Ղարաբաղ եւ նրա շուրջ Երեկվա օրը հարուստ էր ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի շարք ուշագրավ դիտարկումների մասին ստացված հաղորդումներով: Այսպես. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը The Wall Street Journal ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, թե «մենք մոտ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը»: Ռուպելը, սակայն, վերապահում է արել, թե «Ադրբեջանում կայունության խափանման դեպքում հակամարտության կարգավորումը կհետաձգվի անորոշ ժամանակով, ինչը շատ ցավալի կլինի, հաշվի առնելով այն, թե որքան ենք մենք մոտեցել խնդրի կարգավորմանը»: Խոսելով կարգավորման տնտեսական էֆեկտի մասին՝ Ռուպելը նշել է. «Բաքվի կառավարությունը պատմական հնարավորություն ունի առավելագույն շահույթ ստանալ երկրի նավթային ռեսուրսներից, քանի դեռ նավթի համաշխարհային գները ռեկորդային բարձր են: Շուտով Ադրբեջանը կունենա գերշահույթներ, որոնք կարելի է ուղղել ենթակառույցների բարելավմանը եւ տնտեսության այլընտրանքային հատվածների զարգացմանը: Սակայն տնտեսական առաջընթացը երկարաժամկետ հեռանկարում անհնար է, եթե այն չի ուղեկցվում մանրազնին մտածված քաղաքական բարեփոխումներով, կայունությամբ եւ ընդհանուր անվտանգությամբ»: Մոսկվայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Վերջինս քննադատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը՝ նշելով, թե «ԼՂ անկախությունը չճանաչելը քննադատելի է եւ չի արտացոլում այդ հարցի կապակցությամբ եղած երկրի հասարակայնության տրամադրվածությունը»: Նրա խոսքերով՝ «հռետորությունը», թե ԼՂՀ-ն եւ Աբխազիան հանդիսանում են չճանաչված հանրապետություններ, հնանում է: «Այսօր Ռուսաստանի համար բոլորովին պարտադիր չէ անտարբերություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, թեկուզ այն պատճառով, որ Ռուսաստանը եւ Հայաստանը հաջողությամբ համագործակցում են ՀԱՊԿ կազմում, իսկ Ադրբեջանը ձգտում է ինտեգրվել այլ ռազմական դաշինքների»,- հայ լրագրողներին ասել է Զատուլինը: Ռուս հայտնի քաղաքագետ Գլեբ Պավլովսկին, իր հերթին, ԼՂ խնդրի կապակցությամբ բավական օրիգինալ կանխատեսում է արել: «Լուծմանը մնացել է առնվազն հինգ տարի, քանի որ այդ ընթացքում իրավիճակը Մերձավոր Արեւելքում արմատական փոփոխություններ կկրի, եւ ոչ մի երկիր չի ցանկանա տարածաշրջանում թողնել չկարգավորված լարման օջախ: Մինչ այդ՝ ԼՂ-ն պետք է ունենա միջազգայնորեն ընդունելի իրավական կարգավիճակ»,- մարգարեացել է Պավլովսկին: «Դա դժվար խաղ է լինելու, որի ժամանակ բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանը, ստիպված կլինեն բացելու իրենց խաղաթղթերը»,- հավելել է ռուս քաղաքագետը: Ըստ «Արմինֆոյի» եւ «Մեդիամաքսի»