Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՈՒՄ

Նոյեմբեր 09,2005 00:00

«ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ՉԷԻ ՀԱՎԱՏՈՒՄ» Բաց նամակ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին Հարգելի բարեգործ տիկին Բելլա: Դուք ամեն տարի Նոր տարվա կապակցությամբ այցելում եք Նորքի ծերանոց եւ մեծ բավականություն պատճառում ծերերին: Ես այդ ծերանոցի բնակիչներից մեկն եմ: 2003 թ. դեկտեմբերի 17-ին, երբ Դուք այցելեցիք մեզ, մենք շատ էինք ուրախացել: Այդ օրը աղջիկս եկել էր ինձ տեսության եւ ես, օգտվելով առիթից, ցանկացա Ձեզ անակնկալ մատուցել ծերերի կողմից եւ խնդրեցի աղջկաս՝ մի երգ կատարի Ձեզ համար: Երբ Դուք լսեցիք Կոմիտասի «Կռունկը», անկեղծորեն հիացած փայլուն կատարումից՝ ինքներդ մոտեցաք աղջկաս եւ մի քանի հարցեր տալուց հետո տեղեկացաք, որ նա գերազանց ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, բայց աշխատանք չի գտնում: Նույնիսկ նկատեցիք, որ տեղի է ունեցել բացարձակ անարդարություն, ինչի արդյունքում երիտասարդ տաղանդը մնացել է անաշխատանք: Դուք խոստացաք հետաքրքրվել այդ հարցով, տվեցիք Ձեր այցետոմսը եւ գնացիք: Ես ու աղջիկս հուզմունքից լաց էինք լինում, որ վերջապես մեր խնդիրը կլուծվի, որ Աստված օգնության հասավ մեզ: Բայց, ավա՜ղ՝ սխալվեցինք: Ահա երկու տարի է, մենք բազմաթիվ անգամ զանգահարում ենք Ձեր նստավայր, Ձեր տված հեռախոսով, բայց ամեն անգամ ստանում ենք Ձեր քարտուղարուհու՝ Սուսաննայի անորոշ պատասխանները. «տեղում չի», «չգիտեմ», «հետո զանգեք, զբաղված է, ժամանակ չունի» եւ այլն: Մենք որոշեցինք Ձեզ հասնելու այլ ուղիներ փնտրել: Վերջապես կարողացանք Ազգային ժողովի պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի միջոցով Ձեզ նամակ ուղարկել: Չափազանց անկեղծ էր ձեր խոստումը, եւ մենք համոզված էինք, որ քարտուղարուհու անորոշ պատասխաններից Դուք տեղյակ չեք: Բայց այդ նամակն էլ մնաց առանց պատասխան: Նորից շարունակեցինք զանգել ձեր նստավայր: Վերջապես՝ 2005 թ. հոկտեմբերի 28-ին Ձեր քարտուղարուհին վերջնական պատասխան տվեց մեզ. «Տիկին Քոչարյանը չի ուզում լսել ձեզ»: Պատկերացրեք, շուրջ երկու տարի պահանջվեց, որ մենք հասկանայինք, որ Դուք խաբել եք մեզ, եւ ընդամենը ցույց տվեցիք Ձեր ուժը ծերանոցի խեղճ բնակչի եւ նրա՝ անարդարությունից տուժած շնորհալի աղջկա մոտ: Ստացվեց: Մենք հավատացինք Ձեր հնարավորությանն ու խղճին: Եվ ընդամենը: Մոտենում է Նոր տարին: Ես գիտեմ, որ Դուք նորից կգաք ծերանոց, եւ որոշել եմ այդ օրը դուրս գալ ծերանոցից: Ես գերադասում եմ մնալ պատերի տակ, քան տեսնել կեղծ բարերարի դեմքը: Եթե հանրապետության առաջին տիկինն է այդպես ծաղրում, ի՞նչ սպասեմ ես հասարակ մարդկանցից, որոնք ներկա էին մեր հանդիպմանն ու ինձ համոզում էին, որ ամեն ինչ սուտ է, աղջկաս տաղանդը ոչ մեկին պետք չէ: Փաստորեն իրենք ճիշտ էին: Մի բան մնաց ինձ անհասկանալի՝ ինչո՞ւ խաբեցիք: ԳԱԼՅԱ ԱՂԱՍՈՒ ՀԱԿՈԲՅԱՆ Տպագրելով քաղաքացուհու նամակը, խմբագրությունն, այնուամենայնիվ, հակված է ենթադրել, որ տիկին Բելլա Քոչարյանը, որի գործունեության մասին ընդհանուր տպավորությունը դրական է, տեղյակ էլ չէր իր հետ կապվելու ջանքերին: Եվ որ դա գործավարական անփութության հետեւանք է ընդամենը: Համենայնդեպս, հույս ունենք, որ այս հրապարակումից հետո առաջին տիկինը քայլեր կանի իր խոստումը կատարելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել