Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այցելենք

Նոյեմբեր 09,2005 00:00

Այցելենք միասին Ընդդիմադիրների առաջիկա այցերը մարզեր կլինեն միասին «Ոչ իշխանությանը» կարգախոսի կողմնակիցների շարքերը երեկ համալրվեցին: «17+1» ֆորմատին միացան Հայ արիների միաբանությունը եւ եւս մեկ հասարակական կազմակերպություն: Այսպիսով՝ 18 կուսակցություն+8 հասարակական կազմակերպություն եւ Մտավորականների ֆորումը: Երեկ կայացած միավորման հերթական նիստում հստակեցվեց առաջիկա այցելությունների գրաֆիկը: Նախնական պայմանավորվածությամբ` ամսի 11-ին ընդդիմադիրները կայցելեն Եղվարդ եւ Աշտարակ, ամսի 17-ին՝ Ապարան, Սպիտակ, Վանաձոր, 19-ին՝ Արարատ, Արտաշատ, 22-ին՝ Արմավիր, Էջմիածին: Ամսի 25-ին նախատեսվում են լայնածավալ հանդիպումներ կամ, այսպես ասած, եզրափակիչ հանրահավաք Երեւանում: Այս այցելություններն արդեն կլինեն ՀԺԿ-ի հետ համատեղ: Նշենք, որ երեկվա նիստին ՀԺԿ-ն ներկայացնում էր Վիկտոր Դալլաքյանը: «Ինչպե՞ս հարթվեցին ՀԺԿ-ի հետ տարաձայնությունները»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը պատասխանեց. «ՀԺԿ-ն ի սկզբանե այլ բան չէր որոշել, որ հիմա էլ որոշումները փոխեցին: Պարզապես իրենք իրենց գրաֆիկն ունեին, որոշ այցերից հետո փորձեցինք արդեն միասնական այցելություններ կատարել: Կարծում եմ, որ առաջիկա այցերին պետք է հրավիրենք նաեւ Արտաշես Գեղամյանին: Ձեր միջոցով դիմում եմ պարոն Գեղամյանին»: Եվ Սմբատ Այվազյանը, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրաժարվեցին պատասխանել «Արմատ» կենտրոնի եւ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի այն մեղադրանքներին, որ մեր ընդդիմությունն անատամ է: «Շատ վաղուց չեմ տեսել պարոն Աբգարյանին որեւէ տեղում»,- հեգնանքով նկատեց Սմբատ Այվազյանը: Իսկ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն այս առիթով ասաց. «Այսօրվա նիստում արդեն ձեւավորվում է իրավաբանական մարմին` լուրջ մասնագետների մասնակցությամբ, որը զբաղվելու է արդեն իսկ արձանագրված խախտումների ճակատագրով: Սկսված են մի շարք դատական գործընթացներ եւ այլն: Մեղադրել ընդդիմությանն անգործության մեջ… թող բարի լինեն գան, մասնակցեն, լսեն, թե ինչպես է ընդդիմությունը պլանավորում հետագա գործողությունները, անեն իրենց առաջարկները: Դռները բաց են, փակ նիստեր չկան»: Պարոն Մարգարյանն արձանագրում է, որ իշխանությունները սպառել են իրենց ռեսուրսը: Նրա համոզմամբ՝ այդ է պատճառը, որ արդեն սկսված են կոպիտ խախտումները՝ ընդդիմությունը զրկված է հեռուստա եւ ռադիո եթերներից, քարոզչության համար հավասար մեկնարկային պայմաններ չեն ապահովված: Միաժամանակ, մեր զրուցակիցն «այս իշխանության, ռեժիմի» պարագայում նույնիսկ անհեթեթ է համարում արդար գործընթացի մասին խոսելը կամ նման ակնկալիքներ ունենալը: «Տեղական կառույցներից մենք արդեն տեղեկություններ ենք ստանում, որ գյուղապետերը հրավիրվում են մարզպետների մոտ եւ համապատասխան հրահանգներ ստանում: 2003-ին Քոչարյանը 7-9 տոկոս ձայն է հավաքել, հիմա դա էլ չի հավաքելու, այդ են վկայում մեր մարզային հանդիպումները: Ինչքան էլ փորձեն կեղծել, միեւնույն է՝ մարդիկ կգան եւ կձեւավորեն իրենց իշխանությունը»,- ասում է Գ. Մարգարյանը: Միավորման երեկվա նիստում քննարկվել են նաեւ կուսակցությունների կողմից սահմանադրական հանրաքվեին դիտորդների մասնակցության եւ, ընդհանրապես, հանրաքվեի գործընթացը վերահսկելու հարցերը: Այս հարցերի վերաբերյալ որոշումներ դեռ չկան: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել