«ԱՅՈ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երեկ Եղվարդում քարոզեցին հօգուտ սահմանադրական փոփոխությունների: Լեւոն Մկրտչյանն առաջարկեց հավաքվածներին սահմանադրական փոփոխությունները չդիտարկել իբրեւ իշխանություն-ընդդիմություն խնդիր, ընդգծելով, թե հանրաքվեն արմատապես տարբերվում է բոլոր տեսակի ընտրություններից: Ներկայացվեցին արված փոփոխությունները՝ գնահատելով, թե այս նախագծով մեր երկիրն իշխանության ավտորիտար համակարգից անցնում է առավել ապակենտրոն ու հավասարակշռված իշխանության ճյուղերի: Ուստի, ըստ Լեւոն Մկրտչյանի, հասկանալի չէ ընդդիմության «ոչ»-ը, որը փորձում է ռազմավարական խնդիրը տեղափոխել մարտավարական դաշտ. «Այսինքն՝ եթե «ոչ» ենք ասում այս փոփոխությունների նախագծին, «այո» ենք ասում այսօրվա Սահմանադրությանը: Եվ միաժամանակ առաջիկայում, գոնե տասնամյակի հեռանկարով, այդպիսի հարց այլեւս որեւէ քաղաքական ուժ չի արծարծի՝ սա էլ պետք է հասկանալ»: Նկատենք, որ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հակված չէր բացասական որակումներ տալ գործող Սահմանադրությանը, եւ նշեց, թե այն անցած տարիներին ապահովել է երկրի կայունությունը: Սակայն նաեւ նշեց, թե սահմանադրական փոփոխությունների հակաքարոզիչները դեմ են հանդես գալիս, քանի որ գործող Սահմանադրությունն իրենց բավական լայն հնարավորություններ կընձեռի՝ «իրենց նախագահական հավակնություններն իրականացնելու պարագայում»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հավաքվածներին, որոնց գերակշիռ մասը պաշտոնյաներ եւ ուսուցիչներ էին, կոչ արեց մարդկանց բացատրել, որ եթե իրենք դժգոհ են այսօրվա վիճակից՝ «դրա փոփոխման հիմնական ձեւը հիմնական օրենքի մեջ փոփոխություններն են»: Այսուհանդերձ՝ դահլիճում ներկաներից մեկն ավելի ուշ հարց ուղղեց, թե ի՞նչ կտան այս փոփոխությունները սովորական մարդուն, պետական մարմինների լիազորությունների փոփոխությունները որեւէ անդրադարձ կունենա՞ն մեր կյանքի ու բարեկեցության վրա: Լեւոն Մկրտչյանն ի պատասխան ասաց. «Այսօր այդ նույն մարդիկ արդարություն են որոնում, դիմում դատական իշխանությանը՝ չեն ստանում արդարություն, դիմում են ԱԺ-ին՝ արդյունք չեն ստանում: Պետք է հասկանան, որ չեն ստանում, քանի որ ԱԺ-ն իր լիարժեք իրավունքների մեջ չի՝ չունի վերահսկման շատ գործառույթներ, դատական իշխանությունն անկախ չէ եւ այլն»: Հավաքվածներն առանձնապես չէին դրսեւորում հարցախեղդ անելու ցանկություն: Մեկն անգամ կշտամբեց, թե նման քննարկումները պիտի լինեին մինչեւ նախագիծն ամբողջապես ընդունելը, եւ Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, թե չեն կարող ասել, որ ընդհանրապես չի քննարկվել՝ այս նախագծի 1-ին տարբերակն արդեն իսկ 2003-ին ստացել է շուրջ 600 հազար ձայն: Զովունիի գյուղապետի հարցը հետեւյալն էր. «Ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիքի մեր նոր Սահմանադրության վերաբերյալ»: Հիշեցնենք, որ երբ Վենետիկի հանձնաժողովը խորը հիասթափություն էր հայտնել սահմանադրական փոփոխությունների 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծի կապակցությամբ՝ Լեւոն Մկրտչյանն այդ կառույցին մեղադրել էր քաղաքական խնդիրներ լուծելու մեջ: Իսկ այժմ հանգամանալից փաստարկեց, թե եվրոպական կառույցներն ակումբային են՝ որեւէ մեկին չեն պարտադրում իրենց արժեքները, բայց եթե հավակնում ենք դառնալ իրենց ակումբի լիարժեք անդամ, պիտի ապացուցենք, որ իրոք անկեղծորեն ենք որդեգրել այդ արժեքային համակարգը: Հնչեցին հարցեր հենց այն հոդվածների շուրջ, որոնք ընդդիմությունը համարում է ամենավիճահարույցը: Ասենք, դահլիճում հայտնված մի կոմունիստ հարց ուղղեց սահմանների փոփոխման եւ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ: Քարոզիչները կրկնեցին այն հակափաստարկ-պարզաբանումները, որ իշխանական գործիչները բազմիցս ներկայացրել են այդ դրույթների առնչությամբ: Եվ հանդիպումից հետո այս հարցը տվողը խոստովանեց, թե «ոչ» է քվեարկելու, քանզի չփարատվեց սահմանների փոփոխության առնչությամբ իր վախը: Միջանկյալ նշենք, որ նա թերեւս բացառություն էր, ինչպես նաեւ մեկ այլ մասնակից, որը խոստովանեց, թե չի մասնակցելու քվեարկությանը՝ մնացածները լրագրողներին ասում էին, թե քվեարկելու են «այո»: Ամենաշատ հարցերը վերաբերում էին երկքաղաքացիությանը: Եղվարդցիներին մասնավորապես հետաքրքրում էր, թե արդյոք ընտրական ու սեփականության իրավունք ընձեռվելո՞ւ է երկքաղաքացիներին, կամ՝ արդյոք երկքաղաքացիության իրավունք ընձեռվելո՞ւ է զինծառայության տարիքի երիտասարդներին: Մենք այս թեմայով առավել հանգամանալից զրուցեցինք Լեւոն Մկրտչյանի հետ, մանավանդ որ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը բացահայտել էր, թե «Երկքաղաքացիության մասին» օրենքն արդեն 70-80 տոկոսով պատրաստ է»: Լեւոն Մկրտչյանի հետ հարցազրույցն այդ օրինագծի վերաբերյալ կներկայացնենք առաջիկայում: Իսկ մինչ այդ մեջբերենք, թե երկքաղաքացիության վերաբերյալ հարցադրումներին ինչպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Գագիկ Մելիքյանի կարծիքով, երկքաղաքացիությունը տնտեսական աճի խթանման կարեւորագույն պայմաններից մեկն է, տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները հարկեր կվճարեն նաեւ Հայաստանին եւ այլն, սակայն՝ «ընտրական իրավունքից նրանք չեն օգտվելու՝ միանշանակ է»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը տեղում հակադրվեց, թե կարո՛ղ են ընտրել ու ընտրվել, բայց միայն նրանք, «ովքեր մեզ հետ հավասար կկատարեն պարտականությունները՝ հարկեր կվճարեն, բանակում կծառայեն» եւ այլն: Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ երեկ, ըստ «Ա1+»-ի, խոստովանել է, թե երկքաղաքացիությունն ունի զուտ խորհրդանշական նշանակություն. «Փոփոխությունների նախագծում երկքաղաքացիության արգելքի վերացումը քաղաքական փոխզիջման արդյունք էր: Երկար մտածելուց եւ քննարկելուց հետո կոալիցիան ընդունեց ՀՅԴ-ի առաջարկը: Եթե նույնիսկ օրենքով ամրագրվի, որ երկքաղաքացիներն ունեն ընտրելու կամ ընտրվելու իրավունք, ապա դա չի գործի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ