Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՎԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»

Նոյեմբեր 12,2005 00:00

Ծնունդին
ներկա չէին «Հանրապետությունն» ու ՀՀՇ-ն Երեկ կառավարության նիստերի դահլիճում
«ծնվեց» «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարին
հրավիրված էր ամբողջ ընդդիմադիր դաշտը, այդ թվում նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը
եւ ՀՀՇ-ն, սակայն երկուսն էլ ներկա չէին: Հրավիրված չէին միայն իշխանական կոալիցիայի
անդամ կուսակցությունները: Ներկա էր «Արդարություն» դաշինքն ամբողջ կազմով՝ Ստեփան
Դեմիրճյանի գլխավորությամբ: Ներկա էր նույնիսկ նորաստեղծ «Դաշինք» կուսակցության
ղեկավար Սամվել Բաբայանը: Համագումարին ներկա էին նաեւ կուսակցության 442 պատվիրակներ,
ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկներ, «Ոգու փորձություն» հասարակական երկրապահական
կազմակերպության անդամներ, ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը
(Երեւան): Կուսակցության ծրագրային հիմնադրույթները ներկայացնելով՝ Ալբերտ
Բազեյանն ասաց, որ ինքը չի անդրադառնալու վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական
գործընթացներին եւ «Հանրապետություն» կուսակցությունից իրենց դուրս գալու հարցերին,
քանի որ այդ մասին բավարար բացատրություն եւ գնահատականներ արդեն տրվել են: Շեշտվեց.
«Մենք եղել ենք ընդդիմություն, կանք եւ շարունակելու ենք մնալ ընդդիմություն, քանի
դեռ Հայաստանում չի ձեւավորվել ժողովրդի կամքով ընտրված օրինական իշխանություն»:
Կուսակցության ծրագրային հիմնադրույթներում նշված է. «Այսպիսի անորոշության, փոխադարձ
անվստահության եւ հեղափոխական տրամադրությունների հանրագումար հիշեցնող Հայաստանի
ներկա քաղաքական դաշտում դժվար է լինելու արդի չափանիշներին համապատասխանող եւ հստակ
ձեւավորված արժեքային համակարգ ունեցող կուսակցության կայացումը: Սակայն մեկ անգամ
եւ ընդմիշտ անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ «Ազգային վերածնունդի» ձեւավորման
հիմքում դրվելու է ոչ թե ամբոխավարությամբ ժողովրդի վստահության քվեն ակնկալելու
կամ իշխանական լծակների տիրանալու խնդիրը, այլ ազգային պետական շահը, գաղափարական
սկզբունքներն ու արժեքային համակարգը»: Կուսակցության համար հիմնարար արժեքներ հռչակվեցին
սուվերեն անկախ պետությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ազգային մշակույթը,
լեզուն, ավանդույթները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները:
Կուսակցությունը մերժելի համարեց ծայրահեղ ազգայնականությունը եւ ինքնանպատակ կոսմոպոլիտիզմը:
«Ազգային վերածնունդի»-ի ստեղծումը «Արդարություն» դաշինքը ողջունեց ճյուղ
առ ճյուղ: Դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց. «Կուսակցության ստեղծման նախաձեռնողների՝
Ալբերտ Բազեյանի, Վաղարշակ Հարությունյանի, դահլիճում նստած շատ շատերի հետ մենք
ճանապարհ ենք անցել, եւ այսօր ՀԺԿ-ի անունից ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝
շարունակել համագործակցությունը հանուն մեր երկրում օրինական իշխանության, արդարության
հաստատման, հանուն Հայաստանի ապագայի»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ «Ազգային
վերածնունդին» չի կարելի վերաբերվել որպես նորածնի, որը նոր-նոր քայլեր պիտի կատարի
քաղաքական դաշտում. «Մենք գործ ունենք քաղաքական բովով անցած լուրջ եւ կայացած դեմքերի
հետ եւ քաղաքական՝ արդեն միավորի հետ»: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ասաց,
որ իրենք նորաստեղծ կուսակցության հետ կիսում են ոչ միայն այսօր հայտարարված մարտավարությունը
եւ ռազմավարությունը, այլեւ մտահոգությունները եւ ջանքերը Հայաստանի ապագայի նկատմամբ:
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ այս կուսակցությունը իր քաղաքական դեմքերով
վաղուց կայացած է. «Նա կայացած է արցախյան ազատամարտում անուրանալի ներդրված անհատներով,
ովքեր նստած են այս դահլիճում, նա կայացած է նրանով, որ հիմնադիրներից շատերը դիմացել
են ամենադաժան փորձին՝ իշխանության փորձին, մնացել են ազնիվ, հետեւողական, սկզբունքային»:
Ասվեց, որ երկար ճանապարհ ունեն միասին անցնելու, քանի որ կա երկու խնդիր՝ օրինական
իշխանության հաստատումը եւ համակարգային բարեփոխումները. «Տվյալ պարագայում կա երկու
ճանապարհ՝ կամ պետք է պարտադրվի իշխանությանը դա անել, այդ թվում՝ արդար ընտրություններ,
իսկ եթե ոչ, ապա կա միայն մեկ ելք. դա թավշյա հեղափոխությունն է, բայց այստեղ կա
երկու մոտեցում: Նա, ով նախապես հայտարարում է հեղափոխությունը, այն էլ՝ ժամկետը,
սովորաբար հետո բացատրություն է տալիս, թե ինչու չստացվեց, իսկ նա, ով իրականացնում
է, նախօրոք չի հայտարարում, այլ հեղափոխությունից հետո բացատրում է, թե ինչու էր
հեղափոխությունն անխուսափելի»: Խորեն Թռչուն Սարգսյանը (կառավարության վերջին որոշմամբ,
այսուհետ այդպես պետք է գրվեն եւ արտասանվեն մեր հայրանունները.- խմբ.) հայտարարեց.
«Վերջին տասնամյակում այս դահլիճը դարձել է կարծես թե ծննդատուն, եւ ծնվել են տարբեր
կուսակցություններ, տա Աստված՝ այդ կուսակցություններին հաջողություն լինի: Երբ երեխայի
մեկ տարին լրանում է՝ ատամհատիկին դեմը բան են դնում, որ ինչ վերցնի, էն էլ դառնալու
է, բայց սա այն կուսակցությունն է, որ մենք լավ գիտենք, դեմը ինչ էլ դնես՝ վերցնելու
է խաղաղություն, արդարություն, կայունություն՝ Հայաստանի Հանրապետությանը»: Հմայակ
Հովհաննիսյանը հայտարարեց, որ միասնական գործողությունների հիմքը քաղաքական անկեղծությունն
է: Ալբերտ Բազեյանը միաձայն ընտրվեց կուսակցության քաղխորհրդի նախագահ: Ընտրվեց
ինը հոգիանոց քաղաքական խորհուրդ, նույն այն յոթ անձինք, ովքեր միասին դուրս էին
եկել «Հանրապետություն» կուսակցությունից, նաեւ՝ Գյումրիի եւ Էջմիածնի տարածքային
կառույցների ղեկավարները: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել