Լրահոս
Օրվա լրահոսը

Միտինգներով ոչ մեկի չես զարմացնի

Նոյեմբեր 10,2005 00:00

Փաստում է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ
Ալիզադեն Երեքշաբթի «Ռադիոլուրի» թղթակցի հետ զրույցում «Ենի
նեսիլ» մամուլի ակումբի նախագահ եւ «Գյուն» թերթի գլխավոր խմբագիր Արիֆ Ալիեւը ասաց.
«Ադրբեջանում, անկասկած, ընդդիմությունն ավելի ուժեղ չէ, քան իշխանությունը։ Խոսքը
ոչ այնքան ընդդիմության ուժեղ լինելու, որքան հասարակության մեջ հակակառավարական
տրամադրությունների մասին է։ Կա բնակչության բավականաչափ մեծ զանգված, որին չի կարելի
համարել ընդդիմության կողմնակից, պարզապես նրանք հոգնել են իշխանությունների ներքին
քաղաքականությունից եւ պատրաստ են ձայն տալ ում հարմար է, բայց ոչ իշխանությանը»:
Ա. Ալիեւի դիտարկմամբ, Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները
չի կարելի համարել Ադրբեջանի ժողովրդավարացման ճանապարհին կատարված քայլ առաջ: «Իսկ
ընդդիմությունը տարակուսում, քննարկում ու սպառնում է իշխանափոխությամբ, իսկ իշխանությունները
բավականին վստահ են, ինչպես ճնճղուկին կերած կատուն՝ կարծելով, որ իր իշխանությանը
ոչինչ չի սպառնում»,- Ադրբեջանում տիրող իրավիճակը ներկայացնելով՝ «Առավոտին» իր
տպավորությունը փոխանցեց «Ճգնաժամային իրավիճակների կովկասյան հետազոտական կենտրոնի»
տնօրեն Զարդուշտ Ալիզադեն: Այդուհանդերձ, ադրբեջանական ընդդիմությունը սկսել
է բողոքի հանրահավաքները: Հնարավո՞ր են նոր զարգացումներ: «Հետո՞ ինչ: Քի՞չ հանրահավաքներ
ենք տեսել անցած 17 տարիների ընթացքում, սկսած այն օրվանից, երբ դուք՝ հայերդ, Ադրբեջանում
ժողովրդական շարժում սկսեցիք: Մենք հազարավոր նման հանրահավաքներ տեսանք: Դրանցով
մեր իշխանություններին չես զարմացնի»: Ադրբեջանում ընդդիմությունը չի պատրաստվում
համակերպվել ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ եւ պահանջում է ընտրությունները
չեղյալ համարել՝ սպառնալով, որ կհրաժարվի նախնական արդյունքներով իր ստացած մի քանի
մանդատներից: «Կհրաժարվեն՝ Աստված իրենց հետ: Խորհրդարանն էլ կլինի առանց ընդդիմության,
ինչպես որ կար: Ընդդիմության ստացած մանդատներն այս ընտրությունների արդյունքում
այնքան չնչին են, որ նրանց՝ մանդատներից հրաժարվելը, ըստ էության, մեծ բան չի փոխելու»,-
նկատեց Զ. Ալիզադեն: Անդրադառնալով Ադրբեջանի ԿԸՀ պատրաստակամությանը՝ չեղյալ
համարել 125 ընտրատարածքներից 10-ում ընտրությունների նախնական արդյունքները, ադրբեջանցի
քաղաքագետը համոզմունք հայտնեց, թե՝ «առանձին ընտրատարածքներում ընտրությունները
չեղյալ կհամարվեն, իսկ ավելի ճշգրիտ՝ վերահաշվարկ կլինի, ինչի արդյունքում «հանկարծ»
կպարզվի, որ մեկ-երկու ընտրատարածքներում հաղթել են ընդդիմադիր թեկնածուները: Սրանք
ամենառեալ զարգացումներն են, որ կարող են լինել, եւ վերջ»: Այսինքն՝ ընդդիմության
թափը բավարարելու է եւս մոտ տասը մանդատ ստանալո՞ւն: «Չէ, տասը մանդատ չէ: Կարծում
եմ, ընդդիմությունը շատ է «տաքացել» իր հաշվարկներում: Իրենց կտան առնվազն եւս 2-3
մանդատ»,- քմծիծաղ տվեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է ընտրություններին տարբեր
երկրների տված ու երբեմն միմյանցից տարբերվող գնահատականներին, ապա Զ. Ալիզադեի համոզմամբ,
դա բնական է: «Տարբեր երկրներ տարբեր շահագրգռություններ ունեն Ադրբեջանում: Եթե
ԱՄՆ-ը շահագրգիռ է ադրբեջանական նավթով ու աշխարհաքաղաքական հարցերով, ապա Ռուսաստանը
շահագրգիռ է տարածաշրջանում իր քաղաքականության համար տնտեսական կայունությամբ, իսկ
Եվրոպան՝ տարածաշրջանում ժողովրդավարության հաստատմամբ: Այդ է պատճառը, որ ընտրություններին
տրված գնահատականները տարբեր են: Ամեն ինչ նորմալ է»,- հեգնեց նա: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել