Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի օր չեն մարսելու»

Նոյեմբեր 10,2005 00:00

Հ. Հովհաննիսյանը գտնում է, որ ադրբեջանական
ընտրությունները եւ հայաստանյան հանրաքվեն կմնան իշխանությունների կոկորդում: «Կրտսեր
Ալիեւը ապացուցեց, որ ինքն ավելի կոշտ եւ ոչ ժողովրդավար է, քան իր հանգուցյալ հայրն
էր»,- Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով երեկ «Առավոտի»
հետ զրույցում կարծիք հայտնեց Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես
Հովհաննիսյանը: Ադրբեջանի ներկայիս իրավիճակը պարոն Հովհաննիսյանը համեմատում է Հայաստանի
2003 թվականի իրավիճակի հետ՝ «Պուտինը շնորհավորեց Ալիեւին առանց ԿԸՀ որոշման, ԱՊՀ
դիտորդները ողջունեցին, մինչդեռ ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն տրամագծորեն հակառակ
կարծիք հայտնեցին: Նորից աշխարհը բաժանվեց երկու մասի՝ ՌԴ-ն պաշտպանեց ավտորիտար
իշխանությանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը կանգնեցին ժողովրդավարության կողմը»: Այս համատեքստում
պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ ադրբեջանական ընդդիմությունն «առաջին փայլուն քայլն
արեց»՝ հայտարարեց, որ հրաժարվում են մանդատներից: Ավելին, ռադիկալ ընդդիմությանը
միացավ նաեւ ավելի պահպանողական ընդդիմությունը: «Մի բան, որը 2003 թվականի ընտրությունների
ժամանակ պետք է աներ հայաստանյան ընդդիմությունը»,- ասում է մեր զրուցակիցը: Հ. Հովհաննիսյանը
խորը համոզմունք հայտնեց, որ «այնտեղ լուրջ գործընթացներ կզարգանան, ժողովրդավարության
համար լուրջ պայքար կգնա»: Իհարկե, արդյունքների մասին մեր զրուցակիցն առայժմ կանխատեսումներ
չի անում: Զարգացումների նման սցենար, առանց որեւէ «շեղման», պարոն Հովհաննիսյանը
կանխատեսում է Հայաստանում՝ հանրաքվեի գործընթացում: Տեղափոխվելով հայկական դաշտ՝
պարոն Հովհաննիսյանն իշխանությունների ներկայիս գործելաոճը համեմատում է սոցիալիստական
դարաշրջանի հետ, երբ իշխանությունը ամեն ինչ իր վերահսկողության տիրույթում էր պահում.
«30-ականների նման մարդկանց հավաքում վախեցնում են, դատապարտում են: Հանրաքվեի ողջ
ինստիտուտը «պետականացրել» են: Գաղափարների պայքար չի գնում: Հանրաքվեի «այո»-ն դարձրել
են պետական ծրագիր, «ոչ»-ը համարվում է պետական դավաճանություն: Ավելին, նախագահից
սկսած բոլորը արդեն հայտարարում են, որ՝ չանցավ-չանցավ, հրաժարական չենք տալու: Այդպես
կարող էին անել միայն այն դեպքում, երբ հանրաքվեն մնար կոալիցիայի սեփականությունը
եւ քաղաքական պայքար գնար դաշտում: Էս մարդիկ ամեն ինչ կատարյալ աբսուրդի են հասցրել»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ իշխանությունների այս քայլերին արդյոք ադեկվա՞տ
են ընդդիմության քայլերը: «21-րդ դարի համար մեր ընդդիմությունը հայտնվել է բավականին
նեղ եւ աբսուրդ իրավիճակում: Երբ երկրի նախագահը հայտարարում է, որ ընդդիմությունը
փող չունի, չի կարող հեղափոխություն անել… սա արդեն երկրի վերջն է: Իհարկե, ընդդիմությունն
ավելի ակտիվ պետք է լիներ, ինչպես օբյեկտիվորեն պահանջում են հասարակությունը եւ
մամուլը, բայց այսօրվա իրականության հետ պետք է հաշվի նստել՝ ընդդիմությունը զրկված
է որեւէ քարոզչական հնարավորությունից, գործունեության դաշտն այնքան են նեղացրել,
որ այլ բան չէր մնում, քան մարզեր այցելելը»: «Առավոտի» դիտարկմանը՝ մի՞թե այդ ամենը
հիմնավոր պատճառներ չեն միանգամից փողոց դուրս գալու եւ պայքար սկսելու համար, Հովհ.
Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ ամենը կլինի: Իշխանությունը փորձում է իր բոլոր հարցերը
լուծել՝ ընդդիմության ճանապարհը փակելով: Դա շատ վտանգավոր է, հենց իշխանության համար:
Մարդիկ, ովքեր պատրաստվում են կեղծիքներ անել, պետք է մի բան հասկանան՝ մի անգամ
կարելի է մարսել, երկրորդ անգամ մի կերպ անցկացնել, բայց լինում է մի կտոր, որը կոկորդից
ներս չի գնում»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել