Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՝ աշխատավարձին

Նոյեմբեր 11,2005 00:00

Ոչ՝ «Հայէլեկտրամեքենայի» տնօրինությանը Եթե
Շենգավիթ համայնքի առաջին ատյանում այլ գործեր չքննվեն, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի
դեմ հարուցված հայցերը բավարար են դատարանը ծանրաբեռնելու համար: Հոկտեմբերի 12-ին
այս դատարանում միաժամանակ լսվեց 25 հայց՝ աշխատավարձի պահանջով: Հայցվորները գործարանի
բանվորներն էին, որոնք, սկսած 2002թ. սեպտեմբերից, չէին ստացել իրենց աշխատավարձը,
նաեւ՝ խեղման գումարները: Ուշադրության արժանի է այն, որ դատարանը բավարարում է բոլոր
այս կարգի հայցապահանջները եւ հիմա ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարողները «հերթ
են կանգնել» վճիռը կատարելու համար: Երեկ աշխատավարձի եւ խեղման գումարի պահանջի
մասին դիմումով դատարան էր ներկայացել 1968թ. այս գործարանում աշխատած Հակոբ Սիմոնյանը:
Ցմահ երկրորդ խմբի հաշմանդամ դարձած Սիմոնյանը 2004թ. հունիսի 1-ից ազատվել է աշխատանքից,
սակայն «Հայէլեկտրամեքենան» պարտք է մնացել 507768 դրամ. «Դիմել եմ ընկերության տնօրինությանը՝
վճարելու աշխատավարձի եւ խեղման գումարը, բայց ընկերությունը պատճառաբանելով, որ
գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, մերժում է իմ պահանջը եւ չի վճարում»: Ընկերության
25-ամյա բանվորներից մեկը իր կատարողական թերթը ցույց տվեց, ըստ որի՝ պատասխանող
«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ից հօգուտ Սերգեյ Ս.-ի բռնագանձվելու է 57.955 դրամ՝ «որպես
չվճարված աշխատավարձի գումար»: «Հետաքրքիր է՝ գործարանի տնօրեններից եւ 9 փոխտնօրեններից
որեւէ մեկը աշխատավարձի հին պարտք ունի՞»՝ հարցնում էր 2003-ից աշխատավարձ չստացած
երեք մանկահասակ երեխաների հայրը: «Հայէլեկտրամեքենա»-ի իրավաբանական բաժնի
պետ Արթուր Լալայանն ասես դատարանի արտահաստիքային աշխատակիցը լինի: 350-ից ավելի
դիմումատուների նա միեւնույն պատասխանն է տալիս. «Ընկերությունը գումարներ չունի:
Բոլորս էլ նույն հալի ենք»: Հետաքրքիրն այն է, որպեսզի հայցվորները հրաժարվեն իրենց
գումարներից՝ ԲԲԸ-ի ղեկավարությունը «հաթաթա» է տալիս, թե դիմել են դատախազություն:
Մի քանի դատեր էլ այս կապակցությամբ հետաձգվել են, կասեցվել: Սակայն դատախազությունը
մինչ պատասխանում է, որ այդ խնդիրը քաղաքացիական իրավահարաբերություն է եւ կարող
եք դիմել ընդհանուր իրավասության դատարաններ, մարդիկ նյարդեր են վատնում: Ո՞վ է հատուցելու
նաեւ նրանց բարոյական վնասը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել