Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՄ

Նոյեմբեր 09,2005 00:00

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ Երեկ «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադաշտում մեկնարկեցին ուսանողական հանրապետական ավանդական յոթերորդ մարզական խաղերը, որոնց բացի Հայաստանի բուհերից, մասնակցում է նաեւ Լեռնային Ղարաբաղի համալսարանը՝ ընդհանուր առմամբ 14 բուհ: Ուսանող մարզիկներին ողջունեց կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: Նա մաղթեց ազնիվ մրցապայքար, մարզական լավ ցուցանիշներ: Սակայն ավելի կարեւորեց մասնակցությունը, մասսայական սպորտի մեջ ներգրավված լինելը՝ ընդգծելով, որ ոչ բոլորն են չեմպիոն դառնում, սակայն առողջ ապրելակերպը, գեղեցիկ տեսք ունենալը ցանկալի է: Ծրագրում առանձնահատուկ պատրաստվածություն չպահանջող, այսինքն՝ մատչելիության սկզբունքով ընդգրկված յոթ մարզաձեւերում կազմակերպիչներն ակնկալում են առնվազն 1500-ից մինչեւ 2000 ուսանող-մարզիկների մասնակցություն: ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, ուսանողական հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ այս միջոցառման հիմնական նպատակը ուսանող երիտասարդության շրջանում ֆիզկուլտուրայի մասսայական աշխատանքները բարելավելն է, եւ իրենք չունեն մարզական բարձր արդյունքների ակնկալիք: «Կարեւորը ուսումնական հաստատություններում ֆիզկուլտուրայի եւ մասսայական միջոցառումների գործընթացի ակտիվացումն է, մի բան, որ այսօր արդեն նկատելի է,- ասաց նա:- Կարծում եմ՝ բուհական ներքին եւ հանրապետական առաջնությունների կազմակերպումն այսուհետ ավելի արդյունավետ կլինի: Այս խաղերի յուրահատկությունն այն է, որ մենք դրանց մեջ ընդգրկում ենք ուսումնական ողջ տարին, որպեսզի ուսանողությունը մշտապես մնա սպորտի ազդեցության ներքո: Այսինքն՝ մեկնարկելով այսօր՝ խաղերը եզրագիծը հատելու են եկող տարվա գարնանը: Ավելին, դեկտեմբերի կեսերին կտանք նաեւ քոլեջների ավանդական հինգերորդ խաղերի մեկնարկը, որ նույնպես շարունակվելու է մինչեւ գարուն: Եվ եթե բուհերի ռեկտորների, կրթության եւ գիտության նախարարության, սպորտպետկոմի աջակցությամբ կարողանանք ակտիվացնել ուսանողության շրջանում ֆիզկուլտուրայի մասսայական աշխատանքները, առաջիկա տարիներին արդեն կարելի է ոչ միայն մարզաձեւերի քանակն ու մասնակցության աստիճանն ավելացնել, այլեւ սպասել մարզական բարձր ցուցանիշների»: – Ինչո՞ւ լողը մտցված չէ ծրագրի մեջ: – Լողը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող ոլորտ է՝ երիտասարդության շրջանում դրա ուսուցումը կազմակերպելու առումով: Բայց հաշվի առնելով, որ այսօր ոչ բոլոր բուհերն են պատրաստ մասնակցել այդ մարզաձեւի մրցումներին, ինչպես նաեւ այն, որ պետության ծրագրերում լողավազանների վերակառուցման լուրջ աշխատանքներ են նախատեսված, առաջիկա 2-3 տարիներին կմտածենք նաեւ լողը նույնպես մտցնել խաղերի ծրագրի մեջ: – Ոչ պետական բուհերը մասնակցո՞ւմ են այս խաղերին: – Դրանցում, կարծես, սերն ավելի շատ է մինի ֆուտբոլի, շախմատի հանդեպ: Հույս ունեմ, որ նրանք հենց այդ ձեւերին կմասնակցեն: Կանոնակարգով նախատեսել ենք հետեւյալը: Եթե անգամ այս կամ այն բուհը չի մասնակցում, այնտեղի ուսանողը կարող է դիմել որպես անհատ մասնակից եւ հանդես գալ խաղերում: Իսկ եթե տվյալ ուսանողի ընտրած մարզաձեւը թիմային է, նա կընդգրկվի որեւէ այլ թիմ: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930