Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբեր 09,2005 00:00

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՂԱՆ Մինչ «Արդարություն» դաշինքի երեկվա նիստն էին հրապարակվել լուրեր, թե այս անգամ քննարկվելու է Շավարշ Քոչարյանի հարցը ու նաեւ այն, որ «Արդարության» անդամ կուսակցությունները առավել մասնակցում են «18+1»-ի քարոզչությանը, քան խմբակցության ղեկավարի այցերին: «Թող մամուլը, որը որոշել է դա՝ ի՛նքն էլ քննարկի այդ հարցը»,- դաշինքի 2 ժամից ավելին տեւած նիստից հետո լրագրողներին ասաց Շավարշ Քոչարյանը: Մամուլում չէր բացառվել, որ պրն Քոչարյանը կհեռացվի խմբակցությունից եւ հետ կկանչվի ԵԽԽՎ պատվիրակությունից: Պատճառը նշվել էր «Արդարություն» խմբակցության կանոնադրության խախտումը, ըստ որի՝ եթե խմբակցության անդամը դեմ է խմբակցության որոշմանը, նա չպետք է դրա դեմ իրականացնի քարոզչություն եւ պետք է ձեռնպահ մնա այդ հարցի շուրջ հրապարակային ելույթներից: Մինչդեռ Շավարշ Քոչարյանը վերջերս հերքել էր «Արդարության» հիմնական փաստարկներից մեկը, թե նախագահն այս սահմանադրական փոփոխություններով ստանում է անձեռնմխելիություն՝ իր պաշտոնավարության ընթացքում կատարած օրինախախտումների համար: Շավարշ Քոչարյանը երեկ ժխտեց, թե ինքը գործել է կանոնադրությանը հակառակ. «Հակառակն այն կլիներ, եթե ես քարոզեի «այո», բայց ես «այո» չեմ քարոզում»: Արշակ Սադոյանը նիստից հետո հայտնեց լրագրողներին, թե Շավարշ Քոչարյանի հարցը մանրամասնորեն չքննարկվեց՝ վերապահում անելով, որ իրեն շա՜տ ժամանակ պետք կլիներ այդ խնդրին անդրադառնալու համար: Վերջինս այս մասին տեղեկանալով՝ հակահարված տվեց, թե նաեւ «որոշվել է, որ նախկինում Արշակ Սադոյանի դաշինքին դեմ գործելն էլ մենք չենք դատապարտում»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որն էլ դաշինքի նիստում արծարծել էր այս խնդիրը՝ պարզաբանեց. «Շավարշ Քոչարյանի հարց գոյություն չունի»: Հայտնեց, թե որեւէ մեկը չի առաջարկել պրն Քոչարյանին դուրս գալ խմբակցությունից, այլ միայն «հորդորել են, որ պահպանի խմբակցության կանոնակարգը: Եթե «Արդարությունը» որոշել է ասել «ոչ», ապա խմբակցության անդամը չպետք է հակաքարոզչություն կատարի այդ «ոչ»-ին»: Քիչ անց պրն Դալլաքյանը նաեւ նշեց. «Եթե կան կուսակցություններ կամ անհատներ, որոնք համաձայն չեն դաշինքի դիրքորոշմանը, ապա կա շատ քաղաքակիրթ ճանապարհ՝ դուրս գալ դաշինքից կամ խմբակցությունից: Քանի որ «Արդարությունն» իրավունք չունի այդ պատգամավորին կամ կուսակցությանը հեռացնել դաշինքից կամ կուսակցությունից»: Սա ասվեց Ստեփան Դեմիրճյանի այն դիտարկման կապակցությամբ, թե «Արդարության» անդամ կուսակցությունները նախ պիտի իրականացնեն դաշինքային գործունեություն: Սակայն պրն Դալլաքյանի ակնարկն ակնհայտորեն վերաբերում էր նաեւ Շավարշ Քոչարյանին: Այն խնդրի առնչությամբ, որ թեեւ «Արդարությունը» ստեղծել է «ոչ»-ի իր քարոզչական խորհուրդը, սակայն դաշինքի կուսակցությունները՝ մի քանի պատգամավորների բացառությամբ, աշխատում են «18+1» միավորման համակարգող խորհրդի հետ, Արշակ Սադոյանը հայտնեց, թե այստեղ կան ոչ թե հակադրման, այլ համաձայնեցման խնդիրներ: Վիկտոր Դալլաքյանը երեկ նախապես հայտնեց, թե «18+1»-ին առաջարկելու է համադրել հանդիպումները. «Բայց ես որեւէ ողբերգություն կամ խնդիր չեմ տեսնում, եթե չհամատեղվեն, քանի որ ե՛ւ «18+1»-ը, ե՛ւ «Արդարություն» դաշինքը, ե՛ւ «Ազգային միաբանությունը» սկզբունքորեն ասում են «ոչ» իշխանությանը, եւ այս հարցում չունեն որեւէ տարաձայնություն: Մնացածը մարտավարական խնդիրներ են: Շատ տրամաբանական եմ համարում, որ տեղեկատվական նման շրջափակման պայմաններում պիտի ավելի շատ հանդիպումներ ունենան բնակչության հետ»: Այսուհանդերձ, պայմանավորվեցին նոյեմբերի 17-ի եւ 19-ի հանդիպումները «18+1»-ի հետ համատեղ անելու շուրջ: «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, թե «18+1»-ի քաղաքական խորհրդում լինելո՞ւ է ՀԺԿ ներկայացուցիչը, պրն Դալլաքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին չի լինի: Քանի որ չկա դրա անհրաժեշտությունը»: «Հայլուրի» թղթակցի դիտարկմանը, թե ի տարբերություն «Հանրապետության»՝ ՀԺԿ նախագահն իր հանդիպումների ընթացքում կոչ չի անում նոյեմբերի 27-ին գալ Երեւան եւ չի խոստանում իրականացնել հեղափոխություն՝ Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Միանգամայն իրավացի եք: Դաշինքի մեջ մտնող կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր դիրքորոշումը հանրաքվեի հետ կապված: Եվ տվյալ պարագայում՝ «Հանրապետությունն» իր այդ դիրքորոշումը չի քննարկել դաշինքում: Եվ «Արդարությունը» չունի նման որոշում»: Միջկուսակցական խնդիրներից առավել կարեւոր մի հարց է երեկ քննարկվել դաշինքի նիստում: Ընդդիմությանը մտահոգում է միջազգային դիտորդական առաքելությունների պասիվությունը: Որոշել են դիմել ԱԺ նախագահին, որ նա հրավիրի ԵԱՀԿ-ին՝ դիտարկելու հանրաքվեն, «քանի որ քարոզարշավի ընթացքը՝ մասնավորապես հեռուստաեթերն ընդդիմության առջեւ փակելը, ցույց է տալիս, որ արդեն իսկ կան լուրջ խախտումներ: Եվ եթե իշխանություններն իրոք շահագրգռված են, որ հանրաքվեն անցնի ազատ ու արդար՝ պարտավոր էին միջազգային դիտորդներ հրավիրել, որը նրանք չեն արել: Եվ սա արդեն ապացուցում է, թե միտում կա կեղծելու հանրաքվեի արդյունքները»,- ասաց «Արդարության» քարտուղարը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել