Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր հումորի որակն ընկել է

Նոյեմբեր 10,2005 00:00

«Project
N» խումբը փորձում է այն բարձրացնել Կային ժամանակներ, երբ
ամբողջ ԽՍՀՄ-ով թնդում էին հայկական ռադիոյի անեկդոտները: Այսօր բարձրարվեստ հումոր
միանշանակ չկա եւ այդ ժանրի ոչ մի արտիստ չի կարող դահլիճ լցնել: Ասվածի վկայությունն
է հումորային մենահամերգների բացակայությունը, բացառությամբ նմանակող Սամվել Բաղդասարյանի
եւ Աշոտ Ղազարյանի: Վերջինս էլ իր մենահամերգները համեմում է ավելի շատ երգերով ու
երգիչների մասնակցությամբ, քան հումորային համարներով: «Project N» խումբը
առաջին քայլերն է անում հայաստանյան շոու-բիզնեսում: Խմբի արտիստներ Զոհրապ Հայրապետյանը,
Ալեքսանդր Գրիգորյանը, Արմեն Մկրտչյանը 1999թ. հայաստանյան Ուրախների եւ հնարամիտների
«Բրավո» թիմից էին, որը 2001թ. արժանացավ առաջին մրցանակի: Իսկ 2003-ին նրանք ստեղծեցին
«Project N»-ը: Եռյակը հանդես է գալիս միաժամանակ երեք ճյուղում՝ փոփ, ֆոլկ եւ հումոր:
Կարճ ասած՝ խումբը հայկական ժողովրդական եւ էստրադային սիրված երգերի տեքստերը փոխելով՝
ներկայացնում է իր հումորային ծրագիրը: «Առավոտի» հետ հանդիպման սկզբում մեր
կեսկատակ-կեսլուրջ հարցին, այն է՝ իբր մեր օրերում քիչ են աղավաղվում սիրված երգերը,
հիմա էլ դո՞ւք եք բռնել այդ ուղին, արտիստները, չցանկանալով «քցել» իրենց կոլեգա
երգիչներին՝ շատ լուրջ պատասխանեցին, որ իրենք հայկական արվեստը չեն աղավաղում: Ավելին,
իրենց դեպքում «աղավաղումը» պահանջում է հումորի ժանրը: «Դուք պետք է ներկա լինեիք
Սյունիքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերում օրերս անցկացված մեր հյուրախաղերին, որը
կրում էր «Յոթ օր, յոթ գիշեր» խորագիրը: Ժողովուրդը սիրով էր դիմավորում մեզ, լիաթոք
ուրախանում: Անգամ Քաջարանի մշակույթի տան ղեկավարները, դեռ համերգը չվերջացրած,
բազմիցս զգուշացնում էին, թե ավարտեք, շուտ արեք, մշակույթի պալատը հիմա կքանդեն»,-
փորձեցին հակառակն ապացուցել արտիստները: Կարելի՞ է եզրակացնել, որ մարզերի բնակիչներն
ավելի պատրաստված հանդիսատես են, քան երեւանաբնակները, արտիստների միաբերան պատասխանով՝
«Այո: Մարզերում հանդիսատեսը իր «պադերժկայով» օգնում է մեզ, ինչը չենք կարող ասել
մայրաքաղաքի հանդիսատեսի մասին: Ձեր հնչեցրած դիտարկումը, թե մենք բարձրարվեստ հումոր
չունենք, շատ անգամ գալիս է հանդիսատեսից: Նրանք հումորի ժանրում աշխատող արտիստի
գործընկերները պիտի դառնան»: Այս ժանրում աշխատող ո՞ր հայ հեղինակի հետ են համագործակցում
երիտասարդ արտիստները (բայց կա՞ն այդպիսիք). մեր զրուցակիցները հայտնեցին, որ իրենց
խորհրդատուն Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է.
«Հայերս այնքան սրամիտ ենք, որ յուրաքանչյուր քայլափոխի, էլ չասենք տարբեր տոնախմբությունների
ժամանակ, սեղանների շուրջն ինքնըստինքյան ստեղծվում են ինտրիգներ, եթե դրանք մշակես,
խնդրեմ՝ հումորը պատրաստ է: Մենք սնվում ենք ժողովրդից»: Առաջին անգամ Հայաստանում
այս ժանրում աշխատող դերասանները որոշել են ստեղծել կայք՝ www.projectn.am, որը պատրաստ
կլինի մինչեւ Նոր տարի: Իսկ մինչ այդ՝ նրանք պատրաստվում են հյուրընկալվել Հայաստանի
մյուս մարզերում՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, նկարահանվել տեսահոլովակներում
ու թողարկել CD: Զրույցի ավարտին արված մեր դիտարկմանը, թե Հայաստանում հումորը
շատ անգամ հասնում է գռեհկության, երիտասարդ արտիստները համաձայն էին եւ խոստացան
իրենց ծրագրերում դա հասցնել նվազագույնի: Ինչ վերաբերում է խմբի երեւանյան մենահամերգին՝
այն կկայանա միայն 2006-ի գարնանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել