Գտիր
տարբերությունը Մինչ հայ քաղաքական միտքը ինտելեկտուալ լուրջ
բարձունքներ է նվաճում, ասենք՝ «հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի
են» կարգի արձանագրումների տեսքով, իրականությունը մեզ նորանոր ապացույցներ է հրամցնում
առ այն, որ մենք ոչ միայն նման ենք ադրբեջանցիներին, այլեւ՝ գուցե միայն նրանց ենք
նման: Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ադրբեջանական
«Զերկալո» օրաթերթի երեկվա համարում տպագրված մի ուշագրավ հրապարակումից եւ առաջարկում
տարբերություններ գտնել հոդվածում նկարագրված «հերոսների» եւ նրանց հայկական համարժեքների
միջեւ: Խորհուրդ ենք տալիս նաեւ շատ չտանջվել. տարբերություններ բացարձակապես չկան:
Համոզվեք ինքներդ: «Մեր նորահարուստների անունները արտասահմանյան պոպուլյար
հանդեսների, ասենք՝ «Ֆորբս»-ի էջերում չեք գտնի, մինչդեռ նրանցից շատերի համար մի
քանի միլիոն դոլարն ընդամենը գրպանի ծախս է: Ընդ որում, հաճախ իմանում ենք, որ այդ
ընդհատակյա միլիոնատերերի մեծ մասը, որքան էլ տարօրինակ է, պետական բարձրաստիճան
պաշտոնյաներ են: Կարելի է միայն երեւակայել, թե որքան է կազմում այդպիսիների իրական
կարողությունը: Իհարկե, ցանկացած պետծառայողի, ով կհամարձակվի ակնարկ իսկ անել այս
կամ այն կոմերցիոն կառույցի՝ այս կամ այն բարձրաստիճան պետպաշտոնյային պատկանելու
մասին, լուրջ տհաճություններ են սպասվում: Միեւնույն ժամանակ՝ բացարձակապես բոլոր
քաղաքացիները հրաշալի տեղեկացված են երկրի չինովնիկ-մուլտիմիլիոնատերերի (իսկ գուցեեւ՝
միլիարդատերերի) մասին: Այդուհանդերձ, նրանցից ոմանց մասին հասարակությանը, ժամանակ
առ ժամանակ, տեղեկացվում է պաշտոնապես: Իհարկե, դա տեղի է ունենում միայն այն դեպքերում,
երբ «դավաճան» պաշտոնյային պատին են դեմ տալիս: Հետաքրքիր է, չէ՞: Մի՞թե տնտզարգացման
կամ առողջապահության նախկին նախարարների գործընկերները չգիտեին նրանց միլիոնների,
ամառանոցների ու մնացյալ ունեցվածքի մասին մինչ այն պահը, քանի դեռ այդ նախարարները
պիտանի էին իրենց: Ծիծաղելի է, ախր ո՞ւմ եք հիմարացնում: Ամենասարսափելին
այն է, որ այս արատավոր համակարգի պատճառով դեգրադացվում է ողջ երկրի տնտեսությունն
ու բարոյալքվում հասարակությունն ինքը: Պաշտոնապես ներկայացվում են տնտեսության մեծ
առաջընթացը հիմնավորող ցուցանիշներ, մինչդեռ բնակչության գերակշիռ մասի աղքատացումն
էլ ավելի է խորանում: Իսկ իրավիճակի մեծագույն զավեշտն այն է, որ իշխանամետ ԶԼՄ-ների
միջոցով ժողովրդին անընդմեջ պատմում են այն մասին, թե ինչքան լավ է ինքը ապրում…»:
Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր եւ նրանց միջեւ տարբերություններ չկան:
Իհարկե, կան: Ասենք՝ ադրբեջանցիներն ո՞ւր էին, երբ հայերը թատրոն եւ ճարտարապետություն
ունեին: Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ