Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԸ ՓՈՂԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԻ

Նոյեմբեր 10,2005 00:00

Հայաստանում
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար «Գլոբալ» հիմնադրամի տրամադրած 4 մլն դոլարը ծախսելու
է ոչ թե կանխարգելման հանրապետական կենտրոնը, այլ «Վորլդ Վիժն» կազմակերպությունը:
Նախորդ տարի տրամադրված 3.2 մլն դոլարը նույնպես տնօրինվել
է այս կազմակերպության կողմից, եւ կենտրոնն այստեղ, կոպիտ ասած՝ միայն «Վորլդ Վիժնի»
գնումներն իրացնողի դեր ունի: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս պետք է ծախսվի 4 մլն-ը,
ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն
Սամվել Գրիգորյանը պատասխանել էր, որ «հիվանդության կանխարգելման ազգային ծրագրի
ներդրման պատասխանատուն «Վորլդ Վիժնն» է»: Բայց սա չի նշանակում, որ կենտրոնը համաձայն
չէ այդ ծրագրին, որովհետեւ ծրագիրը մշակողների ցուցակում է: Այդ իսկ պատճառով պարոն
Գրիգորյանի կարծիքով «Գլոբալ» հիմնադրամի քաղաքականությունն ուղղված է բուժման 100
տոկոս մատչելիությանը: Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, կազմակերպության աշխատանքին
հետեւելու, ինչպես նաեւ ծրագրի համակարգումն իրականացնելու համար գոյություն ունի
հատուկ հանձնաժողով, որին անդամակցում են 13 կառավարական, 5 միջազգային, 9 տեղական
հ/կ-ներ, ՄԱԿ-ի 4 գործակալությունների ներկայացուցիչներ ու հիվանդներ: Ուստի, ինչպես
վստահեցրեց պարոն Գրիգորյանը, եթե անգամ «Վորլդ Վիժնը» շատ ուզենա, չի կարող դրամաշնորհները
կամայական ծախսել: Նախորդ տարիներին իրականացված ծրագրից, ինչպես նաեւ «Վորլդ
Վիժնի» տարեկան զեկույցից կարելի էր ենթադրել, որ գումարները հիմնականում ծախսվում
են ոչ թե կանխարգելման, այլ հիվանդների բուժօգնության ու հոգեբանական խնդիրների լուծման
համար, որովհետեւ, բացի այդտեսակ ծախսերից, միայն նշված էին տեղեկատվական նյութերի
տպագրումն ու պահպանակների բաժանումը: Սակայն կենտրոնի տնօրենի հավաստիացմամբ՝ վերջին
տարվա ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման վրա ծախսվել է ծրագրի միջոցների
ընդամենը 5 տոկոսը, իսկ այն, որ տարեցտարի հիվանդների թիվն ավելանում է, ըստ պարոն
Գրիգորյանի՝ խոսում է դեպքերի հայտնաբերման հաջողության մասին, ինչը պայմանավորված
է ՀՀ տարածքում լաբորատոր նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ. 2005-ի սեպտեմբերի 30-ի
դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հետազոտվելու է ներկայացել
3 անգամ ավելի մարդ: Պահպանակների առնչությամբ «Առավոտի» դիտարկմանը, թե դրանցից
ավելի շատ օգտվում են լրագրողներն ու օպերատորները, որովհետեւ ասուլիսների ու նման
միջոցառումների ժամանակ է միայն բաժանվում, կենտրոնի լրատվականի ներկայացուցիչն այնքան
էլ համաձայն չէր. «Եթե ուզում եք իմանալ, հենց լրագրողները դրանցից չեն օգտվում,
ամաչում են վերցնել, օպերատորներն էլ՝ հազվադեպ, մնացածը բաժանում ենք միջոցառման
հյուրերին»: Բացի այդ, նրա պատմելով՝ «միջոցառումներից մեկի ժամանակ սկուտեղի վրա
դրված պահպանակները մի քանի անգամ թարմացվեցին, արկղերով տարել էինք, անընդհատ լցնում
էինք»: Մի ուշագրավ փաստ. կանխարգելման ազգային ծրագրով նախատեսված էր դպրոցներում
ՁԻԱՀ-ի տարածման ձեւերի ու վտանգների մասին դասընթացներ կազմակերպել: Երբ հանրապետական
կենտրոնից ու «Վորլդ Վիժն» կազմակերպությունից հետաքրքրվեցինք, թե քանի՞ դպրոցներում
են անցկացվել այդ դասընթացները, մեզ բոլորովին տարբեր թվեր ներկայացրին: Ըստ կենտրոնի
տվյալների՝ այդ ուսուցման ծրագիրը ներդրված է 200 դպրոցում, որի շրջանակներում 2100
երիտասարդ է վերապատրաստվել՝ հասակակիցներին ճիշտ կրթելու համար: Ավելին՝ 414 դպրոցների
ուսումնական ծրագրերում ընդգրկված է հիվանդության կանխարգելման մասին ուսուցումը,
որոնցից 384-ում դասավանդվում է «Կյանքի հմտություններ» առարկան: Սակայն «Վորլդ Վիժնի»
տեղեկացմամբ՝ նման դասընթացներ անցկացվել են հանրապետության միայն 100 դպրոցում,
որի ցանկը պատրաստ են ներկայացնել: Նկատենք, որ շատ դպրոցներում ուսուցիչները,
երեխաների անհարկի հրճվանքից ու ռեպլիկներից խուսափելու համար, նույնիսկ անատոմիա
առարկայի «Մարդ» բաժինն են շրջանցում, ուստի արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ
արձագանքներ են ունեցել սեռավարակների տարածման մասին դասընթացները: Այս առնչությամբ,
կենտրոնի տեղեկատվությամբ՝ իսկապես նման խնդիր կա, ինչը եւս մեկ անգամ ապացուցում
է, որ անհրաժեշտ է ուսուցիչներին վերապատրաստել, կրթել՝ նման թեմաներ դասավանդելու
համար: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել