Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞Ս»,

Նոյեմբեր 10,2005 00:00

«Ե՞Ս», «ՆՈՈ՞Ւ», ԹԵ՞ «ՔԵՆՍԸԼ» Երիտասարդները հումորով են վերաբերվում սահմանադրությանը Օրերս 117 համարի երթուղային տաքսիում մի խումբ երիտասարդներ քննարկում էին, թե ինչպես են քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին: Նրանցից մեկը հումորով ասաց՝ «ես» եմ ասելու: Մյուսն էլ թե՝ «նոու»-ից ավել չի հասնում»: Երրորդի կարծիքով՝ նոյեմբերի 27-ին ուղղակի մեծ «էռռոռ» (error)՝ սխալ է լինելու: Այնուհետեւ հռհռոցի ալիք բարձրացավ, ինչը վկայում է այն մասին, որ ջահելները սահմանադրական բարեփոխումներին լուրջ չեն վերաբերվում, նույնիսկ այդ թեմայով «ասում, խոսում, ծիծաղում են»: Նույն տպավորությունը ստացա, երբ փորձեցի փոքրիկ հարցում կատարել հենց այդ երթուղայինում: Մեծահասակներն էլ ասացին, որ չեն կարդացել փաստաթուղթը, ուստի չգիտեն, թե ինչին պետք է «այո» կամ «ոչ» ասել: Այս դեպքը հետաքրքրություն առաջացրեց իմանալ՝ երիտասարդներն ի՞նչ չափով են տեղյակ սահմանադրությանը ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներին՝ մասնավորապես: Փողոցում հարցմանը մասնակցած մոտ 5 տասնյակ երիտասարդների կեսը կարծես առաջին անգամ էր լսում այդ մասին: Իսկ քիչ թե շատ տեղեկացվածներն ասացին, որ կողմ են քվեարկելու, առանց մանրամասնելու՝ ինչու: «Նոր նախագծին «այո» եմ ասելու մասնագիտական տեսանկյունից: 27-րդ հոդվածով երաշխավորվում է զանգվածային լրատվամիջոցների ազատությունը, իսկ սա մեծ առաջընթաց է»,- կարծում է ապագա ժուռնալիստ, ԵՊՀ ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Հարցվածներից շատերին զարմանալիորեն գրավել էր երկքաղաքացիության մասին դրույթը, որը բուռն դժգոհություններ է առաջացրել հասարակության լայն շրջանակներում: Իսկ երիտասարդների մի մասին դուր չէր եկել, որ նոր սահմանադրությամբ նախատեսվում է հանրապետության նախագահի մի շարք լիազորություններ փոխանցել Ազգային ժողովին: «Կիսանախագահական համակարգը Հայաստանում չի գործի, քանի որ ԱԺ-ում հավաքված են մարդիկ, ովքեր ոչ թե ժողովրդի, այլ իրենք իրենց կողմից են ընտրված»,- ասաց ԵՊՀ ուսանողուհի Աստղիկ Կարապետյանը, որը, այնուամենայնիվ, «կողմ» է նոր նախագծին: Մինչ ողջ Հայաստանը եռում է երկրի հիմնական օրենքին «այո» կամ «ոչ» ասելու ցանկությունից, երիտասարդներ կան, ովքեր այլ «այո»-ի կամ «ոչ»-ի են սպասում: ԵՊՀ շրջանավարտ Արտակ Մարգարյանին, օրինակ, սահմանադրությունից առավել հետաքրքրում են անձնական խնդիրները. «Ներկայումս սպասում եմ ինձ համար ճակատագրական «այո» կամ «ոչ» պատասխանին: Եթե մինչեւ նոյեմբերի 27-ը սիրածս աղջկանից «այո» ստանամ, սահմանադրությանն էլ «այո» կասեմ»: Իսկ մեր հարցախույզի մեկ այլ հերոսուհի՝ Նարինե Մուրադյանը, դեռ չի կողմնորոշվել սահմանադրության հարցով. «Պապայիս դեռ չեմ հարցրել»: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել