Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 10,2005 00:00

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ» Հարցազրույց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ – Ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդող քարոզարշավը: – Ընդհանուր առմամբ՝ նորմալ. քաղաքական եւ հասարակական գործիչներն արտահայտում են իրենց տեսակետները: Միայն թե մի տարբերությամբ. «այո»-ի կողմնակիցները փաստարկներ են բերում հօգուտ առաջարկվող նախագծի: Ընդդիմությունը փաստարկներ է բերում ընդդեմ իշխանության: Ինձ թվում է՝ մեր հարգարժան ընդդիմադիրները ինչ-որ բան շփոթում են. սա ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական ընտրարշավ է: Բայց երբ ընդդիմության ներկայացուցիչները գնում են շրջաններ, ես թերթերի ռեպորտաժներից այնպիսի տպավորություն եմ ստանում, որ նրանցից ինչ-որ մեկը պատրաստվում է նոյեմբերի 27-ին երկրի նախագահ դառնալ: Սա նրանց համար «ոչ»-ի քարոզ չէ, այլ պարզապես ինքնափառաբանման եւ իշխանությանը փնովելու եւս մի հնարավորություն: Մինչդեռ սահմանադրական հանրաքվեն այն խնդիրը չէ, որ անհանդուրժողականության ու թշնամանքի եւս մի առիթ տա: Այս բարեփոխումները պետք են ոչ թե այսօրվա իշխանությանը կամ ընդդիմությանը՝ դրանք պետք են մեր հասարակությանը, մեր ժողովրդին: – Բայց համաձայնեք, որ «ոչ»-ի քարոզարշավի ժամանակ ժողովուրդն իր, մեղմ ասած, դժգոհությունն է արտահայտում իշխանությունից: – Եկեք ամբողջ ժողովրդի համար չասենք: Այո՛, նրանք, ովքեր մոտենում են ընդդիմադիրներին նման հավաքների ժամանակ, նրանք դժգոհ են: Դա շատ բնական երեւույթ է: Աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ ամենազարգացած, կան մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց սոցիալական վիճակից: Չեմ հասկանում, թե ինչու Հայաստանը պետք է բացառություն լինի: Պարզապես տոտալիտար երկրներում այդ դժգոհությունն արտահայտվում է խոհանոցներում եւ այլախոհական ընդհատակում, իսկ ժողովրդավարական երկրներում՝ հրապարակներում: – Այսինքն՝ Հայաստանը, ըստ ձեզ, ժողովրդավարական երկիր է: – Համենայնդեպս, տարածաշրջանի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներին ժողովրդավարության առումով չի զիջում: Բայց վերադառնալով ձեր հարցին՝ ասեմ, որ այն սոցիալական բողոքը, որը դուք լսում եք «ոչ»-ի քարոզարշավի ժամանակ, որեւէ կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ: Եթե մարդն ասում է՝ ես սահմանադրությանը «ոչ» եմ ասելու, որովհետեւ վատ եմ ապրում, դա տրամաբանական փաստարկ չէ: Սահմանադրությունը ոչ կերակրում է, ոչ էլ սոված է պահում: Դա իրավական փաստաթուղթ է, եւ ցանկացած քաղաքացի պետք է պատասխանի ընդամենը մեկ հարցի՝ այդ փաստաթուղթը տանո՞ւմ է երկիրը զարգացման ճանապարհով, թե՞ ոչ: Եվ այն ընդդիմադիրները, ովքեր բավականաչափ գրագիտություն եւ ինտելեկտ ունեն, որ խորանան փոփոխությունների տեքստի մեջ, շատ լավ գիտեն, որ այդ հարցի պատասխանը դրական է: Պարզապես չեն ուզում խոստովանել, եւ հարցն էլ նենգափոխում են՝ ձեւակերպելով այսպես. նախագահը լա՞վն, թե՞ վատը: Բայց եթե նախագահն այդքան վատն է, ինչո՞ւ եք պայքարում, որ նրա լիազորությունները չկրճատվեն: Չէ՞ որ փոփոխություններին «ոչ» ասելը հենց դա է նշանակում: – Հետեւաբար, նախագահը հիմա պայքարում է իր լիազորությունները կրճատելու համա՞ր: – Ավելի ճիշտ կլինի ասել, որ նախագահը խորհուրդ է տալիս քաղաքացիներին՝ ընդունել այս նախագիծը, որը, այլ բարեփոխումների շարքում, ենթադրում է նաեւ նախագահական լիազորությունների սահմանափակում: Ի՞նչ կա այստեղ զարմանալու: Այս տարիների ընթացքում դուք չհամոզվեցի՞ք, որ Ռոբերտ Քոչարյանը այն գործիչներից չէ, որ մտահոգվի սեփական լիազորություններով ավելի շատ, քան պետական շահով: Իսկ այդ շահը պահանջում է, որ մենք դառնանք ավելի ժողովրդավարական, ավելի եվրոպական երկիր: Մասնավորապես, որ խորհրդարանը՝ ժողովրդի կողմից ընտրված օրենսդիր մարմինը, ավելի մեծ հնարավորություններ ունենա ազդելու ամենաբարձր, կառավարական մակարդակով ընդունվող որոշումների վրա: Առնվազն 10 տարի շարունակ ընդդիմությունը դա էր պահանջում: Հիմա, երբ կոալիցիան հենց դա է առաջարկում, նախագահն էլ հենց դա է պաշտպանում, հանկարծ պարզվեց, որ դա վատ է: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: – Առիթից օգտվելով՝ ուզում եմ հարցնել ձեր ստեղծած եւ այժմ արդեն՝ «Համերաշխություն» կուսակցության մասին: Ո՞րն է լինելու դրա գաղափարախոսությունը: – Բնականաբար՝ մենք ազատական, ժողովրդավարական գաղափարների կողմնակից ենք: Գաղտնիք չէ, որ կուսակցության կորիզն են կազմել նախկին ԱԻՄ-ականները: Ավելի մանրամասն դրա մասին կխոսենք մեր համագումարի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 22-ին: Բայց առանձին կուզենայի շեշտել հենց «համերաշխություն» բառը: Այսօր առաջ գնալու համար մեզ օդի պես անհրաժեշտ է հասարակական համերաշխությունը: Ի՞նչ է դա նշանակում: Տարբեր քաղաքական հոսանքներ կարող են հակառակ տեսակետներ ունենալ երկրի հեռանկարների վերաբերյալ: Եթե այդպես է, եկեք վիճենք, բայց՝ զուսպ, բարեկիրթ, առանց իրար վիրավորելու եւ պիտակավորելու: Բայց եթե բոլորին ակնհայտ է, որ երկրի համար լավ, դրական բան է արվում՝ եկեք միավորվենք եւ այդ լավ բանն անենք: Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները հենց այդպիսի բան են: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել