Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՐԶԱՊԵՍ ԵՐԳՈՒՄ ԵՆ, ԵՎ ՎԵՐՋ»

Նոյեմբեր 09,2005 00:00

«Այո» են քարոզում նաեւ նոմենկլատուրային
աստղերը Տարերային հզոր աղետներից՝ սովից, պատերազմից կամ ՍՊԻԴ-ից
աշխարհը կամ նրա որեւէ մասը փրկելու համար համաշխարհային մեծության երգիչները երբեմն
հավաքվում են եւ խմբով կատարում որեւէ երգ: Այդպիսի երգ էր գրել, ասենք, 88-ի երկրաշարժից
անմիջապես հետո Շարլ Ազնավուրը: Այլ է Հայաստանում, ուր մեր հայ աստղերի խմբակային
երգերից դատելով՝ կարելի է կարծել, որ առնվազն ամիսը մեկ մեր երկրում կա՛մ տարերային
աղետ է, կա՛մ մասշտաբով համանման երեւույթ եւ առանց րոպե կորցնելու ազգը համախմբելու,
զինվորներին ոտքի հանելու, շուրջպար կազմակերպելու, ծնելիությունը բարձրացնելու եւ
նման անհետաձգելի խնդիրներն իրագործելու համար պարզապես անհրաժեշտ է մեր հայ երգիչների
միեւնույն խմբի միավորումն ու մեկական նախադասությամբ բոլորիս հոգիներում վաղուց
մեռած հայրենասիրության բոցը վառելը: Դատելով, թե ինչպիսի ագրեսիվությամբ է արվում
սահմանադրական բարեփոխումների «այո»-ի նմանատիպ քարոզը, դժվար չէ կռահել, որ մեր
երկրի համար հանրաքվեի «ոչ»- ը համազոր է, ասենք, Թաիլանդի ցունամիին: Եվ որպեսզի
նման բան տեղի չունենա, իրենց լուման այս գործում որոշել են ներդնել նաեւ հայ երգի
աստղերը: Հետաքրքիր է, որ քաղաքական այս կամ այն իրադարձությունից առաջ, իսկ
ավելի ստույգ՝ հատկապես նախագահական ընտրություններից առաջ, երգիչների մի անփոփոխ
կազմ անմիջապես լծվում է նախագահի կամ հայրենի լեռուլանջի պատկերներով տեսահոլովակում
գոնե մի երկու բառ երգելու գործին: Այդ խմբում միշտ իրենց անփոփոխ դերն ունեն Սիրուշոն,
որը հոնքերի տակից պարտադիր ինչ-որ խորհրդավոր հայացքներ է նետում, Զարուհի Բաբայանը,
որը վստահ է, որ առանց ժպիտի տեսահոլովակը ոչ մի կերպ չի կայանա, Ալլա Լեւոնյանը՝
իր արտաբերած անգամ մեկ բառին ժողովրդական երգի երանգ տալով, Վարդուհի Վարդանյանը՝
իր ձայնի անգերազանցելիության վստահ գիտակցումով: Մնացյալ երգիչները նույնքան հայտնի
են: Աստղերի նույն այս խումբը օրերս նկարահանվել էր երգահան Էդգար Գյանջումյանի
սիրված «Երկիր իմ նաիրյան» երգի նոր տեսահոլովակում, ուր իրադարձությունները զարգանում
են սահմանադրական «այո»-ի ֆոնին: Բնականաբար, «այո» քարոզող երգիչները ծանոթ չեն
Սահմանադրության բովանդակությանն՝ ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներին՝ մասնավորապես:
Դա վկայեց նաեւ Ալլա Լեւոնյանը, երբ խնդրեցինք նշել, թե բարեփոխումների հատկապես
ո՛ր կետն է իրեն դրդել հանդես գալ վերոնշյալ տեսահոլովակում. «Կարծում եմ՝ հազվագյուտ
մարդիկ կան, որոնք քաղաքական գործիչ չլինելով՝ ծանոթ են բարեփոխումների բովանդակությանը:
Ես ինքս անձամբ ծանոթ չեմ եւ չեմ հավատա, որ մեր երգիչները եւս ծանոթ են Սահմանադրության
յուրաքանչյուր կետին»: «Իսկ չե՞ք կարծում, որ ծանոթ չլինելով մի բանի, այն քարոզելն
այնքան էլ գրագետ չէ»: «Ճիշտ եք ասում, սակայն «բարեփոխում» բառն արդե՛ն նշանակում
է, որ այն ուղղված է ինչ-որ բան բարեփոխելուն: Ես երգում եմ, անում եմ իմ գործը:
Եթե ինձ ասեին, որ այդ տեսահոլովակը ինչ-որ քաղաքական գործչի դեմ է, ես չէի անի:
Եթե ընդդիմությունն էլ ինձ առաջարկի գնալ մարզեր եւ երգել, ես կգնամ: Իսկ քաղաքական
թոհուբոհին մասնակցելու իրավունք չունեմ, քանի որ դրանից բան չեմ հասկանում: Դա՛
չէ իմ գործը»: Նման խմբերգերում երգելու փորձ ունի նաեւ Շուշան Պետրոսյանը, որը մեր
հարցին ի պատասխան՝ պարզապես առաջարկեց գաղափարական մե՜ծ դիրքորոշումներ չփնտրել
նման երգերում. «Պարզապես մարդիկ երգում են, եւ վերջ»: «Խմբակային նման երգերից
մենք հաճախ ենք բացակայում, որովհետեւ նկարահանման օրերին կա՛մ քաղաքում չենք լինում,
կա՛մ մեզ պարզապես չեն հրավիրում, կա՛մ էլ մենք ենք հրաժարվում մասնակցել,- Արամոյի
եւ իր անունից ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը:- Այսօր այնպես է ստացվել, որ բոլորը
վազում են ցուցադրվելու, եւ նրանց համար ամենեւին էլ էական չէ՝ ո՞վ է այսինչ երգի
հեղինակը, ինչի մասին է երգը եւ, առհասարակ, ինչ առաքելություն ունի այն: Երգելուց
առաջ ճիշտ կլիներ մտածել՝ ինչի՞ համար է արվում այդ տեսահոլովակը, այն քաղաքականացվա՞ծ
է, թե՞ ոչ»: «Ստացվում է, որ որոշ երգիչներ օգտագործվում են քաղաքական նպատակներո՞վ»:
«Առհասարակ, կյանքի ճշմարտությունն է՝ ավելի հեշտ է նրանց համար, ովքեր քիչ են մտածում
կամ ընդհանրապես չեն մտածում, թե այսինչ երգի մեջ իրենք տեղ ունե՞ն, թե՞ ոչ: Հետո
զարմանում ենք, ասում ենք՝ եթերն անհասկանալի ծագում ունեցող երգիչներով է ողողված:
Եվ նրանք, ովքեր պտտեցնում են այդ երգիչներին, ֆինանսական մեծ միջոցներ դնում նրանց
հոլովակների նկարահանման վրա, լավ կլինի նախեւառաջ մտածեն, թե ինչն են պրոպագանդում
եւ դա ինչ արմատներ ունի: Նրանք իրենց նման հարցերով չեն ծանրաբեռնում, հետեւաբար
այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ ինչ վերաբերում է ինձ եւ Արամոյին, մենք որեւէ
խնդիր չունենք՝ լինել քաղաքական որեւէ դաշտում»: …Իսկ առջեւում մեզ նոր
տեսահոլովակ է սպասում. Կարեն Ծատուրյանի երգը՝ արդեն հայտնի ու մահու չափ ձանձրացրած
թեմայով՝ «Այո՛ սահմանադրական բարեփոխումներին»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել