Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուկուռուզի» տեսքը չի պահպանվելու

Նոյեմբեր 10,2005 00:00

Լուրերը, որ Երիտասարդական պալատն ամբողջությամբ
քանդելու են, հաստատվում են Երիտասարդական պալատի սեփականատեր
«Ավանգարդ մոթորս» ընկերությունը խոստացել էր, որ շենքի արտաքինը կառուցապատումից
հետո պահպանվելու է եւ միայն ներսի հարդարանքն է փոխվելու: Բայց արդեն քիչ-քիչ պարզվում
է, որ այն ամբողջովին պետք է քանդվի եւ փոխարենը կառուցվի եվրոպական չափանիշներին
համապատասխան հյուրանոց: Ավելին՝ երեկ շենքի մոտակայքում բուռն շինարարական աշխատանքներ
էին իրականացվում, արդեն քանդել են վերին հարկերը ու սկսել ապամոնտաժումը: Պտտվող
լուրերը հասել են նաեւ Երիտասարդական պալատի նախագծի հեղինակներից մեկին՝ Հրաչյա
Պողոսյանին, որը նաեւ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամ է: Նա «Արմինֆոյին»
ասել է, որ այժմ, իսկապես, նման լուրեր շրջանառվում են: Գործակալության թղթակցին
չի հաջողվել քաղաքապետարանից նախագծի մանրամասները պարզել եւ ճշտել ստացած լուրերը,
քանի որ ողջ օրը քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն անտեսել է նրա հարցումը,
իսկ քարտուղարուհին 10-20 րոպեն մեկ պատասխանել է՝ «զանգահարեք ավելի ուշ»: «Առավոտին»
նույնպես չհաջողվեց խոսել պարոն Դանիելյանի հետ՝ վերջինիս անընդհատ զբաղված լինելու
կամ տեղում չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ Երիտասարդական պալատի համալիրը
սեփականաշնորհվել էր դեռեւս անցյալ տարի, եւ առքուվաճառքի մանրամասները մինչ օրս
էլ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման եւ Երեւանի քաղաքապետարանի
քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչությունները գաղտնի են պահում: Հ. Պողոսյանի
կարծիքով՝ «Ավանգարդ մոթորսի» նախագծի հատակագիծը քննարկման չի ներկայացվել. «Այդ
հատակագիծը պետք է ներկայացվեր մինչեւ հին շենքի քանդելը, սակայն այն նույնիսկ ապամոնտաժման
աշխատանքների սկսումից հետո չի ներկայացվել Խորհրդին»: Պալատի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը
ժամանակին «Առավոտին» վստահեցրել էր, որ «բացառվում է՝ դրա ճարտարապետական տեսքը
երբեւէ չի աղավաղվի, որովհետեւ այն Երեւանի այցեքարտն է»: Ինչ վերաբերում է մյուս
համահեղինակներին, պարոն Հակոբյանի ներկայացմամբ՝ իբրեւ Ա. Թարխանյանի իրավահաջորդ՝
նրա դուստր Անահիտը եւ երկու այլ համահեղինակներ մտադիր են դատի տալ կառուցապատողին՝
հեղինակային իրավունքները ոտնահարելու համար, քանի որ նախագիծը հաստատելիս անհրաժեշտ
էր հաշվի առնել Երիտասարդական պալատի նախագծի հեղինակների կարծիքը: Բացի այդ,
Հ. Պողոսյանի խորին համոզմամբ, լուրերն այն մասին, թե պալատը սեյսմակայուն չէր, սխալ
են, քանի որ 1990-ականների սկզբին անցկացվել է համապատասխան փորձաքննություն, որի
պատասխանը դրական էր շենքի հետագա շահագործման համար: Հ. Պողոսյանը գտնում է, որ
քաղաքապետարանը բարոյական իրավունք չուներ առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու
հաստատել Երիտասարդական պալատի ապամոնտաժման նախագիծը, քանի որ այն հանդիսանում է
մայրաքաղաքի բնակչության մշակութային սեփականությունը: Լ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել