Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավարություն՝ հայկական ձեւով

Նոյեմբեր 09,2005 00:00

Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի ընտրություններում
ընդամենը 410 ձայնի առավելությամբ հաղթող ճանաչվեց գործող քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը:
Ինչպես ՀՀ մյուս համայնքներում, Արթիկում էլ ընտրացուցակները
խառնաշփոթ վիճակում էին, այստեղ նույնպես «քվեարկեցին» հանգուցյալներն ու անչափահասները:
Շատերն արժանացան մի քանի անգամ քվեարկելու «պատվին»: Համենայնդեպս, նման համոզման
էր ղեկավարի թեկնածու Գարիկ Գրիգորյանի նախընտրական շտաբը: Եվ հաշվի առնելով, որ
հիշյալ խախտումները հնարավոր է ազդել են ընտրությունների արդյունքի վրա, շտաբի պետ
Հայկ Հովհաննիսյանը գրավոր դիմել է Արթիկի ԸԸՀ նախագահ Բագրատունի Ստեփանյանին, խնդրանքով՝
իրենց տրամադրել եւ վերանայել ընտրողների ցուցակները, ամփոփիչ արձանագրություններն
ու լրացուցիչ ցուցակները: Սակայն նախագահից ստացել են միայն բանավոր մերժում. «Ես
չգիտեմ, ոչնչից տեղյակ չեմ»: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ թե ինչո՞վ է հիմնավորում
իր մերժումը, պարոն Ստեփանյանը բավականին զայրացած պատասխանեց. «Հայկ Հովհաննիսյանը
մի տեղամասի վստահված անձ է: Ես էլ նրա դիմումով բացել եմ այդ տեղամասի ցուցակներն
ու վերանայել: Ընտրական օրենսգրքով «շտաբի պետ» հասկացություն չկա, որ նրա խոսքով
բոլոր տեղամասերը բացեմ»: Այս առիթով Հայկ Հովհաննիսյանն ասաց. «Զարմանում եմ, որ
ավանդական ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչն է իրեն այդպես պահում: Այն կուսակցության,
որը բազմիցս առնչվել է անարդար ընտրությունների հետ եւ եղել նման իրավիճակներում»:
Գարիկ Գրիգորյանը դիմել է նաեւ Շիրակի մարզի Արթիկ համայնքի առաջին ատյանի
դատարան՝ տեղամասային ընտրացուցակները, ամփոփիչ արձանագրությունները եւ լրացուցիչ
ցուցակներն իրենց տրամադրելու եւ վերանայելու վերաբերյալ: Օրեր առաջ կայացավ շատ
տարօրինակ դատավարություն. դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի փաստաբանը ներկայացրեց
այն անձանց անունները, ովքեր քվեարկել են կրկնակի կամ եռակի, ինչը, սակայն, չդրդեց
դատավոր Աշոտ Մանուկյանին փաստերը ճշտելու եւ տվյալ անձանց պատժի ենթարկելու քայլերի:
Բնականաբար, նիստի ընթացքում ԸԸՀ նախագահ Բագրատունի Ստեփանյանը եւ անձնագրային բաժանմունքի
պետ Ռուզաննա Բաղդասարյանը դեմ էին հայցվոր կողմի պահանջին: Իսկ ամենահետաքրքրականը
ավարտն էր: Լսելով, որ հայցվորը դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով իր հսկողության տակ
պահել հիշյալ գործի դատավարությունը, դատավոր Աշոտ Մանուկյանը անսպասելիորեն, առանց
մեկնաբանության, հայցվոր կողմի խոսքի ընթացքում, դուրս եկավ դատարանի դահլիճից եւ
շատ արագ վերադարձավ ու կարդաց, ամենայն հավանականությամբ, արդեն պատրաստի վճիռը,
որով մերժվում էր հայցվոր կողմի պահանջը: Արթիկում ետընտրական մթնոլորտը մնում
է լարված: Բնակչության շրջանում արած մեր «մինի հարցումները» վկայում են, որ այս
լարվածությունն ազդելու է առաջիկա հանրաքվեի վրա: «Եթե իշխանությունը չի հարգում
մեզ եւ մեր ձայնը, ինչո՞ւ պիտի նման իշխանության ձեւած սահմանադրությանը ես կողմ
քվեարկեմ»,- պատասխանեց մանկավարժ Ս. Մ.-ն: Ըստ արթիկցիների, այս ընտրությունները
դաշույնի հարված էր ՀՀ նախագահի թիկունքին: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել