Երիտասարդները
հումորով են վերաբերվում սահմանադրությանը Օրերս 117 համարի
երթուղային տաքսիում մի խումբ երիտասարդներ քննարկում էին, թե ինչպես են քվեարկելու
սահմանադրական բարեփոխումներին: Նրանցից մեկը հումորով ասաց՝ «ես» եմ ասելու: Մյուսն
էլ թե՝ «նոու»-ից ավել չի հասնում»: Երրորդի կարծիքով՝ նոյեմբերի 27-ին ուղղակի մեծ
«էռռոռ» (error)՝ սխալ է լինելու: Այնուհետեւ հռհռոցի ալիք բարձրացավ, ինչը
վկայում է այն մասին, որ ջահելները սահմանադրական բարեփոխումներին լուրջ չեն վերաբերվում,
նույնիսկ այդ թեմայով «ասում, խոսում, ծիծաղում են»: Նույն տպավորությունը ստացա,
երբ փորձեցի փոքրիկ հարցում կատարել հենց այդ երթուղայինում: Մեծահասակներն էլ ասացին,
որ չեն կարդացել փաստաթուղթը, ուստի չգիտեն, թե ինչին պետք է «այո» կամ «ոչ» ասել:
Այս դեպքը հետաքրքրություն առաջացրեց իմանալ՝ երիտասարդներն ի՞նչ չափով են
տեղյակ սահմանադրությանը ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներին՝ մասնավորապես:
Փողոցում հարցմանը մասնակցած մոտ 5 տասնյակ երիտասարդների կեսը կարծես առաջին անգամ
էր լսում այդ մասին: Իսկ քիչ թե շատ տեղեկացվածներն ասացին, որ կողմ են քվեարկելու,
առանց մանրամասնելու՝ ինչու: «Նոր նախագծին «այո» եմ ասելու մասնագիտական
տեսանկյունից: 27-րդ հոդվածով երաշխավորվում է զանգվածային լրատվամիջոցների ազատությունը,
իսկ սա մեծ առաջընթաց է»,- կարծում է ապագա ժուռնալիստ, ԵՊՀ ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյանը:
Հարցվածներից շատերին զարմանալիորեն գրավել էր երկքաղաքացիության մասին դրույթը,
որը բուռն դժգոհություններ է առաջացրել հասարակության լայն շրջանակներում: Իսկ երիտասարդների
մի մասին դուր չէր եկել, որ նոր սահմանադրությամբ նախատեսվում է հանրապետության նախագահի
մի շարք լիազորություններ փոխանցել Ազգային ժողովին: «Կիսանախագահական համակարգը
Հայաստանում չի գործի, քանի որ ԱԺ-ում հավաքված են մարդիկ, ովքեր ոչ թե ժողովրդի,
այլ իրենք իրենց կողմից են ընտրված»,- ասաց ԵՊՀ ուսանողուհի Աստղիկ Կարապետյանը,
որը, այնուամենայնիվ, «կողմ» է նոր նախագծին: Մինչ ողջ Հայաստանը եռում է
երկրի հիմնական օրենքին «այո» կամ «ոչ» ասելու ցանկությունից, երիտասարդներ կան,
ովքեր այլ «այո»-ի կամ «ոչ»-ի են սպասում: ԵՊՀ շրջանավարտ Արտակ Մարգարյանին,
օրինակ, սահմանադրությունից առավել հետաքրքրում են անձնական խնդիրները. «Ներկայումս
սպասում եմ ինձ համար ճակատագրական «այո» կամ «ոչ» պատասխանին: Եթե մինչեւ նոյեմբերի
27-ը սիրածս աղջկանից «այո» ստանամ, սահմանադրությանն էլ «այո» կասեմ»: Իսկ
մեր հարցախույզի մեկ այլ հերոսուհի՝ Նարինե Մուրադյանը, դեռ չի կողմնորոշվել սահմանադրության
հարցով. «Պապայիս դեռ չեմ հարցրել»: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ