Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղ եւ նրա շուրջ

Նոյեմբեր 10,2005 00:00

Ղարաբաղ
եւ նրա շուրջ Երեկվա օրը հարուստ էր ղարաբաղյան հակամարտությանը
վերաբերող մի շարք ուշագրավ դիտարկումների մասին ստացված հաղորդումներով: Այսպես.
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը The Wall Street
Journal ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, թե «մենք մոտ ենք Լեռնային Ղարաբաղի
խնդրի լուծմանը»: Ռուպելը, սակայն, վերապահում է արել, թե «Ադրբեջանում կայունության
խափանման դեպքում հակամարտության կարգավորումը կհետաձգվի անորոշ ժամանակով, ինչը
շատ ցավալի կլինի, հաշվի առնելով այն, թե որքան ենք մենք մոտեցել խնդրի կարգավորմանը»:
Խոսելով կարգավորման տնտեսական էֆեկտի մասին՝ Ռուպելը նշել է. «Բաքվի կառավարությունը
պատմական հնարավորություն ունի առավելագույն շահույթ ստանալ երկրի նավթային ռեսուրսներից,
քանի դեռ նավթի համաշխարհային գները ռեկորդային բարձր են: Շուտով Ադրբեջանը կունենա
գերշահույթներ, որոնք կարելի է ուղղել ենթակառույցների բարելավմանը եւ տնտեսության
այլընտրանքային հատվածների զարգացմանը: Սակայն տնտեսական առաջընթացը երկարաժամկետ
հեռանկարում անհնար է, եթե այն չի ուղեկցվում մանրազնին մտածված քաղաքական բարեփոխումներով,
կայունությամբ եւ ընդհանուր անվտանգությամբ»: Մոսկվայում հայ լրագրողների
հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել
նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Վերջինս քննադատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը՝ նշելով, թե «ԼՂ անկախությունը
չճանաչելը քննադատելի է եւ չի արտացոլում այդ հարցի կապակցությամբ եղած երկրի հասարակայնության
տրամադրվածությունը»: Նրա խոսքերով՝ «հռետորությունը», թե ԼՂՀ-ն եւ Աբխազիան հանդիսանում
են չճանաչված հանրապետություններ, հնանում է: «Այսօր Ռուսաստանի համար բոլորովին
պարտադիր չէ անտարբերություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, թեկուզ
այն պատճառով, որ Ռուսաստանը եւ Հայաստանը հաջողությամբ համագործակցում են ՀԱՊԿ կազմում,
իսկ Ադրբեջանը ձգտում է ինտեգրվել այլ ռազմական դաշինքների»,- հայ լրագրողներին ասել
է Զատուլինը: Ռուս հայտնի քաղաքագետ Գլեբ Պավլովսկին, իր հերթին, ԼՂ խնդրի
կապակցությամբ բավական օրիգինալ կանխատեսում է արել: «Լուծմանը մնացել է առնվազն
հինգ տարի, քանի որ այդ ընթացքում իրավիճակը Մերձավոր Արեւելքում արմատական փոփոխություններ
կկրի, եւ ոչ մի երկիր չի ցանկանա տարածաշրջանում թողնել չկարգավորված լարման օջախ:
Մինչ այդ՝ ԼՂ-ն պետք է ունենա միջազգայնորեն ընդունելի իրավական կարգավիճակ»,- մարգարեացել
է Պավլովսկին: «Դա դժվար խաղ է լինելու, որի ժամանակ բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանը,
ստիպված կլինեն բացելու իրենց խաղաթղթերը»,- հավելել է ռուս քաղաքագետը: Ըստ
«Արմինֆոյի» եւ «Մեդիամաքսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել