Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի

Նոյեմբեր 10,2005 00:00

«Մի օր չեն մարսելու» Հ. Հովհաննիսյանը գտնում է, որ ադրբեջանական ընտրությունները եւ հայաստանյան հանրաքվեն կմնան իշխանությունների կոկորդում: «Կրտսեր Ալիեւը ապացուցեց, որ ինքն ավելի կոշտ եւ ոչ ժողովրդավար է, քան իր հանգուցյալ հայրն էր»,- Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ադրբեջանի ներկայիս իրավիճակը պարոն Հովհաննիսյանը համեմատում է Հայաստանի 2003 թվականի իրավիճակի հետ՝ «Պուտինը շնորհավորեց Ալիեւին առանց ԿԸՀ որոշման, ԱՊՀ դիտորդները ողջունեցին, մինչդեռ ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեցին: Նորից աշխարհը բաժանվեց երկու մասի՝ ՌԴ-ն պաշտպանեց ավտորիտար իշխանությանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը կանգնեցին ժողովրդավարության կողմը»: Այս համատեքստում պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ ադրբեջանական ընդդիմությունն «առաջին փայլուն քայլն արեց»՝ հայտարարեց, որ հրաժարվում են մանդատներից: Ավելին, ռադիկալ ընդդիմությանը միացավ նաեւ ավելի պահպանողական ընդդիմությունը: «Մի բան, որը 2003 թվականի ընտրությունների ժամանակ պետք է աներ հայաստանյան ընդդիմությունը»,- ասում է մեր զրուցակիցը: Հ. Հովհաննիսյանը խորը համոզմունք հայտնեց, որ «այնտեղ լուրջ գործընթացներ կզարգանան, ժողովրդավարության համար լուրջ պայքար կգնա»: Իհարկե, արդյունքների մասին մեր զրուցակիցն առայժմ կանխատեսումներ չի անում: Զարգացումների նման սցենար, առանց որեւէ «շեղման», պարոն Հովհաննիսյանը կանխատեսում է Հայաստանում՝ հանրաքվեի գործընթացում: Տեղափոխվելով հայկական դաշտ՝ պարոն Հովհաննիսյանն իշխանությունների ներկայիս գործելաոճը համեմատում է սոցիալիստական դարաշրջանի հետ, երբ իշխանությունը ամեն ինչ իր վերահսկողության տիրույթում էր պահում. «30-ականների նման մարդկանց հավաքում վախեցնում են, դատապարտում են: Հանրաքվեի ողջ ինստիտուտը «պետականացրել» են: Գաղափարների պայքար չի գնում: Հանրաքվեի «այո»-ն դարձրել են պետական ծրագիր, «ոչ»-ը համարվում է պետական դավաճանություն: Ավելին, նախագահից սկսած բոլորը արդեն հայտարարում են, որ՝ չանցավ-չանցավ, հրաժարական չենք տալու: Այդպես կարող էին անել միայն այն դեպքում, երբ հանրաքվեն մնար կոալիցիայի սեփականությունը եւ քաղաքական պայքար գնար դաշտում: Էս մարդիկ ամեն ինչ կատարյալ աբսուրդի են հասցրել»: Բնականաբար, հարց է առաջանում՝ իշխանությունների այս քայլերին արդյոք ադեկվա՞տ են ընդդիմության քայլերը: «21-րդ դարի համար մեր ընդդիմությունը հայտնվել է բավականին նեղ եւ աբսուրդ իրավիճակում: Երբ երկրի նախագահը հայտարարում է, որ ընդդիմությունը փող չունի, չի կարող հեղափոխություն անել… սա արդեն երկրի վերջն է: Իհարկե, ընդդիմությունն ավելի ակտիվ պետք է լիներ, ինչպես օբյեկտիվորեն պահանջում են հասարակությունը եւ մամուլը, բայց այսօրվա իրականության հետ պետք է հաշվի նստել՝ ընդդիմությունը զրկված է որեւէ քարոզչական հնարավորությունից, գործունեության դաշտն այնքան են նեղացրել, որ այլ բան չէր մնում, քան մարզեր այցելելը»: «Առավոտի» դիտարկմանը՝ մի՞թե այդ ամենը հիմնավոր պատճառներ չեն միանգամից փողոց դուրս գալու եւ պայքար սկսելու համար, Հովհ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ ամենը կլինի: Իշխանությունը փորձում է իր բոլոր հարցերը լուծել՝ ընդդիմության ճանապարհը փակելով: Դա շատ վտանգավոր է, հենց իշխանության համար: Մարդիկ, ովքեր պատրաստվում են կեղծիքներ անել, պետք է մի բան հասկանան՝ մի անգամ կարելի է մարսել, երկրորդ անգամ մի կերպ անցկացնել, բայց լինում է մի կտոր, որը կոկորդից ներս չի գնում»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել