Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱԿԱՆ

Նոյեմբեր 10,2005 00:00

ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊԸ ՉԴԻՄԱՑԱՎ ՀԱՅԵՐԻՆ Իսրայելի Բեեր-Շեւա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային 6-րդ առաջնությունն այսօր կհատի եզրագիծը: Մրցանակային տեղ զբաղեցրած հավաքականները շնորհավորանքներ կընդունեն, իսկ անհաջողության մատնվածները ցավով կհիշեն այն տուրերը, որոնցում ոսկե միավորներ կորցրին: Յոթերորդ տուրում հերթական խոշոր հաղթանակը տոնելով՝ այս անգամ ԱՄՆ-ի նկատմամբ, Չինաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանին գերազանցեց ամբողջ չորս միավորով ու դարձավ անհասանելի՝ փաստորեն ժամկետից երկու տուր առաջ նվաճելով չեմպիոնի կոչումը: Արծաթե մեդալին ամենից ավելի հավակնում են ռուսները: Սակայն նրանց խաղաքարտերը դեռ խառնել կարող են բրոնզե մեդալները գրեթե ապահոված մեր տղաները: Բայց դրա համար անհրաժեշտ է վերջին տուրում խոշոր հաշվով հաղթել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականն զբաղեցնող Կուբային, բայց պայմանով, որ Ռուսաստանն էլ իր հերթին խոշոր պարտություն կրի արդեն իսկ ներկայիս աշխարհի չեմպիոնից: Երեկ նախավերջին՝ ութերորդ տուրում Հայաստանի մրցակիցը առաջատարն էր՝ Չինաստանի տղամարդկանց հավաքականը, որը մինչ այդ միայն հաղթանակների քաղցրությունն էր ճաշակել: Սակայն մեր հրաշալի թիմը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կասեցնելով ահեղ մրցակցի հաղթարշավը՝ Հայաստանի քառյակը ստիպեց չինացիներին այս առաջնությունում առաջին անգամ անձնատուր լինել՝ 2:1: Օրվա հերոսը դարձավ Կարեն Ասրյանը: Նրա հաղթանակը մրցակցի նկատմամբ միակը եղավ, որով էլ ձեռք բերվեց ընդհանուր առավելությունը: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Սմբատ Լպուտյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ուկրաինա-Իսրայել՝ 2,5:1,5, ԱՄՆ-Կուբա՝ 2:2, Ռուսաստան-Չինաստանի կանայք՝ 3:1: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1. Չինաստան (տղամարդիկ)՝ 21,0, 2. Ռուսաստան՝ 18,5, 3. Հայաստան՝ 16,5, 4. Ուկրաինա՝ 15,0, 5. ԱՄՆ՝ 14,0, 6. Իսրայել՝ 13,0, 7. Վրաստան՝ 12,0, 8. Կուբա՝ 11,0, 9. Չինաստան (կանայք)՝ 7.0: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել