ԱԳՐԱՐԱՅԻՆ
ՔԱՐՈԶ Երեկ
Երեւանի պետական ագրարային համալսարանում (նախկին գյուղակադեմիա) արդեն երկրորդ անգամ
կազմակերպվեց հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ՝ սահմանադրական
«այո»-ի շրջանակներում: Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հավաստմամբ՝ նմանատիպ հանդիպումները
կազմակերպվում են բուհի նախաձեռնությամբ, եւ դրանք ոչ թե «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզ
են, այլ նպատակ ունեն մեկնաբանել, մատչելի դարձնել Սահմանադրության առանձին դրույթներ:
Այս անգամ հրավիրվել էին Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը եւ Քաղծառայության
խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերջինս հանդես եկավ լուռ քարոզով. նա պարզապես
նստեց բեմում՝ հանդիպման սկզբից մինչեւ վերջ եւ իր անխոս ներկայությամբ «այո»-ի կոչ
արեց ներկաներին: Այդ ընթացքում Արմեն Հարությունյանը ամբիոնից բացատրեց սահմանադրական
փոփոխությունների փիլիսոփայությունը՝ այն նույն տեքստով, ինչ ասել էր մի քանի օր
առաջ՝ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Բուհի պրոֆեսորներն ու դասախոսները
հարցերով դիմելիս (որոնք շատ հաճախ կրկնվում էին) նաեւ ձեռքի հետ փնովում էին «ոչ»
ասող ընդդիմությանը: Նրանցից մեկի կարծիքին, թե ոչ ասողները օրենք են խախտում (չմանրամասնեց,
թե հատկապես որ օրենքը), Ա. Հարությունյանը պատասխանեց, որ դա իրենց իրավունքն է,
եւ հենց բազմակարծությունների վրա է կառուցվում ժողովրդավարությունը: Իսկ բուհի դասախոսները
այնքան են խանդավառված սահմանադրական փոփոխություններով, որ «այո»-ին դասաժամեր են
նվիրում: Այս մասին կարդացեք մեր հաջորդ համարում: Հ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ