Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիան տապալեցին

Նոյեմբեր 12,2005 00:00

Մանուկ
Գասպարյանը ուսանողների հետ է Երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում «Բուհական
ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդը» տարբեր բուհերից եկած ուսանողական խմբերի հետ
պետք է կազմակերպեր հերթական հավաքը՝ ընդդեմ բուհական խորհուրդների կազմը ձեւավորելու
մասին կառավարության որոշման: Ինչպես հայտնեցին կազմակերպիչները, դեռ մեկ օր առաջ
դեկանատներից մտել եւ ֆակուլտետներում զգուշացրել են, որ եթե որեւէ մեկը մասնակցի
նմանատիպ հավաքների, անհապաղ կհեռացվի բուհից: Այս իմանալով, ԱԺ պատգամավոր Մանուկ
Գասպարյանը, որ եկել էր աջակցելու ուսանողներին, ասաց. «Ես էլ ձեզ խոստանում եմ,
եթե կանեք հանրահավաք, ձեր պահանջները կներկայացնեք եւ եթե ինչ-որ մեկին կհեռացնեն,
այդ հեռացնողը հետո անպայման հետեւանքներ կունենա, էնքան կհետեւեմ իրեն, մինչեւ իրե՛ն
կհեռացնեն: Ինչպես ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի դեպքում. մի տարի ամբիոնի
հետեւում խոսեցի՝ մինչեւ հեռացրին»: Երեկ ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի ուսանողներին
եւս որոշ մարդիկ (ըստ ուսանողների՝ նրանք անվտանգության աշխատակիցներ են եղել) չէին
թողնում գալ կենտրոնական մասնաշենք. շատերին պարզապես ապատեղեկացնում էին՝ ասելով,
թե իբր հավաքը հետաձգվել է: Կազմակերպիչները որոշեցին երկուշաբթի նիստ հրավիրել,
գծել հետագա 2 օրերի պլանը, ավելի մանրակրկիտ վերլուծել խնդիրները: Մանուկ Գասպարյանն
էլ որոշակի խորհուրդներ տվեց ուսանողներին եւ խոստացավ մնալ իրենց կողքին, անել ամեն
ինչ, որպեսզի «քաղաքականությունը չմտնի ինստիտուտներից ներս: Այսինքն՝ հիմնական իշխող
կուսակցություններից «Օրինաց երկիրն» ու «Հանրապետականը» իրենց ձեռքն են վերցնում
համակարգը: Դասախոսական կազմն էլ պետք է պարի քաղաքական կառույցների դուդուկի տակ:
Հետո իշխանությունը, կուսակցությունները փոխվելու են, բուհերի կազմն էլ հետն է փոխվելու:
Կործանեցին նախադպրոցական հիմնարկները, դպրոցները, հիմա էլ կկործանեն բուհերը»: Հ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել