Ասում
է ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը – Պարոն Խաչատրյան, «Նիգ-Ապարանը» կոնֆերանսում
հայտարարեց, որ ակտիվորեն քարոզելու է սահմանադրական փոփոխությունների «այո»-ն, ինչպե՞ս
է անցնում քարոզարշավը: – Մարդիկ թյուր տեղեկություններ, սահմանափակ տեղեկություններ
ունեն սահմանադրական փոփոխությունների մասին, բայց երբ իրենց նորմալ բացատրում ես՝
միանգամից մի հոծ զանգված դառնում է «այո»-ի կողմնակից: Վերջերս հանդիպեցի Հնաբերդի
ընտրողների հետ, մարդիկ չգիտեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սահմանադրական հանրաքվեն
եւ այն կարծիքին են, որ հենց հանրաքվեն անցավ՝ Մեղրին տալու ենք, տեսնո՞ւմ եք, թե
ինչպիսի բաներ են մտցրել մարդկանց գլուխը: Երբ բացատրում ես, որ հանրաքվեն ընդհանրապես
կապ չունի Մեղրին տալու հետ, որ Մեղրին ոչ ոք չի կարող տալ՝ հասկանում են: Կա նաեւ
այլ բան, մարդկանց թյուր տեղեկություն են տվել, որ եթե նախագահը հանցագործություններ
կատարի, նրան չեն կարող պատժել: Բացատրում ես, որ այդպիսի բան չկա, որ նախագահը պատժվելու
է, եթե պաշտոնավարության ընթացքում կամ դրանից հետո կատարել է քրեական հանցագործություն,
իսկ այն, ինչն այսօր մարդիկ չեն հասկացել, հետեւյալի մասին է՝ եթե ես այսօր խորհրդարանում
որեւէ օրենք ընդունեմ, ինքը վավերացնի եւ հետո պարզվի, որ այդ օրենքն աշխատել է ի
վնաս ժողովրդի, ինքը դրա համար պատասխան չի տալու, իսկ մնացած բոլոր հանցագործությունների
համար ինքը կպատժվի, եթե կատարի: – Ձեր դիտարկմամբ՝ ուրիշ ի՞նչ հարցեր կան,
որ ընտրողները լավ չեն հասկացել: – Մարդկանց հետաքրքրում էր նաեւ համայնքների
իրավունքների բարձրացման հարցը, այսօր փաստորեն համայնքապետերը համարյա մարզպետների
ոտքի տակ են, դրա համար նրանց ոնց ուզեն՝ կթելադրեն: Նոր սահմանադրությամբ դա վերանում
է, Սահմանադրական դատարանը միայն իրավունք կունենա անվստահություն հայտնել համայնքապետին,
բյուջեն իրենք կկազմավորեն, իրենց հողերն իրենք կորոշեն ում վաճառել, այդ գումարը
կգնա իրենց բյուջեն եւ այլն: – Մարդիկ հավատո՞ւմ էին ձեր բացատրություններին:
– Հավատում են, եւ ինձ են հավատում, եւ տրված բացատրություններին, ես իրենց
բաժանեցի գրքույկները, որ կարդան, իմանան, թե ինչ բան է սահմանադրությունը: Երբ բացատրում
ես, որ եթե հիմա մենք նոր սահմանադրությունը չընդունենք, նոր ընտրված նախագահը իր
առաջին նախագահության տարիներին երբեք չի անդրադառնա դրան, դա էլ են հասկանում: Երեկ
ես բացատրեցի, թե 2003-ին նախագահը իր թիմով ինչո՞ւ չէր կպել սահմանադրությունը փոխելուն:
Որովհետեւ ոչ մի նախագահ, լինի ընդդիմադիր, թե դիմադիր, երբեք չի ցանկանա այսօր գործող
սահմանադրությունից դուրս ապրել: Առաջին տարիներին սա իրեն ձեռք կտա, թագավորի պես
կապրի: Գործող սահմանադրությունը ցանկացած նախագահի ձեռք է տալիս, ոչ մեկը չի փոխի,
եթե հիմա մենք չանցկացնենք: Իսկ մենք պիտի անցկացնենք, որովհետեւ չենք ուզում մի
նոր միապետ ունենալ, այսօրվա սահմանադրությունը միապետական է: Ունենք միապետական
սահմանադրություն, որը չի թողնում տնտեսությունը զարգանա, տնտեսության զարգացումը
եւ սահմանադրական նորմերն իրար հետ չեն աշխատում, փոխանցման տուփի անիվի պես, երբ
«շագերը» չեն համապատասխանում՝ տուփը ջարդվելու է: Ցանկացած քանդված երկրի կայուն
վիճակից հետո սկսվում է տնտեսական աճ, որը 20-30 տոկոսից պակաս չի լինում: Մեզ մոտ
13 է, երկու անգամ ավել պիտի լինի, մինիմումը: – Սահմանադրությո՞ւնն է խանգարում:
– Այո, նաեւ սահմանադրությունը, այն իր օրենքներով չի թույլատրում ավելի ազատ
աշխատել: Խանգարում է նաեւ ընդդիմությունը, որն անընդհատ շեղում է նախագահի եւ մյուսների
ուշադրությունը, եւ նրանք չեն կարողանում նորմալ որոշումներով զբաղվել, ստիպված են
լինում սիրաշահել իրենց նախարարներին, որոնց մի մասը արժանի չի նախարար աշխատելու,
եւ սրանց, որովհետեւ ոչ միայն նախագահն անձնասպան չի լինի, տեսնում է, որ էն կողմից
խանգարում են, պիտի էս կողմին սիրաշահի, էս կուսակցություններին, կոալիցիային: Կոալիցիան
էլ ոչ պրոֆեսիոնալներին շարել է «պոստերի»՝ կուսակցական «կասսան» լցնելու համար,
եւ ստացվում է, որ տնտեսական աճի չեղած 15-20 տոկոսը ընդդիմության հոգու մեղքն է,
իրենց պատճառով է, որ դա չկա, թե չէ՝ մենք մինիմում 25-30 տոկոս աճ պետք է ունենայինք:
Համապատասխան կադրեր չենք դնում՝ կոալիցիային ենք սիրաշահում, որպեսզի ընդդիմության
դեմն առնենք, եւ աշխատանք չի ստացվում: – Նույն ընդդիմությունն ասում է, որ
իշխանությունները եղած սահմանադրությունը խախտում են, հիմա էլ ուզում են փոխել: –
Ամեն ինչ կարելի է խախտել ինչ-որ սահմաններում, երբ շատ ավելի ազատ է սահմանադրությունը,
շատ ավելի իրավունքներ է տալիս, երբ ինձ իրավունք է տալիս դիմել ՍԴ, երբ իրավունք
է տալիս միջազգային ատյաններ դիմել, ուրեմն ավելի քիչ կխախտեն օրենքները, հիմա ես
փակված եմ էս կաթսայի մեջ, ում ուզում ես՝ բողոքիր, դրա համար էլ ավելի հեշտությամբ
են խախտում օրենքները: – Կոնկրետ ապարանցիների վրա սահմանադրության փոփոխությունները
ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ: – Ոչ մի, քանի որ մենք բնազդով ենք
շարժվում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ