Նրանք
օգտվեցին խոսքի ազատության իրավունքից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»
հ/կ-ն «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության հետ իրականացրեց Հայաստանում
ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի այլ ձեւերի դեմ կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրության
վավերացմանն ուղղված քարոզարշավ: Երեկ այցելեցինք ԱՆ «Վարդաշեն» եւ «Էրեբունի» քրեակատարողական
հիմնարկներ: Դատապարտյալների շրջանում անցկացրած էսսեների մրցանակաբաշխության արդյունքներով
հաղթողներ էին ճանաչվել նաեւ այս հիմնարկի դատապարտյալները, որոնց՝ կազմակերպության
նախագահ Լիլիթ Պետրոսյանը հանձնեց ռադիոընդունիչներ, թեյնիկներ, հեռախոսի քարտեր,
«Առավոտ» օրաթերթը եւ պատվոգրեր: «Պայմաններն այնքան լավ են, որ այստեղ պետք է միմիայն
անմեղ մարդկանց բերել»,- կատակով նկատեց ժյուրիի անդամ, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը:
Վերջինս իր գրքերը նվիրեց «Բեն Լադեն» մականունով Գնել Քարամյանին եւ «Չալավեկ» մականունով
Մարտիրոս Աճեմյանին: Գ. Քարամյանը քրեակատարողական հիմնարկի գրադարանավարն
էր: Այնտեղ բազմաթիվ գրքեր կային. Տոլստոյի, Գոգոլի, Դոստոեւսկու հատորները, «Առավոտ»
եւ «Շողակն» թերթերը: Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ սպորտդահլիճում,
ուր կային թենիսի երկու սեղան, մարզասարքեր: 83 դատապարտյալների համար գործում էր
վստահության հեռախոսը՝ 44-22-73: Դատապարտյալներին հեռախոսազանգերի տրամադրման համար
(ըստ խցերի) փակցված էր գրաֆիկ, իսկ գրաֆիկի կողքին Սեն Սիմոնի հետեւյալ խոսքերն
էին. «Պատվի հասկացությունը բարոյականության ավելի ուժեղ խթան է, քան պատիժների ամեն
մի օրենսգիրք»: Հաղթողների մեջ էր նաեւ «Մարդը եւ օրենքը» հաղորդաշարի նախկին հեղինակ
Ալեքսանդր Գալոյանը, որը չցանկացավ լուսանկարվել: Շնորհակալագրեր եւ ռադիոընդունիչներ
հանձնվեցին Արտյոմ Սարգսյանին, Հայկ Վարդանյանին, Վրեժ Ստեփանյանին, Աշոտ Ավետիսյանին:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը հնարավորություն տվեց, որ իրենց հարազատներին արտահերթ
զանգեն հաղթող դատապարտյալները: Դատապարտյալ Արտյոմ Սարգսյանն այնքան էր հուզվել,
որ կարողացավ միայն ասել. «Մեր հույզերն ենք տալիս թղթին»: Իսկ հրապարակախոս Հրաչյա
Մաթեւոսյանն իր հերթին նկատեց. «Մենք ենք ձեզանից շնորհակալ, որ գրագետ մարդիկ եք»:
Տեղեկացնենք, որ այս հիմնարկում գործում են սոցիալական, իրավական բաժիններ, իսկ հոգեբանը՝
երիտասարդ մի աղջիկ, որ երկու տարի է՝ աշխատում է այստեղ, նշեց, որ դատապարտյալներն
իրենք են ցանկանում իրենց հոգեվիճակը ներկայացնել լիարժեք փոխվստահության մթնոլորտում:
ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ում գործող ռադիոհանգույցի միջոցով դատապարտյալները հրավիրվեցին
դահլիճ, ուր լավագույն մասնակցության համար մրցանակներ հանձնվեցին «Պոետ» մականունով
Մեսրոպ Ներսիսյանին (88-ի առաջին հացադուլավորներից է), Վալերի Դանիելյանին, Վաչագան
Սահակյանին, Սամվել Տոնյանին, Աղասի Անանյանին (վերջինս ասաց, որ Գրողների միության
նախագահ Լեւոն Անանյանը իր հորեղբայրն է): Վերջիններս «Առավոտի» էսսեների արդյունքների
ամփոփման մասին համարը ունեցան, իսկ առանձին դատապարտյալներ շնորհակալություն հայտնեցին
մեր թերթին՝ ազատազրկվածներին էջեր հատկացնելու համար: Անհայտ մի բանաստեղծ մեզ նվիրեց
մի հետաքրքիր բանաստեղծություն. «Լցված է հոգիս այսօր ահավոր, ախր սիրում եմ, շուտ-շուտ
դու արի, այսպես կարոտով ու մտածմունքով սիրտս նեղվում է առանց քեզ այսօր»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ