տրամադրվածությունն ու հովանավորությունը
չլինեին, շատ դժվար է ասել, թե իմ հետագա կյանքն ինչ հունով կընթանար, որովհետեւ
երբ խինկալին կերանք ու կշտացանք եւ արդեն գարեջրին էինք զոռ տվել, ախալքալաքցի Ավետիսյան
Աշոտն իմ ընկեր Սերգեյին ասաց. – Սերգեյ ջան, լավ սրբագրիչի տեղ գիտե՞ս: –
Ի՞նչ սրբագրիչ,- զարմացավ Սերգեյը: – Ավելի ճիշտ՝ գրագետ մարդ ա պետք, որ
համ սրբագրություն անի, համ էլ հոդված գրի: – Ինչի՞ համար ես հարցնում,- հարցրեց
Սերգեյը: – Մեր թերթի համար,- ասաց Աշոտը: – Ձերը ի՞նչ թերթ էր,- հարցրեց
Սերգեյը: – Մոռացել ե՞ս,- զարմացավ Աշոտը.- «Ապագա բժիշկը»՝ բժշկական ինստիտուտի
թերթը: – Էդ էլ ա, հա՞, թերթ կոչվում,- ասաց Ռուբոն: – Մեր Արմենից
լավ սրբագրի՞չ,- ասաց Սերգեյը: – Ի՞նչ Արմեն,- հարցրեց Աշոտը: – Շեկոյան,-
ասաց Սերգեյը: – Արմո՞ն,- զարմացած ինձ նայեց Աշոտը: – Հա,- ասաց Սերգեյը:-
Ի՞նչ ա, հարմար չի՞: – Շատ հարմար ա,- ոգեւորվեց Աշոտը.- բայց Արմոն կհամաձայնվի՞:
– Որ նորմալ աշխատավարձ տաք՝ ինչի՞ չպիտի համաձայնվի,- ասաց Սերգեյը: –
Աշխատավարձն ինձանից կախված չի,- խեղճացավ Աշոտը:- Աշխատավարձն ընդամենը իննսուն
ռուբլի ա: – Ձեռ ե՞ս առնում,- ասաց Սերգեյը.- իննսուն մանեթն ի՞նչ փող ա:
– Աշխատավարձն ինձանից կախված չի,- կրկնեց Աշոտը: Սերգեյը, հիշում
եմ, ինձանից ձախ էր նստած, ու ես սեղանի տակից ձախ ոտքովս խփեցի Սերգեյի աջ ոտքին.
դրանով ուզում էի իրեն հասկացնել, որ աշխատավարձի հաշվով բազար չբացի: Սերգեյն անմիջապես
հասկանալով՝ ճարպկորեն խոսքը փոխեց. – Արմենը շատ համեստ ա. կարող ա իննսուն
մանեթով էլ համաձայնվի: – Հա՞,- հույսով ինձ նայեց Աշոտը: – Չհամաձայնվե՞մ
ինչ պիտի անեմ. կարող ա՞ հիմա իննսունից ավել եմ ստանում,- ասացի ես: – Ասում
եմ, չէ՞,- սեղանի տակից ոտքս սեղմեց Սերգեյը.- կարող ա նույնիսկ վաթսուն մանեթով
էլ համաձայնվեր: – Հարմարությանդ նայի, Արմո՛ ջան,- մեղավոր տոնով ասաց Աշոտը.-
աշխատավարձի հարցն ինձանից չի կախված, բայց հնարավոր ա, որ ժամանակի ընթացքում տեղ
ազատվի, ու աշխատավարձդ բարձրանա: Ես էլ եմ ամենասկզբում իննսուն մանեթով ընդունվել:
– Բայց դու բանաստեղծ չես,- ասաց Սերգեյը: – Բանաստեղծ չի, բայց արձակ
գրում ա,- ասաց Ռուբոն: – Ոչ մի բան էլ չեմ գրում,- կարմրեց Աշոտը: –
Մի՛ փչի,- ասաց Ռուբոն.- թաքուն գրում էիր, բայց վախենում էիր ցույց տաս: –
Ումի՞ց էի վախենում,- ավելի կարմրեց Աշոտը: – Սաղիցս,- ասաց Ռուբոն:- Մենք
մեր գրածները պատի թերթում տպում էինք, բայց դու քոնը միշտ թաքուն ես պահել: –
Որ չէի գրում, ի՞նչը պիտի ցույց տայի,- ասաց Աշոտը: – Հիմի էլ չես գրո՞ւմ,-
հարցրեց Սերգեյը: – Չէ,- ասաց Աշոտը: – Վաբշե չես գրե՞լ,- հարցրեց
Սերգեյը: – Վաբշե չեմ գրել,- մի քիչ մտածելուց հետո ասաց Աշոտը: –
Գրազ գա՞նք, որ գրել ես,- ասաց Սերգեյը: – Ինչի վրա ուզում ես,- ասաց Աշոտը:
– Ինչի՞ վրա ենք գրազ գալի,- ձեռքն Աշոտին մեկնելով՝ ասաց Սերգեյը: –
Թեմուրանոց,- Սերգեյի ձեռքը բռնելով՝ ասաց Աշոտը: – Ուրեմն՝ ես ասում եմ,
որ գրել ես,- ասաց Սերգեյը: – Ես էլ ասում եմ՝ չե՛մ գրել,- ինքնավստահ ասաց
Աշոտը: – Ո՞վ ա կտրում,- ասաց Սերգեյը: – Կտրի՛, Արմո՛ ջան,- ինքնավստահ
ասաց Աշոտը: – Թեմուրանոց, չէ՞,- գրազը կտրելով՝ հարցրի ես: – Հա,-
ասաց Աշոտը: – Էդ Թեմուրանոցից շան հոտ ա գալի,- ասաց Ռուբոն: – Ոչինչ,-
ասաց Սերգեյը: Գլուխ
իններորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել